ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԳԱԾ ՀՐԱԲՈՒԽԸ ԲԱՑԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավոր կողմ էր քվեարկել ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Սակայն հիմա, երբ Սերժ Սարգսյանը համաժողովրդական պայքարի արդյունքում հրաժարական է տվել, կրկին ընտրություններ պետք է կայանան, եւ «Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանելու է ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, ով, ի դեպ, Ս. Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկած պատգամավորներից մեկն է:

-Պարո՛ն Բոստանջյան, համաժողովրդական շարժման` մինչեւ այս պահը բավական հաջող ընթացքն ինչո՞վ եք պայմանավորում:
-Դա պայմանավորում եմ ժողովրդական լինելու բնույթով: Տեւական, երկար ժամանակ, տասը տարի շարունակ մենք խոսում էինք համակարգի ոչ արդյունավետ գործունեության մասին: Անընդհատ բարձրաձայնել ենք այդ մասին խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս: Եվ փաստորեն տասը տարի շարունակ մենք չէինք տեսնում համակարգային փոփոխություններ, բարեփոխումներ: Դա ոչ միայն մենք էինք ասում, այլ, փաստորեն, ամբողջ հասարակությունը: Եվ դրա ամբողջ հետեւանքը եղավ այն, որ ժողովուրդը միանգամից դուրս եկավ, եւ, ամենակարեւորը, որ երիտասարդ մարդիկ, բացարձակապես նոր սերունդը դուրս եկավ արդեն` իրենց կամքն արտահայտելու, եւ իրենց դեմն առնել արդեն հնարավոր չէր: Եվ սրանով պայմանավորված` այս համաժողովրդական ակցիան հաջողություն ունեցավ:
-Իսկ Նիկոլ Փաշինյան անձով պայմանավորված չէ՞ր, չէ՞ որ հենց նա սկսեց «Իմ քայլը» շարժումը:
-Դե, իհարկե, Նիկոլ Փաշինյանով պայմանավորված էր: Բոլոր դեպքերում հասկանալի է, որ հասարակության մեջ արդեն իսկ դա վերածվել էր ատելության` այս ամենի մասով: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հանդիսացավ այն ուժը, որը հանգած հրաբուխը բացեց:
-Ատելության մասին նշեցիք: Իսկ կոնկրետ պաշտոնյաների նկատմամբ, ըստ Ձեզ, այդ ատելությունն առկա՞ էր:
-Գիտեք ինչ, եթե համակարգն ըստ էության անընդունելի է լինում, եւ շատ խնդիրներ են լինում` աշխատատեղերի բացակայություն, եկամուտների ցածր մակարդակ, գործազրկության բարձր մակարդակ, այս բոլորն արդեն բնական է, որ հենց համակարգից եկող են եւ իրենց արտացոլումը պետք է ստանան նաեւ, այո, մարդկանց վրա, կառավարողների վրա: Այն բոլոր մարդկանց նկատմամբ պետք է լինի ատելությունը, որոնք համապատասխան որոշումներ էին ընդունում:
-Ստեղծված պայմաններում, ըստ Ձեզ, Հանրապետական կուսակցությունն ի՞նչ պետք է անի:
-ՀՀԿ-ն կարող է դառնալ ընդդիմություն, եթե այդպես որոշեն: Ես իրավունք չունեմ խորհուրդ տալու, իհարկե: Բայց այս պարագայում նման տարբերակ կարող է լինել:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ այլ երկրներ որեւէ կերպ սատար չկանգնեցին Սերժ Սարգսյանին, երբ Հայաստանում իր հրաժարականի պահանջը դրվեց:
-Ես դա չեմ կարող ասել: Ինչ էլ որ ասեմ, կլինի դիլետանտի կարծիք այդ հարցում: Ամեն պարագայում որեւէ երկիր չպետք է միջամտի մյուսի գործերին:
-Ներկայում գլխավոր հարցերից մեկը վերաբերում է վարչապետի ընտրությանը: Կարծում եք` ՀՀԿ-ն պե՞տք է իր սեփական թեկնածուին առաջադրի, թե՞ միայն «Իմ քայլը» շարժման անդամներից մեկը պետք է լինի վարչապետի թեկնածու:
-Ես դա չեմ կարող ասել: Չգիտեմ` պե՞տք է առաջադրեն, թե՞ ոչ: Ամեն դեպքում` ինչպես որ իրենք որոշեն:
-Ձեզ համար ո՞վ կարող է լինել վարչապետի ընդունելի թեկնածու, ինչպիսի՞ն պետք է լինի այդ թեկնածուն:
-Դրա մասին երեւի թե հետո խոսենք:
-Եթե ՀՀԿ-ն առաջադրի վարչապետի իր թեկնածուին, Դուք տվյալ անձին կողմ կքվեարկե՞ք, եթե նա ընդունելի լինի Ձեզ համար:
-Գիտեք ինչ, ես ոչինչ չեմ կարող ասել: Այնպիսի հարցեր եք տալիս…
-Եթե Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվի, օրինակ, Կարեն Կարապետյանի, Վահրամ Բաղդասարյանի կամ այլ անձի թեկնածությունը, Դուք ինչպե՞ս կվարվեք:
-Դուք այնպիսի բան եք ասում: Թե ես ինչպես կքվեարկեմ, դա կերեւա այն ժամանակ, երբ կքվեարկեմ:
-Պարո՛ն Բոստանջյան, Դուք զղջո՞ւմ եք, որ վարչապետի նախորդ ընտրության ժամանակ կողմ քվեարկեցիք Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
-Դե, մարդը սխալական է: Համարեք, որ սխալմունք է եղել..:
-Իսկ այս դեպքում Ձեր դիրքորոշումը ո՞րն է: Ձեր խմբակցությունից կարծիք է նշվել, որ սատարելու եք ժողովրդի թեկնածուին:
-Այո, մեր դիրքորոշումն այն է, որ ժողովրդի կողմից ընդունելի թեկնածուի ձայն տրվի:
-Հիմա կարծես թե ժողովրդի համար ընդունելի է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, քանի որ նա առաջնորդեց մարդկանց պայքարի ընթացքում: Դուք կո՞ղմ եք այդ տարբերակին:
-Գիտեք ինչ, մենք կնայենք եւ կտեսնենք` ով է ժողովրդի համար ընդունելի, ցանկալի թեկնածու, եւ դրանով էլ կառաջնորդվենք:
-Այս անգամ Դուք այլեւս չե՞ք սխալվի ընտրության հարցում:
-Ամենայն հավանականությամբ..:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱ՛Մ ԿԸՆՏՐՎԻ ՎԱՐՉԱՊԵՏ, ԿԱ՛Մ ՀՀ-ՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԻ ԼԻՆԻ

Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան տապալված բանակցությունները եւս մեկ անգամ վերսկսելու փորձեր է արվում: Երեկ Հանրապետության հրապարակում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր՝ ժամը 12:00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ» հյուրանոց` հանդիպման, սակայն պայմանով, որ ամբողջ հանդիպումը պետք է ուղիղ եթերով հեռարձակվի: Կառավարության լրատվական ծառայությունից երեկվա դրությամբ չհստակեցրին՝ Կարապետյանը կընդունի՞ առաջարկը, թե՞ ոչ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, ցանկանում է ընդդիմության հետ երկխոսել` նախօրեին առանց նախապայմանների բանակցություններ անցկացնելու կոչեր անելով, ապա հանդիպման առաջարկի ընդունումը սպասելի է:

Միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել մարտավարությունը եւ այսօր ու վաղը Երեւանում ոչինչ չի անելու՝ կոչ անելով հանգստանալ: Դրա փոխարեն նա այսօր՝ Կարապետյանի հետ հնարավոր հանդիպումից հետո, մեկնելու է Գյումրի, որտեղ ծրագրում է մեծ հանրահավաք անել, այնտեղից էլ՝ Վանաձոր: Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքների ընտրությունը պատահական չէ. Փաշինյանը ծրագրել է այնտեղ եւս հուժկու հանրահավաքներ անցկացնել, որպեսզի հանրապետականները չմտածեն, թե միայն Երեւանում է դա հնարավոր:
Փաշինյանը երեկ նաեւ քաղաքական հայտարարություններ հնչեցրեց: Մասնավորապես, նա ժողովրդի առջեւ խոստացավ, որ ոչ մի ստվերային գործարքի չի գնա: «Ես կա՛մ կընտրվեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ում վարչապետ չի լինի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ամբողջ խաղաթուղթը դրել է հենց մայիսի 1-ի վրա, երբ պետք է տեղի ունենա վարչապետի ընտրությունը, սակայն մինչ այդ՝ ապրիլի 28-ին եւ 29-ին, նա հայտարարեց Երեւանում աննախադեպ գործողությունների մեկնարկի մասին: Ընդ որում, Փաշինյանը նաեւ հեռահար ծրագրեր ունի մայիսի 2-ից հետոյի համար, եթե նա չընտրվի վարչապետ: Թե կոնկրետ ի՞նչ հեռահար ծրագրերի մասին է խոսքը, առայժմ չեն մանրամասնում:
Հավելենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մոտ հինգ ժամ գտնվել է Սերժ Սարգսյանի տանը: Նրանք ժամեր շարունակ քննարկել են ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու եւ իշխանությունը փրկելու հարցը: Ընդ որում, այժմ ամենաբարդ խնդիրը Կարապետյանի քաղաքացիության հարցն է. ճիշտ է` ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից Կարապետյանին տվել են վերջին 4 տարում մշտական բնակության մասին տեղեկանք, ըստ որի` նա 1461 օրից 668-ն է եղել դրսում, սակայն այդ ամենը խիստ կասկածելի է. չկա տեղեկանքում նշված փաստերի իսկությունը ստուգելու հնարավորություն: Ու պետք է փաստենք, որ Կարապետյանի գլխին եւս կախված է ոչ լեգիտիմության դամոկլյան սուրը, եթե անգամ նա անցումային այս փուլում հանկարծ դառնա վարչապետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը 2017թ-ին ընթացիկ ծախսերի մասով շուրջ 24.7 միլիարդի կարգի տնտեսում է ունեցել, նաեւ 48 միլիարդի չափով կապիտալ ծախսերի գծով աճ գրանցել: Ըստ Արամյանի` 2017-ին կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ են եղել, իսկ ընթացիկ ծախսերի դեպքում` ավելի պահպանողական: Բայց իրականում միանգամայն հակառակ պատկերն է, որովհետեւ կառավարությունը պետական միջոցները մսխում է` հատկացնելով նորաստեղծ հիմնադրամներին: Խոսքը Հայաստանի զարգացման հիմնադրամի ու ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասին է, որոնք ղեկավարում են վարչապետի ԺՊ Կարեն Կարապետյանի մերձավորները: Այս կառույցները ահռելի բեռ են դարձել ՀՀ պետական բյուջեի վրա` վատնելով միջոցները, բայց հանրությունն այդպես էլ ականատես չի լինում նրանց կատարած աշխատանքի արդյունքներին: Թե ինչ ծախսերի մասին է խոսքը, «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ անդադարձել է: Օրինակ` ընթացիկ տարում Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմը նախատեսել է գնել 1500 դրամանոց սիգարետներ, իսկ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամը` 12 հազար դրամանոց սուրճեր, բնականաբար, բյուջեի միջոցներով: Հետեւություններն արեք ինքներդ:

 

 

ՀԱՄԱՌ Է
ՀՀԿ-ի համառությունն ապշեցնող է: Չնայած նրանք դեռ մնալով պետության ղեկին` փաստացի կորցել են իշխանությունը, սակայն այնպես են իրենց պահում, կարծես ոչինչ էլ չի եղել: Մասնավորապես երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Վերջինս ոչ միայն հանձնարարականներ է տվել, այլ հայտարարել, որ պետք է անցնել բնականոն ռեժիմի: «2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն եւ կատարելագործվեն»,- ասել է նա: Միայն թե, նկատենք, որ այս ամենը հիշեցնում է ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ ստեղծված իրավիճակը. եւ նախկին կոմունիստ, հիմա տարոնանժդեհական գաղափարախոսության կրող ՀՀԿ-ականները՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կա՛մ չեն գիտակցում, կա՛մ էլ չեն ցանկանում գիտակցել, որ պետք է փոխանցեն իշխանությունը:

 

 

ԿԱՇԱՌԵԼ ԷՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ թիվ N զորամասում ծառայության անցնելու համար քաղաքացուց 7000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ գործի շրջանակներում էլ քաղաքացի Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա 2016թ. տեղեկանալով, որ Հ. Սաղաթելյանը պետք է անցնի պարտադիր ժամկետային ծառայության, բայց չի ցանկանում հեռու տեղ ծառայել, իբր այդ հարցում օգնելու համար ապագա զինվորից պահանջել եւ ստացել է 7000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար եւ խաբեությամբ հափշտակել է այն: Հիմա Ներսիսյանը կալանավորված է:




Լրահոս