ԱՆՎԵՐԱԴԱՐՁ, ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆՄԱՆ ԴՈՒ ԱՆՑԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ թեման շարունակում են մնալ առաջիկա վարչապետի ընտրությունն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները: Եվ երեկվանից Սերժ Սարգսյանը լիովին դադարեց մաս կազմել այդ գործընթացներին: Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո ապրիլի 25-26-ի գիշերը Սարգսյանն առաջին անգամ էր հանդիպում իր կուսակից ընկերներից շատերին: Եվ հանդիպման ընթացքում մեկ անգամ եւս հայտարարել է, որ ինքը վերջնականապես հեռանում է՝ չմնալով անգամ կուսակցության ղեկավար:

Խմբակցության անդամների հետ հանդիպումը, որին մասնակցել է նաեւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, տեւել է բավական երկար, ընդ որում՝ մի քանի փուլով: Նախ` լայն ֆորմատով հանդիպում է եղել, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հիմնականում խոսել է իր հրաժարականի պատճառների մասին, բացատրել այն խմբակցության անդամներին, քանի որ դրանից հետո սա առաջին հանդիպումն էր, եւ պատճառները ներկայացնելու առիթ չէր եղել: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը փոխանցեց, թե որպես հիմնական պատճառ Սարգսյանը նշել է երկրի կայունությանը չվնասելը, այլ ոչ թե անձնական շահերը: Չնայած այդ որոշումը խմբակցության անդամները միանշանակ չեն ընդունել, սակայն կուսակցության ղեկավարը շտապել է հանգստացնել նրանց՝ կրկնելով, թե դա այս պահի միակ ճիշտ որոշումն էր:
Հանդիպման այդ նույն ֆորմատում Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ կուսակցության հետագա ճակատագրի մասին՝ ասելով, թե ինքն այլեւս չի ցանկանում նաեւ զբաղեցնել դրա ղեկավարի պաշտոնը, որպեսզի հիմա էլ դա պայքարի առիթ չդառնա եւ պատրաստ է հեռանալ: Միեւնույն ժամանակ, ըստ մեր զրուցակցի, Սարգսյանն ուղիղ կերպով չի ասել, թե ում է տեսնում կուսակցության ղեկավար կամ վարչապետի թեկնածու: Սակայն հայտարարել է, թե ամեն հարցերում խմբակցության անդամները պետք է լսեն, վստահեն եւ կատարեն Կարեն Կարապետյանի ասածները: Այսպես նա անուղղակի ակնարկել է, որ խմբակցությունը հենց նրան պետք է առաջադրի թե՛ վարչապետի, թե՛ կուսակցության ղեկավարի պաշտոններում:
Հանդիպման ընթացքում որեւէ այլ անձի անուն Սարգսյանը չի տվել` ասելով, թե պետք է այլ հարցերն արդեն քննարկեն Կարեն Կարապետյանի հետ: Սակայն Սարգսյանը կարեւորել է, որ հանրապետականներն այս օրերին, նաեւ վարչապետի ընտրության ժամանակ միասնական լինեն, եւ «առնետներ» չլինեն, ովքեր կքվեարկեն այլ թեկնածուի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի օգտին:
Չնայած ՀՀԿ-ի ներսում այնքան էլ միանշանակ չի ընդունվել Կարեն Կարապետյանի հնարավոր թեկնածության հարցը, քանի որ նրան կուսակցության ներսում շատերն ուղղակի լուրջ չեն վերաբերվում, սակայն հանդիպման ժամանակ նրանցից ոչ ոք իր դժգոհությունը Սարգսյանի մոտ չի բարձրաձայնել: Շատերը կարծում են, թե եւ՛ վարչապետի, եւ՛ կուսակցության ղեկավարի պաշտոնում կարելի էր այլ մարդու թեկնածություն առաջադրել, մանավանդ Կարապետյանը որեւէ ընդհանրություններ չունի իրենց հետ: Բացի այդ` Կարապետյանի թեկնածությունը այնքան էլ միարժեք չի ընկալվում ՀՀԿ-ականների շրջանում, քանի որ վարչապետի պաշտոնում նա հասցրել է նեղացնել բազմաթիվ ՀՀԿ-ականների:
Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը նաեւ առանձին փոքր հանդիպումներ է ունեցել անհատապես պատգամավորների հետ, այդ թվում՝ օլիգարխիայի ներկայացուցիչների: Մեզ հայտնի դարձավ, որ Սարգսյանը փորձել է հանգստացնել նրանց՝ ասելով, թե բիզնեսները վտանգված չեն, չպետք է խուճապի մատնվել կամ երկրից փախչել: Սարգսյանն ասել է, թե երաշխիքներ ունի, որ գործարարներին ոչինչ չի սպառնում:
Սարգսյանի գնալուց հետո, սակայն, պատգամավորները քննարկումները շարունակել են արդեն միայն Կարեն Կարապետյանի հետ: Հուզական խոսքերը մի կողմ դնելով` Կարեն Կարապետյանը պատգամավորներին ռեալ իրավիճակն է ներկայացրել ու ամեն ինչ սթափ գնահատելու կոչեր արել: Նա հասկացրել է՝ Նիկոլ Փաշինյանն իսկապես ռեալ շանսեր ունի եւ եթե համախմբված չլինեն, վերջնականապես ամեն ինչ կկորցնեն, ընտրություններից էլ պարտված դուրս կգան: Պատգամավորներին ոգեւորել է Կարապետյանի տրամադրվածությունը, եւ արդյունքում որոշվել է պայքարել իրենց իշխանության համար:
Սակայն վերջնարդյունքում ընդհանուր որոշման չեն հանգել, եւ այսօր խմբակցությունը եւս մեկ անգամ կհավաքվի, կքննարկի եւ վերջնական կորոշեն՝ ում առաջադրեն, կամ, ընդհանրապես, որեւէ մեկին առաջադրե՞ն, թե՞ ոչ: Ի դեպ, այս տարբերակը եւս չի բացառվում, քանի որ հանրապետականների ծրագիրը նաեւ առանց վարչապետ ընտրելու արտահերթ ընտրությունների գնալն է: Իսկ դա կլինի այն դեպքում, եթե երկու անգամ խորհրդարանը չընտրի վարչապետ: Եվ եթե ՀՀԿ-ն չառաջադրի իր թեկնածուին, քվեարկության էլ չմասնակցի, ապա իրենց ծրագիրը կիրականանա: Այսպես նրանք ցանկանում են պահել լծակները, որպեսզի արտահերթ ընտրությունների ժամանակ կարողանան դրանք օգտագործել եւ ձայներ հավաքել: Ճիշտ է` նրանք չեն կարողանա լծակներն օգտագործել նախկինի նման. օրեցօր իշխանության ներսում ՀՀԿ-ն կորցնում է վերահսկողությունը, միաժամանակ հասարակության մեջ մթնոլորտ է փոխվել, եւ հասարակության, անգամ՝ ընտրակաշառքի վրա հույս չեն դնում:
Նշենք, որ «Ելք»-ն էլ արդեն Ազգային ժողով է մուտք արել իր թեկնածուի վերաբերյալ դիմումը՝ առաջադրելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Սահմանադրության պահանջով մայիսի 1-ին պետք է տեղի ունենա նոր վարչապետի ընտրությունը ԱԺ հատուկ նիստում։ Դրան զուգահեռ` այս օրերին Փաշինյանը շատ ակտիվ հանդիպումների մեջ է՝ իր դաշնակիցների շրջանակը մեծացնելու համար: Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումները բավականին արդյունավետ են: Ընդ որում, մեկ օրվա մեջ նրանք երկու այդպիսի հանդիպում են ունեցել, եւ ԲՀԿ-ականների տարբեր հայտարարություններից ակնհայտ է, որ Փաշինյանին սատարելու որոշումն արդեն առկա է. գոնե այս պահի դրությամբ: Դաշնակցության ներկայացուցիչների հետ Փաշինյանը դեռեւս չի հանդիպել, սակայն մինչ ընտրության օրը հանդիպումը կայանալու է: Մի կողմից` ՀՅԴ-ն այնքան էլ հուսալի գործընկեր չէ, ու չի բացառվում` ցանկացած պահի լքի դաշնակցին, բայց եւ հավանական է, որ կոալիցիայից դուրս գալուց հետո քվեարկեն Փաշինյանի օգտին: Բոլոր ձայները համադրելով` պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն առավելագույնը կարող է ստանալ 47 ձայն, սակայն վարչապետ ընտրելու համար նրան 53 ձայն է պետք, այսինքն` առնվազն 6 հանրապետական է պետք, որ քվեարկի նրա օգտին: Սակայն այս հաշվարկն էլ միանշանակ չէ, քանի որ կլինեն պատգամավորներ, ովքեր մայիսի 1-ին Հայաստանում չեն լինի, ընդ որում՝ նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից: Դրան զուգահեռ` ՀՀԿ-ական պատգամավորների չկողմնորոշված մասը միգուցե այդ օրերին բացակայի ոչ միայն ԱԺ-ից, այլեւ երկրից ընդհանրապես: Այս ամենը հասկանալով` ՀՀԿ խմբակցության պատգամավորների մի մասը չեղարկել է Բրատիսլավա այցը, որպեսզի մայիսի 1-ին Հայաստանում լինեն: Իսկապես, մայիսի 1-ին սպասվում են շատ թեժ, միաժամանակ՝ դրամատիկ իրադարձություններ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն մինչեւ հունիս ամիսը համագումար է անցկացնելու: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե հետագայում չի զբաղեցնի կուսակցության ղեկավարի պաշտոնը: Կուսակցության նոր ղեկավարը, ըստ կանոնադրության, պետք է ընտրվի համագումարի ժամանակ: Ընդ որում, ՀՀԿ-ի հերթական համագումարը հենց պետք է կայանար այս տարի` աշնանը, սակայն ներքաղաքական զարգացումներով պայմանավորված` այն կլինի ավելի շուտ՝ մինչեւ մայիսի վերջ: Սակայն ՀՀԿ կանոնադրությունում մեկ այլ կետ էլ է առկա, որ կուսակցության նախագահի բացակայության դեպքում գործադիր մարմնի անդամներից մեկը կուսակցության նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կուսակցության նախագահի լիազորությունները: Հիմա այդ լիազորություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը, իսկ ՀՀԿ նախագահի պաշտոնական ընտրությունը կկայանա համագումարի ժամանակ:

 

 

ԶՈՆ ՆԱՅՈՂԸ
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորների կողմից արտոնյալի կարգավիճակ ունենալու դիմաց պաշտոնատար անձանց կաշառք տալու առթիվ քրեական գործով բացահայտումները շարունակվում են: Զոն նայող համարվող Թամազ Ֆերոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Վանաձոր» ՔԿՀ-ում միայնակ, նաեւ դատապարտյալ Արկադի Պապյանի հետ միասին, անձամբ կամ իր մտերիմ Կարեն Հակոբյանի օժանդակությամբ, պարբերաբար տարբեր չափերի կաշառք են տվել «Վանաձոր» ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձանց: Հիշեցնենք, որ անցած տարի կալանավորվեցին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք, վերջիններս, ըստ մեղադրանքի, ՔԿՀ-ի կալանավորներից կաշառք էին վերցրել եւ նրանց համար ՔԿՀ-ում նպաստավոր պայմաններ էին ստեղծել:

 

 

ԲԵՆԶԻՆԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին սկսել է բարձրանալ ե՛ւ դոլարի, ե՛ւ եվրոյի փոխարժեքը: Եթե ապրիլի 25-ին մեկ դոլարի առքը հայաստանյան բանկերում եղել է 478, վաճառքը` 482 դրամ, ապա մեկ օր անց` ապրիլի 26-ին, դոլարի առքը կազմել է 481, վաճառքը` 485 դրամ: Նույն պատկերն է նաեւ եվրոյի փոխարժեքի դեպքում. ապրիլի 25-ին մեկ եվրոյի առքը կազմել է 582 դրամ, վաճառքը` 590 դրամ, իսկ ապրիլի 26-ին առքը կազմել է 584 դրամ, վաճառքը` 591 դրամ: Սակայն մասնագետների պնդմամբ` եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրանալը իր բացասական ազդեցությունը կունենա ներկրվող ապրանքների գների բարձրացման առումով, մասնավորապես բենզինի շուկայի վրա: Ինչպես հայտնի է` այս պահի դրությամբ ՀՀ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 450-460 դրամ, պրեմիումը` 470-480 դրամ: Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված` արդեն իսկ թանկացել էին սեղմած գազը, դիզվառելիքը, քսանյութերն ու բենզինը:

 

 

ՎԱԽԵՑԱԾ Է
Ինչպես հայտնի է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում եւ Վանաձորում այսօրվանից հանրահավաքներ իրականացնելու իր մտադրության մասին, ինչը մեզ հասած տեղեկություններով` տեղական իշխանությունների շրջանակներում իրարանցման պատճառ է դարձել: Ինչպես հայտնի է` համաժողովրդական շարժմանը միացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ նրա անդամ ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հասցրել է Գյումրիում մասնակցել մի շարք հանրահավաքների եւ ելույթ ունենալ: Նույնիսկ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ղուկասյանը բացականչում է «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այսօր Գյումրիում կազմակերպված հանրահավաքին Ղուկասյանը չի մասնակցելու: Մեր աղբյուրը հայտնեց, որ նա ինչ-որ պատճառով շատ վախեցած է:

 

 

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ
Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկելու իրավիճակը Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում: Է. Նալբանդյանը պատվիրակության կազմում Մոսկվայում է, սակայն պատգամավորների հետ հանդիպում դեռ չի պլանավորվում: ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է. «Ես գիտեմ, որ նա (Էդվարդ Նալբանդյանը) ինքն է եկել: Ես կապը պահում եմ, Հայաստանի պատգամավորների հետ էլ նոր հեռախոսազրույց ունեցա: Հանդիպում դեռ նախատեսված չէ»: Կրեմլում բանակցություններ չեն նախատեսվում Հայաստանից Մոսկվա ժամանած պաշտոնյաների հետ, քննարկումները կանցկացվեն ԱԳՆ-ի եւ կառավարության գծով:




Լրահոս