ՈԳԵՇՆՉՈՒՄՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ԿԽԹԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քաղաքական վերջին զարգացումները՝ բողոքի ցույցեր, ճանապարհների փակում, պետական համակարգի անգործություն, պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես հայտարարված գործադուլները, կարող են ազդել երկրի տնտեսության զարգացման վրա: Բայց մյուս կողմից այդ ոգեշնչված վիճակը որպես կարեւոր երաշխիք ե՛ւ տեղական, ե՛ւ արտասահմանյան ներդրողներին կխթանի: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, հանրապետությունում տիրող իրավիճակը ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել երկրի տնտեսության զարգացման վրա:
-Կարող է դրական ազդել: Ինչու, որովհետեւ շատ մեծ լավատեսություն, հույսեր առաջացրեց ժողովրդի մեջ: Չնայած վերջին տարիների ռեֆորմներին կամ վերջին կառավարության համեմատաբար ավելի ակտիվ աշխատանքին, այնուամենայնիվ, փոքր, միջին ձեռնարկատիրության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են մնացել: Դեռեւս այդ պաշտոնյա-բիզնեսի սերտաճում համակարգը չհաջողվեց լրիվ թեթեւացնել: Կառավարության շատ որոշումներ տարբեր մարդկանց օգտին կայացվեցին: Կարծում եմ` այս անգամ ժողովուրդը չի գնա սխալ եւ կեղծ ընտրությունների: Կարծում եմ, որ նոր պառլամենտի ձեւավորումը այդ փոփոխություններով կլինի արդարացի, ավելի պրոֆեսիոնալ, որը որ հեռանկարային առումով շատ կարեւոր է. ավելի լավ օրենքներ կընդունվեն բիզնես միջավայրին նպաստող եւ քաղաքացիների համար ձեռնտու:
-ՀՀ ներքաղաքական կյանքում ստեղծված վիճակն օտարերկրյա ներդրումների վրա ինչպե՞ս կանդրադառնա:
-Այդ ոգեշնչված վիճակը եւ պառլամենտի թափանցիկությունը որպես կարեւոր երաշխիք ե՛ւ տեղական, ե՛ւ արտասահմանյան ներդրողներին կխթանի, նաեւ կլավացնի դոնորների հետ հարաբերությունները եւ միջազգային ծրագրերը: Մենք գիտենք, որ բազմաթիվ ծրագրեր լիարժեք չեն կատարվել` կա՛մ ատկատներ են եղել, կա՛մ փոշիացվել են ռեսուրսները: Կարճատեւ այս հատվածում, բնականաբար, ճանապարհների փակվելը, ժամանակի կորուստը, մարդկանց աշխատանքի չգնալը եւ այլն, ազդելու են բիզնեսի, տնտեսության վրա:
-Այս օրերին մենք ականատես եղանք նաեւ գործադուլների:
-Մենք, օրինակ, հաշվարկել ենք, որ մոտ աշխատանքային 5 օրը կարող է 2 տոկոսի չափ ՀՆԱ-ի մեջ ազդեցություն ունենալ: Այսինքն` այս տարվա ՀՆԱ-ն 2 տոկոս պակաս կարող է լինել: Բայց հնարավոր է նաեւ սխալվենք: Չէ՞ որ մյուս կողմից հնարավոր է` մարդկանց այս ոգեշնչումը, լավ աշխատանքը լրացնի ՀՆԱ-ի այդ կանխատեսվող պակասը կամ մի բան էլ ավելացնի: Մեր աշխատավորների արտադրողականությունն էլ էր ընկել ոչ միայն իրենց հմտությունների, կրթական գիտելիքների կամ ցածր որակի կրթության պատճառով, այլեւ իրենք հոգեբանորեն ճնշված էին, մտազբաղ էին, հիասթափված, հուսահատված: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ սա լավ արդյունք է տալու վերջում, եւ շատ ողջունելի է ժողովրդական շարժումը: Միայն երիտասարդության շրջանում պաշտոնապես գործազրկությունը 35 տոկոս է կազմում: Մենք երիտասարդների մտորումները պետք է հասկանանք, որ նրանք չեն կարողանում ընտանիք կազմել` աշխատանք չունենալու պատճառով, միգրացիայի են դիմում կամ չեն կարողանում իրենց երիտասարդության տարիները ճիշտ վայելել, որովհետեւ փող չունեն` նորմալ հագնվելու, ապրելու, գնումներ կատարելու համար:
-Պարո՛ն Մակարյան, Ձեր կարծիքով` Հայաստանում քաղաքական վերջին զարգացումները ինչպե՞ս կանդրառանան ֆինանսական շուկայի վրա: Քանի որ վերջին օրերին ՀՀ-ում ե՛ւ դոլարի, ե՛ւ եվրոյի փոխարժեքը բարձրանում է:
-Բնականաբար, դա կարող է նաեւ պայմանավորված լինել մի շարք երեւույթներով: Հնարավոր է` ինչ-որ մարդիկ խուսափում են, ուզում են փախչել կամ ինչ-որ կոնվերտացիաներ են անում, կամ ուղղակի դիֆիցիտ է առաջացել դոլարի հետ կապված: Հնարավոր է` արտահանում չի եղել, կամ էլ դրսից քիչ է դոլար երկիր մտել: Բայց դա ժամանակավոր է, դրանք կարող են նաեւ իջնել:
-Հնարավոր համարո՞ւմ եք այս օրերին երկրից կապիտալի արտահոսք:
-Կապիտալի արտահոսք կարող է լինել: Բայց եթե ՀՀ կենտրոնական բանկը խելամիտ լինի եւ փոքր-ինչ զսպված պահի բանկերը, ապա նման բան չի լինի: Քանի որ հետո հարց կառաջանա, թե ինչու են թույլ տվել, որ երկրից կապիտալ արտահոսի: Դա Հայաստանի համար շատ կարեւոր է: Ցանկացած երկրում դա կարող է լինել, մենք չենք կարող իդեալական ձեւով բոլոր ճանապարհները փակել, որ որեւէ մի ուղիով կապիտալի արտահոսք տեղի չունենա:
-ԿԲ-ն առանձնահատուկ գործողություն չի իրականացնում: Կարելի՞ է ենթադրել, որ իրոք խնդիր չկա:
-Կարծես թե ոչ. կա՛մ ԿԲ-ն գործողություն չի կատարել. ուղղակի աչքերն է փակում, կա՛մ էլ իրոք խնդիր չի տեսնում: Այսինքն` էական հոսք չի եղել, որ անհանգստանա:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

7 ՀՈԳՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Ապրիլի 26-ի առավոտից սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի դպրոցականները, կարգախոսներ վանկարկելով, եռագույն դրոշներով քայլում էին քաղաքի փողոցներով: Նրանք ժամը 11-ի սահմաններում կարճ ժամանակով փակեցին միջպետական ավտոճանապարհը, երթ կատարեցին այդ ավտոճանապարհով:

Նոյեմբերյանի կենտրոնական` հայ-հունական բարեկամության զբոսայգում դպրոցականները միտինգ արեցին, հայրենասիրական երգեր երգեցին: Այդտեղ էին գտնվում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանը: Մարզպետ Հ. Աբովյանը ցուցարար մի երիտասարդի ասաց, որ երեխաները հուզական վիճակում են, փողոցում երթի ժամանակ նրանց ավտանգության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Սակայն մարզպետի խոսքը ցուցարարները հաշվի չառան, եւ նա որոշ ժամանակ անց հեռացավ այդտեղից: Ցուցարարների քայլերթը Նոյեմբերյանի փողոցներում, քաղաքի կենտրոնով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով օրվա ընթացքում շարունակվում էր: Կեսօրին մարզկենտրոն Իջեւան քաղաքում ցուցարարները փակել են միջպետական ավտոճանապարհը, ավտոմեքենաների մեծ կուտակում էր: Ժամի 13-ի դրությամբ այդ ճանապարհը փակ էր: Դիլիջան քաղաքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքի Գոլովինո թաղամասում որոշ ժամանակ փակել են միջպետական ավտոճանապարհը: Դիլիջանում նախորդ օրերին եւս ցուցարարները փակել են ավտոճանապարհը: Ժամը 16-ի դրությամբ Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը, մաքսակետի հին ու նոր շենքեր տանող ճանապարհների խաչմերուկի մոտ փակված էր ցուցարարների կողմից: Այդտեղ էր գտնվում Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը. հիշեցնենք` Կողբ համայնքն ապրիլի 25-ին միացել է համաժողովրդական շարժմանը: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզային քննչական վարչությունում 7 հոգու վերաբերյալ քրեական գործ է քննվում: Նրանք ոստիկանություն բերման էին ենթարկվել, սակայն հետո ազատ են արձակվել: Նրանք Նոյեմբերյան քաղաքի եւ սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներ են: 2 օր առաջ միջպետական ավտոճանապարհը փակելու համար նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 50 հազար դրամի չափով տուգանք, կամ կալանք մինչեւ մեկ ամիս ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՀԱՅՏՆԻ ՉԷ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին ապրիլի 20-ին ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստով անձանց ինքնությունը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Տ. Մուրադյանին տուժող ճանաչելու մասին որոշում է կայացվել: Նա հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր, ըստ տուժողի` բռնություն են գործադրել իր նկատմամբ: Նույն օրը քննիչը գրավոր հանձնարարություն է տվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը` պարզել Տիրայր Մուրադյանի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Հանձնարարվել է նաեւ պարզել դեպքի վայրում տեսանկարահանող սարքերի առկայությունը, դրանց պատկանելիության վերաբերյալ տվյալները, հիշյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ինքնությունները:
Հիշեցնենք, որ Տիրայր Մուրադյանը ծեծի էր ենթարկվել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, ավելին` նրա վրա հարձակված անձանց լուսանկարները հրապարակվել են սոցցանցերում եւ մամուլում, բայց իրավապահները քար անտարբերություն են դրսեւորում` չհայտնաբերելով նրանց:

 

 

ԵՂԱՆԱԿԸ` ԱՆՁՐԵՎԱՅԻՆ
Հանրապետության տարածքում ապրիլի 27-30-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Մայրաքաղաքում մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ը` կեսօրից հետո, սպասվում է անձրեւ:

 

 

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿՓՈԽԱՆՑԻ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյն ասել է, որ Մոսկվան առաջիկայում կսկսի հակաօդային պաշտպանության նոր համակարգեր փոխանցել Սիրիային: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` խոսքը, ամենայն հավանականությամբ, հ-300 տեսակի հակահրթիռային համակարգերի մասին է: Հիշեցնենք, որ Սիրիան Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից ենթարկվել է հրթիռային գրոհների: Արեւմտյան ուժերը գրոհն անցկացրել են ի պատասխան Դումա ավանում ենթադրյալ քիմիական հարձակման, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 40 բնակիչ: Դամասկոսը եւ Մոսկվան պնդում են, որ Դումայում հարձակում չի եղել:




Լրահոս