ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` առեւտուր իրականացնելու համար լիզենցիայի առկայությունը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ որքա՞ն է կազմում պետական տուրքի գումարի չափը:
Վիկտորյա Մնացականյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մնացականյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ լիցենզիա ստանալու համար դիմած առեւտրային կազմակերպության կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականում գործունեության համապատասխան տեսակների իրականացում նախատեսող գրառման բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ լիցենզիայի հայտի մերժման համար: Ի դեպ, լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: