Հարց քաղաքացիներից` ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված առանց լիցենզիայի աշխատելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքաշինության բնագավառում իրականացվում է գործունեություն առանց համապատասխան լիցենզիայի, ապա այդ դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված:

Նարեկ Մխիթարյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Նույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Միաժամանակ, նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) եւ երկրորդ պարբերություններում նշված խախտումները հայտնաբերելու դեպքերում խախտումները կատարած անձանցից գանձվում է նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս