«Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի». ինչու կասեցվեց Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը: Հիշեցնենք, որ այն ձեւավորվել է 2009 թվականին Ռուսաստանի համանուն հիմնադրամի աջակցությամբ: Կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` հիմնադրամի գործունեության դադարեցման մասին լուրն աշխատակիցներին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը: Ի դեպ` վերջինս Ռիտա Սարգսյանի օգնականն է եղել: Եվ դեռեւս հայտնի չէ , թե երբ է «Նվիրիր կյանք»-ի աշխատանքը վերսկսվելու:

Հասկանալի է՝ նախկինում առաջին տիկինն օգտագործելով դիրքը դիմել է անձանց այս հիմնադրամին գումարներ նվիրաբերելու խնդրանքով, ինչպես նաեւ աշխատակիցներն են Ռիտա Սարգսյանի անունից տարբեր կազմակերպությունների նամակներ ուղղել հիմնադրամին ֆինանսապես աջակցելու համար: Սա միանգամայն նորմալ երեւույթ է. ի վերջո, այս հիմնադրամը լրջագույն գործունեություն է ծավալել եւ մեծ օգնություն ցուցաբերել շահառուներին:
Իսկ այժմ հատկապես տեղացի գործարարները կարող են հեշտությամբ հրաժարվել գումար տրամադրել նման ձեռնարկներին:

Բայց արդյունքում այս պահի դրությամբ օդում կախված է մնում հիմնադրամի մոտ 600 շահառուների ճակատագիրը: Փոքրիկների բուժման համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ եւ, ցավոք, ծնողներից շատերը չեն կարողանում սեփական միջոցներով հոգալ այդ ծախսերը: Եվ ներկայում «Նվիրիր կյանք»-ի աշխատակիցները հույս ունեն, որ մեկ ուրիշ անձ կգա եւ հիմնադրամը կվերցնի իր «թեւի» տակ, որպեսզի հիմնադրամի գործունեությունը շարունակվի:
Թեմայի շուրջ այլ մանրամասներ ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր, կոմպոզիտոր Մարինե Ալեսի հետ:

-Տիկի՛ն Ալես, հիմնադրամի գործունեությունն այժմ դադարեցված է, ճի՞շտ է:

-Այո՛, բայց ժամանակավորապես է դադարեցված:

-Տեղեկություն կա, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռիտա Սարգսյանն է որոշում կայացրել դադարեցնելու հիմնադրամի գործունեությունը:

-Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի: Իսկ տիկին Ռիտան այսքան տարի աշխատել է: Եվ կարծում եմ, որ մենք կխոսենք: Եթե նա կմնա հիմնադրամում, լավ կլինի, եթե հանկարծ չցանկանա մնալ, դա այլ հարց է: Ուղղակի աշխատողները, դե պարզ է, որ աշխատավարձ էին ստանում եւ բավական ծանր աշխատանք էին կատարում: Իսկ հիմա վարչական հատվածը փակվում է, այսինքն աշխատողներ չեն լինի, իսկ հաշվեհամարին առկա գումարը տրամադրվելու է միայն հիվանդ երեխաների բուժմանը: Ամեն կոպեկը, որ կա հաշվեհամարին, այդ ամենի մասին գիտի տնօրենը: Եվ նա կարող է պաշտոնական դիրքորոշում հայտնել: Բայց դա կարող է լինել նրանից հետո, երբ մենք կունենանք ժողով, եզրակացություն, եւ այդ եզրակացությունից հետո կհասկանանք, թե ինչպես ենք շարունակելու: Այսինքն` պետք է հիմնադրամի վերաձեւավորում կատարվի: Բայց մենք պետք է հասկանանք նաեւ, որ քաղաքականությունը հիմնադրամի հետ կապ չունի:

-Այսինքն` Ռիտա Սարգսյանը դեռեւս ժողով չի՞ անցկացրել, որպեսզի իրավիճակը ներկայացնի:

-Ո՛չ, հիմնադրամում ոչ մի ժողով չի անցկացվել: Մենք ունենք ուղղակի անձնական խոսակցություններ: Մենք պետության հետ մաքուր աշխատող հիմնադրամ ենք: Կան ինչ-որ բաներ, որ ես չեմ տիրապետում, քանի որ արվեստի մարդ եմ: Ես կարող եմ միայն համերգ կազմակերպել եւ այդ համերգի գումարը տանել, հասցնել իմ հիմնադրամին: Այս պարագայում իրավիճակը փոխվել է: Եթե տիկին Ռիտան մնա, եւ մենք շարունակենք, լավ կլինի: Բայց դա ժողովին պաշտոնապես կասվի` մնո՞ ւմ է տիկին Ռիտան, թե՞ չի մնում..: Հիմնադրամում պատկառելի թվով մարդիկ կան. խոսքը հոգաբարձուների խորհրդի մասին է: Եվ տեսեք, թե ինչ մարդիկ են: Ասածս դա է. այդ մարդիկ չեն հավաքվել եւ ոչ մի որոշում չեն ընդունել:

-Բայց առաջիկայում ժողով կհրավիրվի՞:

-Ես կարծում եմ, որ կլինի: Բայց խորհրդի անդամներից մեկի մոտ անձնական դժբախտություն է եղել, եւ հիմա չենք կարող ժողով հրավիրել: Եվ էլի եմ ասում` սա անձնական դաշտ չի, այլ պետության մեջ աշխատող հիմնադրամ է: Մենք տարիների ընթացքում փորձել ենք ցույց տալ, որ եթե միավորվում են բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ռեսուրս`անձնական, թե պետական, կարողանում ենք օգնել մեր փոքրիկներին: Այդ իմաստով Դուք տեսել եք, թե այս տարիների ընթացքում որքան մարդ է իրոք փրկվել այս հիմնադրամի գործունեության շնորհիվ: Մենք ունեցել ենք երկու աշխատակից, նրանց աշխատավարձ է վճարվել, իսկ մնացած գումարը տրամադրվել է երեխաների բուժմանը:

-Իսկ այժմ երեխաների բուժումը կիսատ չի՞ մնա: Ի՞ նչ է լինելու նրանց ճակատագիրը, քանի որ ամեն օրն իրենց համար կարող է որոշիչ լինել:

-Ժողովից հետո Դուք կարող եք հարցնել հոգաբարձուների ցուցակում ընդգրկված բոլոր անձանց, թե ինչ որոշում է ընդունվել: Ես`Մարինե Ալեսս, համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս

պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանի հետ, սակայն նա այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս