Մշակույթի նախարարը մեզ նման «հիվանդ» չպետք է լինի․ Ռուբեն Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երկրի ներքաղաքական իրավիճակի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերի, մշակույթի նոր նախարարի առջեւ ծառացած հանձնարարականների մասին զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ: Նրա խոսքով` մենք հիմա անցում ենք կատարել պրակտիկ աշխատանքների փուլ, եւ մեր խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ համակարգային փոփոխությունների հասնելը:

-Պարո՛ն Բաբայան, երկրում տիրող ներքաղաքական ներկայիս վիճակն ինչպե՞ս կգնահատեք, մենք հիմա ի՞նչ փուլ ենք թեւակոխել:

-Ես կարծում եմ՝ մենք հիմա անցում ենք կատարել պրակտիկ աշխատանքների փուլ: Յուրաքանչյուր հեղափոխություն ալեկոծում է, շատ փրփուր է բարձրացնում, բայց գալիս է մի ժամանակ, երբ ծովը հանդարտվում է, աղբը գնում է մի կողմ, մարգարիտները՝ մյուս կողմ: Այդ ժամանակ սկսվում է կառուցողական աշխատանքը: Բոլոր դեպքերում` մեր խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ համակարգային փոփոխությունների հասնելը: Եվ հիմա պետք է հստակեցվի՝ համակարգային փոփոխություն ասվածի տակ մենք ինչ ենք հասկանում: Իմ պատկերացմամբ, հարկավոր է դրա տակ հասկանալ անկախ դատաիրավական համակարգի ձեւավորում, մենաշնորհների մերժում, արդար ընտրությունների անցկացում, բոլոր կուսակցությունների համար հավասար պայմանների ստեղծում, մամուլի ազատության ձեռքբերում, սոցիալական մի շարք ծրագրերի իրականացում, կրթության, մշակույթի ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացում: Սրա ժամանակն է գալիս: Բացի այդ՝ Հայաստանում վերջապես պետք է ձեւավորվեն անկախ արհմիություններ: Չի կարող տնտեսական զարգացում լինել ստրուկի եւ տիրոջ կարգավիճակով:

-Ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց ի վեր որեւէ լուրջ սխալ թույլ տվե՞լ է:

-Նախ մի քանի դատողություն անենք այն շրջանի վերաբերյալ, երբ նա դեռ վարչապետ չէր: Եթե մարդը ժողովրդական շարժման միջոցով հասնում է հաջողության, երեւի թե սխալ էին նրանք, ովքեր մտածում էին, որ այդ մեթոդը արդյունավետ չէ: Ես էլ էի այդ մարդկանց թվում: Ես էլ չէի կարծում, թե դա հնարավոր է, թեեւ նկատեմ, որ Փաշինյանը շատ ճիշտ օգտագործեց եւ համատեղեց երկու բան՝ պայքարի ձեւն ու բովանդակությունը: Սա թատերական կյանքում լավագույն պրիոմներից մեկն է: Նա ընտրեց նոր ձեւ՝ հոյակապ հասկանալով, որ ամեն ժամանակաշրջան թելադրում է իր ձեւը: Նա նաեւ շատ լավ օգտագործեց այն բովանդակությունը, որն ունեն մեր երիտասարդները, որոնք պահանջում էին համակարգային փոփոխություններ: Այնպես որ, այն, ինչ կատարվել է մինչ օրս, ելնելով արդյունքներից, պետք է գնահատել դրական: Բայց հիմա սկսվում է ավելի դժվար փուլ: Պարզ է, որ կառավարությունում ինչ-որ նախարարներ լավ կաշխատեն, ինչ-որ նախարարներ՝ ոչ: Պետք չէ, որ Փաշինյանը կառչի այն հանգամանքից՝ ինքն է բերել նրանց, թե ոչ: Բոլոր հնարավոր խնդիրները պետք է փորձենք լուծել այնպես, ինչպես լուծում են քաղաքակիրթ աշխարհում:

-Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի մասին ի՞նչ կասեք:

-Նրան ընդհանրապես չեմ ճանաչում, կարծում եմ՝ դա նրա օգտին է (ծիծաղում է): Ճիշտն ասած, երբ նշանակումներ էին արվում, ես ասում էի, որ չեմ ուզի՝ որեւէ արվեստագետ գլխավորի մշակույթի նախարարությունը, որովհետեւ այդ գերատեսչությունում համակարգային փոփոխությունների կարիք կա, ուստի նախարարը պետք է լինի մշակույթի մարդ, բայց ոչ արվեստագետ, ոչ մեզ նման «հիվանդ» մարդ (ծիծաղում է): Այդ ոլորտը պահանջում է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որպեսզի համակարգն ինքն իրեն, առանց որեւէ չինովնիկի ղեկավարության կարողանա ապրել, ֆինանսավորվել: Դա մի մեծ մեխանիզմն է, որը, հուսով ենք, մեր երկրում վերջապես կհաստատվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս