ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի եւ Արցախի սահմանին հնարավոր լարվածության շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունները, համաժողովրդական պայքարն ինչպե՞ս եք գնահատում:
-Նոր Հայաստան է ձեւավորվել. սա միանշանակ է: Սա արդեն փաստ է, որեւէ մեկը չի կարող այն ժխտի: Եվ այս տեսանկյունից այն, որ ժողովուրդն իր կամարտահայտությունը հայտնում է, սա բնական երեւույթ է: Եվ սա բոլոր ժողովրդավարական երկրներին բնորոշ է, նաեւ Հայաստանին, Արցախին: Ի վերջո, բազմաթիվ անգամ եղել են այդպիսի կամարտահայտության ձեւեր: Եվ ամենակարեւորը, որ բոլորս ե՛ւ Արցախում, ե՛ւ մայր Հայաստանում, ե՛ւ սփյուռքում չկա մի հայ, որ դրա մասին չմտահոգվի, այն է, որ հնարավորինս շուտ այս քաղաքական ճգնաժամը խաղաղ ձեւով կարգավորվի եւ հանգուցալուծվի, որպեսզի մայր Հայաստանը հնարավորինս շուտ վերադառնա բնականոն զարգացման իր ճանապարհին: Իմ ցանկությունն է, որ ցանկացած այսպիսի պոռթկումից երկիրը դուրս գա ավելի հզոր, ավելի կազմակերպված, ավելի համախմբված: Տեսնենք, շատ ենք ուզում, որ հենց այդպես էլ լինի:
-Իրավիճակը դեռեւս հանգուցալուծման չի գնում: Այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում:
-Պետք է ամեն ինչ անել, որ բոլոր օրինական տարբերակներով խաղաղվի իրավիճակը: Այո, մի ստվար զանգված չի ընդունում, ուզում է փոփոխություններ, չնայած արդեն փոփոխվել է իրավիճակը, հիմա ուզում են այդ փոփոխությունը զարգացնել. դա իրենց կամքն է: Եթե ստացվում է այնպես, որ համակարգի ներքո խաղաղ ճանապարհով, ես չեմ խոսում ցույցերը անմիջապես դադարեցնելով, ոչ, դա ամեն մարդու սեփական ընտրությունն է, եթե շարունակվում է այս ճանապարհով, պետք է ամեն ինչ անել, որ խաղաղ ճանապարհով ընտրություն լինի: Ես չգիտեմ` ինչպե՞ս է լինելու. կլինեն քաղաքական կոնսուլտացիաներ, քաղաքական ուժերի եւ հասարակության միջեւ ինչ-որ կոնսենսուս, թե առաջնորդների միջեւ համաձայնություններ: Բայց ամեն ինչ պետք է անել, որ դա խաղաղ հանգուցալուծվի: Ի վերջո, եթե կա մարդկանց այսպիսի մեծ զանգված, պետք է գնալ ընտրությունների: Եթե այս մեխանիզմը չի ստացվում, Ազգային ժողովը դրա համար է կոչված, որպեսզի այս հարցերը լուծվեն: Ուրեմն պետք է շարունակել եւ այլ օրինական ճանապարհ գտնել` այդ հարցերը կարգավորելու համար: Պետք է ամեն ինչ անենք, որ խաղաղ ճանապարհով ընթանա, հանկարծ արյուն չթափվի: Սա ամենակարեւորն է. մենք պետք է միշտ ունենանք համախմբված հանրություն: Պետք է բոլորի կողմից ամեն ինչ սթափ գնահատվի, որպեսզի հասարակության մեջ չլինեն բախումներ, հայը հայի արյունը չթափի, քաղաքացիական պատերազմ չլինի, սրա տակից մենք դուրս չենք գա: Մենք պետք է ունենանք հզոր Հայաստան: Վատ երեւույթների դեմ պետք է պայքարել: Բայց պայքարը չպետք է վատ մեթոդներով ընթանա, այլ խաղաղ մեթոդներով պետք է ընթանա, չնայած մինչեւ այժմ այդպես է: Դա է մեր ուզածը, եւ կարծում եմ` յուրաքանչյուր հայի ուզածը:
-Իսկ Ս. Սարգսյանի հրաժարականն Արցախում ինչպե՞ս ընդունվեց:
-Իհարկե, հետեւում ենք բոլորս: Այսպես է. նոր իրավիճակ է: Ընդհանրապես, մտահոգված են բոլորը, որ կարող է ինչ-որ ձեւով վատթարանալ իրավիճակը: Մենք չենք խառնվում ՀՀ ներքին կյանքին, բայց դա չի նշանակում, որ մենք անտարբեր ենք: Այստեղ կարեւորն այն է, որ առանց որեւէ բռնության այդ ամենը տեղի ունեցավ: Հրապարակում կանգնած ամեն երիտասարդ պետք է այդ պատասխանատվությունը զգա, որ չանի այնպես, որպեսզի պրովոկացիա լինի: Իսկ այն, որ կարող են լինել պրովոկատորներ ոչ հայկական, այլ ուժերի վրա աշխատող, սա էլ կարող է լինել: Տեսնում եք` հակառակորդն ինչպես է հետեւում, ուզում է, որպեսզի մեզ մոտ բախումներ լինեն:
-Պարո՛ն Բաբայան, ներկայում սահմանին իրավիճակը կայո՞ւն եւ վերահսկելի՞ է:
-Սահմանին իրավիճակը վերահսկելի է, բայց մենք իրոք տեսնում ենք կուտակումներ: Հիմա սա մի քանի պատճառ ունի. նախեւառաջ մայիս ամիսն է, իսկ այս ամսին հակառակորդն ավանդաբար, քանի որ եռատոն է, մայիսի 9-ն է մոտենում, այդպես է իրեն պահում: Բացի այդ, այս տարի, այսպես ասած, սեւ տարեդարձ կա. լրանում է 6 շրջանների կորստի 25-րդ տարին, իսկ սա լուրջ շահարկման առիթ է բռնապետական երկրում, որտեղ կառավարման լեգիտիմության լուրջ խնդիրներ կան, անպայման շահարկում են հակահայկական հիստերիան: Իսկ սա աննորմալ մի բան է. սրսկվում, գալիս են, սկսում անկապ, աննորմալ ինչ-որ քայլերի դիմել: Բացի այդ, ուշի-ուշով հետեւում են, թե ինչ է կատարվում Արցախում, Հայաստանում:
-Հիմա, երբ Ս. Սարգսյանն արդեն ղեկավարի պաշտոնում չէ, Արցախի իշխանությունը պատրա՞ստ է աշխատել նոր վարչապետի հետ:
-Կարծում եմ` ամեն ինչ պետք է անել, որ ճգնաժամից երկիրը դուրս գա ավելի հաղթած: Եթե չի ստացվի այս մեկ, երկու շաբաթվա ընթացքում, ուրեմն պետք է նորմալ ընտրություններ կազմակերպվեն: Չէ՞ որ իշխանությունը ժողովրդին է պատկանում, իսկ այդ իշխանությունը նա իրականացրել է առաջին ընտրությունների միջոցով: Սա շատ պատասխանատու պահ է. ի վերջո, հանրապետության 100-ամյակն է: Շատ գովելի է, որ առանց արյան է ամեն ինչ եղել, եւ սեփական ձեռքերով երիտասարդությունը նոր երկիր է ստեղծել: Այսինքն` հիմա պետք է լավը վերցնես, իսկ վատից ձերբազատվես: Հայը հայի հետ չպետք է թշնամանք տանի:
-Ամեն դեպքում առաջիկայում ի՞նչ որոշում էլ որ կայացվի, Արցախը խնդիր չի՞ տեսնում նոր վարչապետի հետ աշխատելու հարցում:
-Դա ՀՀ ժողովրդի եւ քաղաքական ուժերի կամարտահայտությունն է լինելու: Ինչ պետք է անի Արցախը: Կարծում եմ` այստեղ խնդիր չկա:
-Ն. Փաշինյանը երեկ չընտրվեց վարչապետ: Բայց նա դեռեւս շարունակում է մնալ վարչապետի միակ թեկնածու: Ի՞նչ կարծիք ունի Արցախի իշխանությունը Փաշինյանի վերաբերյալ:
-Գիտեք, մենք իրեն վաղուց ենք ճանաչում: Ինքը եկել է Արցախ, մենք հանդիպումներ ենք ունեցել: Արցախի Հանրապետության նախագահն էլ Երեւանում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Կարեւորվել է, որպեսզի ամեն ինչ ընթանա խաղաղ ճանապարհով: Կարծում եմ` նա փորձառու քաղաքական գործիչ է, եւ դա ապացուցվել է պրակտիկայում: Այստեղ որեւէ անձնական վատ վերաբերմունք կամ հատուկ փաշինյանամետ քաղաքականություն չկա: Պետք է ամեն ինչ արվի, որ եթե շարունակվում է, ու եթե ինքն է ընտրվում, եւ դա ողջունելի է Ազգային ժողովում ու ժողովրդի համար է ընդունելի, ուրեմն այդպես պետք է լինի: Մյուս դեպքում, եթե ընտրություններ են լինում, եւ հաղթող ուժ է, կոալիցիայով կամ այլ ձեւով իր թեկնածուին է առաջադրում: Բայց կրկնում եմ` այս ամենը պետք է ընթանա խաղաղ, օրինական ճանապարհով:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՅԴ
Բոլորի համար անակնկալ կերպով երեկ իր ելույթում վարչապետի քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա ասաց, թե չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց եւ կուսակցության դիրքորոշումից շեղվելու համար պատրաստ է անգամ մանդատը վայր դնել: Համապատասխան հայտարարությունն էլ չուշացավ, ՀՅԴ ԳՄ-ն Վարդանյանին մանդատը վաղաժամ վայր դնելու կոչ է արել` միաժամանակ նշելով, որ նրա վարքը կուսակցությունում քննության առարկա կդառնա: Աղվան Վարդանյանը երեկ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իր պահվածքի վերաբերյալ: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար Վարդանյանի որոշումն անակնկալ էր, եւ ինքն էլ հայտարարեց, թե համապատասխան արձագանքներ կլինեն: Երեկ խորհրդարանի միջանցքներում նշում էին, թե Աղվան Վարդանյանն այդպես վարվելու շատ լուրջ պատճառ է ունեցել: Մասնավորապես նա քավորասանիկական հարաբերությունների մեջ է ռուսաստանցի մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի հետ, իսկ Կարապետյանն իշխանությունների կողքին է: Բացի այդ` Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի խնամին է:

 

 

ՄԻՀՐԱՆԸ ՓՐԿՎԵՑ
Ինչպես եւ սպասելի էր՝ երեկվա ԱԺ հատուկ նիստը չանցավ առանց միջադեպերի: Դրանցից մեկն էլ տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ: «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքում էր Միհրան Պողոսյանը: Վերջինիս դուր չեկավ Միքայելյանի ելույթը, թե այս ամենի պատճառը ՀՀԿ-ականներն են, նրանց սխալ պահվածքը: Պողոսյանը տեղից ինչ-որ բան խոսեց, իսկ Միքայելյանն էլ զգուշացրեց, որ լռի` ասելով, թե ելույթից հետո միջանցքում կզրուցեն: Անմիջապես ամբիոնի մոտից հեռանալուց հետո նրա հետեւից գնաց Պողոսյանը՝ հավանաբար դահլիճից դուրս «տղայական» խոսակցության համար: Սակայն նույն պահին պատգամավորները վազեցին Պողոսյանի հետեւից: Իր վազքով Գինեսի ռեկորդների գրքում կարող է գրանցվել ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը, ով հետեւի շարքերում նստած լինելով` այնպես արագ վազեց, որ կարողացավ անցնել առաջին շարքում նստած եւ Միհրան Պողոսյանի հետեւից գնացած Վահրամ Բաղդասարյանին: ՀՀԿ-ական եւ «Ծառուկյան» խմբակցությունից այլ պատգամավորներ եւս շտապում էին միջանցք, սակայն Վահրամ Բաղդասարյանը կարողացավ հետ բերել Պողոսյանին եւ հանդարտեցնել բոլորին: Իսկ այդ ամբողջ ընթացքում Սասուն Միքայելյանը միջանցքում հանգիստ սպասում էր, սակայն տեսնելով, որ դուրս չի գալիս, ինքն էլ ներս մտավ:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՇՆԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին խորհրդարանում անվտանգության առավել քան խիստ միջոցառումներ են անցկացվում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ երեկ` վաղ առավոտյան, մինչեւ վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստը սկսելը, անվտանգության աշխատակիցները մանրակրկիտ խուզարկել են խորհրդարանի շենքը: Ընդ որում, այդ նպատակով նրանք նույնիսկ խուզարկու շներ են բերել ԱԺ շենք: Հավանաբար դա արվել է` անցանկալի որեւէ միջադեպից խուսափելու համար: Նշենք նաեւ, որ այս անգամ, ինչպես Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրության ժամանակ, ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ տեղադրված էր հատուկ մետաղորսիչ սարք, որի միջով էլ անցնում էին պատգամավորները: Հատկապես կին պատգամավորները, որ օրվա մեջ մի քանի անգամ դահլիճ ելումուտ էին անում, անհանգստացած էին, որ այդ սարքի ճառագայթները կարող են քաղցկեղ առաջացնել:

 

 

ԳԱԼՈՒՍՏԻՆ ՉԷԻՆ ԴԻՄԵԼ
Մինչ վարչապետի քվեարկությունից հետո «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՅԴ-ի անդամները միաբերան նշում էին, թե քվեարկությունը տապալելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ՀՀԿ-ականները, հակառակը, բավականին հանգիստ էին: Դահլիճից դուրս գալիս նրանք անտարբեր էին անցնում հավաքված լրագրողների կողքով՝ նրանց հարցերը անպատասխան թողնելով: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե վտանգ չի տեսնում, որ կարող են անդառնալի հետեւանքներ լինել: Դիտարկմանը, ինչու դեմ գնացիք ժողովրդի որոշմանը եւ չքվեարկեցիք ժողովրդի թեկնածուի օգտին, նա նշեց. «Ժողովուրդը ինձ չի դիմել»:

 

 

ՍՆԱՆԿԱՑԱՎ
ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` այս տարվա ապրիլի 10-ի վճռով ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի որոշմամբ` Արագած Ախոյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտակ Հարությունյանը: Ի դեպ, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է հունիսի 28-ին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Ամերիաբանկ»-ը: Խոսքը շուրջ 10 հազար դոլար պարտքի մասին է, որը նախկին պատգամավորին տրվել է դեռեւս 2012 թվականին` 17 տոկոս տոկոսադրույքով: Նշենք, որ բացի «Ամերիաբանկ»-ից` Ախոյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել նաեւ «Արդշինբանկը», կրկին վարկային պարտավորությունները չմարելու պատճառով: Արագած Ախոյանը, հիշեցնենք, զբաղվում է շինարարական բիզնեսով: Նա ժամանակին լքեց ԲՀԿ-ն, հետո ԱԺ վերջին ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ ցուցակով, սակայն չընտրվեց, ինչպես եւ ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում հանգրվանած մյուս նախկին պատգամավորները:




Լրահոս