ԴԵՂԵՐԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾԻՑ ԶԳԱԼԻ ԹԱՆԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գնումների պլանավորման եւ իրականացման արդյունքում արդյունավետ չի օգտագործել պետական միջոցները: Ավելին` այդ գնված դեղերի բաշխումից հետո առաջացել են մեծաքանակ մնացորդներ:

ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրել է առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման կարգը, հիմնականում ներկրված դեղերի գները, դրանց քանակի որոշումը, ծախսման, հաշվառման եւ հաշվետվությունների կազմման գործընթացները: Արդյունքում պարզվել է, որ նախարարությունը կենտրոնացված կարգով կազմակերպություններից ձեռք է բերել դեղեր, որոնք ներմուծվել են ավելի էժան գնով, քան մատակարարվել են: Իսկ ԱՆ-ն պատշաճ միջոցներ չի ձեռնարկել այդ ամենը բացառելու ուղղությամբ:
Օրինակ` ցիկլոսպորին տեսակի 50 մգ դեղի մեկ դեղապատիճը 2015 թվականին գնվել է «Վագա Ֆարմ» ընկերությունից 1100 դրամով: Մինչդեռ ընկերությունը այն ներմուծել է 414 դրամով: Այսինքն` մատակարարվել է ներմուծման արժեքից ավելի քան երկու անգամ թանկ գնով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականին մեկ դեղապատիճը գնվել է նույն ընկերությունից 990 դրամով, այն դեպքում, երբ 415 դրամով է այն ներմուծվել: Արդյունքում միայն 2016 թվականին ներմուծման եւ մատակարարման գումարների տարբերությունը կազմել է 5 մլն 806 հազար 300 դրամ:
Մյուս` էրիթրոպեէտին բետտա 2000 ՄՄ դեղը, 2015-2016 թվականներին գնվել է «մեկ սրվակը 6500 դրամով, որը ներմուծվել է 4982 դրամով: Այսպես` 2015 թվականին ներմուծման եւ մատակարարման գումարների տարբերությունը կազմել է 91 մլն 104 հազար դրամ, 2016 թվականին` 68 մլն 328 հազար դրամ: Իսկ ահա օմնոպեն 2 տոկոս-1 մլ դեղը մատակարարվել է «Արֆարմացիա» ընկերության կողմից 2015 թվականին մեկ սրվակը 241 դրամով, իսկ 2016-2017 թվականներին 345 դրամով, ինչը ներմուծման գնից 43.2 տոկոսով թանկ է: Արդյունքում 2016-2017 թվականներին գնի աճը հանգեցրել է ծախսի ավելացմանը` 2016-ին` 3 մլն 365 հազար 400 եւ 2017-ին` 4 մլն 586 հազար 400 դրամով:
Բացի այս` գլխավոր մասնագետների, դիսպանսերների եւ մասնագիտացված բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող դեղերի պահանջարկը հաշվարկներով հիմնավորված չի եղել եւ հիվանդների թվի տատանումներին համարժեք չի փոփոխվել: Ընդ որում, գնվող դեղերի քանակը` հիվանդների թվի համեմատ, աճել է, ինչը պայմանավորված չի եղել հիվանդությունների բուժման սխեմաների փոփոխություններով: Մինչդեռ նախարարության կողմից պետք է մշակվեին եւ ընդունվեին մի շարք հիվանդությունների բուժման սխեմաներ, որոնք պետք է կիրառվեին դեղորայքի պահանջարկի ձեւավորման ընթացքում:
Օրինակ` ֆլուֆենազին 25 մգ/1մլ/մոդիտեն-դեպո/ դեղի մասով 2015 թվականին ներկայացվել է 30 հազար հատի պահանջարկ 1410 դեղից օգտվող հիվանդի պարագայում: Սակայն անհասկանալի պատճառներով հաջորդ տարիներին տվյալ դեղից օգտվողների թվի ավելացման դեպքում ներկայացված պահանջարկը կտրուկ նվազել է` 2016 թվականին կազմելով 16 հազար 600, 2017 թվականին` 17 հազար 100 հատ: Իսկ 2015 թվականին տրիֆլոպերազին 5 մգ դեղի պահանջարկը 3400 հիվանդի հաշվարկով ներկայացվել է 2 մլն 150 հազար հատի չափով, 2016-2017 թվականներին` 1 մլն 400 հազար հատի չափով, այն դեպքում, երբ տվյալ դեղը ստացող հիվանդների թիվը 2015 թվականին կազմել է 46 հազար, 2016 թվականին` 50 հազար եւ անցած տարում` 51 հազար 167 մարդ: Այսինքն` հիվանդների թիվը 3 տարվա ընթացքում աճել է 11.2 տոկոսով` դեղերի ներկայացվող պահանջարկի 34.9 տոկոսով նվազման պարագայում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղերի գնման համար նախատեսված ծախսերի հաշվին գնվել եւ բաշխվել են իրական պահանջարկը գերազանցող քանակությամբ դեղեր, որոնք բավարարվել են նաեւ հաջորդ տարիների որոշակի քանակության պահանջարկը, եւ որոնց համար պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել են միջոցներ: Արդյունքում տարեցտարի գնված դեղերի բաշխումից հետո առաջացել են մեծաքանակ մնացորդներ:
Օրինակ` գլիկլազիդ 60 մգ/դիաբետոն MR60մգ դեղի համար 2015 թվականին հաշվի չի առնվել տարեսկզբի մնացորդը, գնվել է 8 մլն 588 հազար 500 հատ, տարվա փաստացի ծախսը կազմել է 9 մլն 125 հազար 225 հատ, իսկ տարեվերջի մնացորդը` 4 մլն 531 հազար 746 հատ` 199 մլն 850 հազար դրամ, որը կազմում է գրեթե 6 ամսվա ծախսը: 2016 թվականին գնվել է 9 մլն 450 հազար հատ, փաստացի ծախսվել է 8 մլն 586 հազար 831 հատ եւ տարեվերջի մնացորդը կազմել է 5 մլն 394 հազար 915 հատ: Անցած տարում, չնայած առկա մեծաքանակ մնացորդին եւ չնչին տարբերությամբ փաստացի ծախսերին, գնվել է նախորդ տարիներից ավելի շատ քանակով դեղ` 10 մլն 372 հազար 365 հատի չափով, ծախսվել է 12 մլն 33 հազար 251 հատ դեղ, որի արդյունքում տարեվերջին գոյացել է 5 մլն 184 հազար 244 հատ դեղի մնացորդ` 5 ամիս կամ 217 մլն 738 հազար 200 դրամ, որը գումարային արտահայտությամբ 2015-2017 թվականներին կազմել է 654 մլն 964 հազար 500 դրամ:
ՎՊ հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ անցած տարում ԱՆ-ի կողմից ձեռք է բերվել ալուվիա, լոպինավիր/ռիտոնավիր 187 հազար 200 հատ դեղ` 47 մլն 923 հազար դրամ արժեքով: Տվյալ դեղի ձեռքբերումը գնումների պլանով չի նախատեսվել, այլ գնվել է 2018 թվականի համար: Արդյունքում նախարարության կողմից 2017 թվականին հատկացված բյուջետային միջոցների տնտեսման փոխարեն կատարվել են ծախսեր 2018 թվականի համար նախատեսված դեղորայքի գնման նպատակով: Իսկ 2017 թվականին գնված դեղը չի բաշխվել` առաջացնելով 47 մլն 923 հազար դրամի մնացորդ:
Նկատենք, որ թվարկված փաստերը բավական են` մի քանի դրվագով քրեական գործ հարուցելու համար: Բայց առողջապահության նախարարությունում բացահայտված այս փաստերը ՎՊ-ն այդպես էլ չի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԵՆ ՏՈՒԺՈՒՄ
90 կմ երկարությամբ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերանորոգումը նախատեսված է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 38,5 կմ երկարությամբ հատվածը, որն ընդգրկում է նաեւ միջպետական ճանապարհի երեք թունելներն ու կամուրջները: 2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ էր միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը, ավտոտրանսպորտի երթեւեկությունը կատարվում էր շրջանցիկ, Ստեփանավանով ձգվող ճանապարհով: 2016թ. սեպտեմբերից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեծածավալ աշխատանքներ են կատարվել, թունելների երկարությունն ավելացվել է, դրանց ծածկն` ամրացվել, ճանապարհի ջրահեռացման աշխատանքներ կատարվել, շատ հատվածներում ասֆալտապատում է կատարվել, սակայն դեռ շատ աշխատանքներ կան կատարելու: Լոռու մարզի Ձորագետ համայնքի տարածքում` միջպետական ավտոճանապարհի եզրին, ցուցանակ է տեղադրված, վրան գրված, թե Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի այդ հատվածի վերանորոգումը կավարտվի 2018թ. փետրվարի 20-ին: Որպես ճանապարհի այդ հատվածի կապալառու նշված են «Ճանապարh» ՍՊԸ-ն եւ «Կամուրջշին» ՓԲԸ-ն: Ալավերդի-Վանաձոր ճանապարհի մեկ այլ հատվածում տեղադրված ցուցանակում որպես կապալառու նշված են «Արարատ ճանշին» եւ «Դորլիդեր» կազմակերպությունները, նշված ճանապարհահատվածի նորոգման վերջնաժամկետ նշված է 2018թ. մայիսի 1-ը: Արձանագրենք` վերջնաժամկետներն ավարտվել են: Սակայն միջպետական այդ ճանապարհի ոչ մի հատվածում ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված չեն, դեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն: Հատկապես վատ է իրավիճակը Վանաձոր-Փամբակ հատվածում, ուր բազում փոսեր կան, ավտոտրանսպորտն այդ հատվածը հաղթահարում է ցածր արագությամբ: 2016թ. սեպտեմբերի 14-ից Վանաձոր-Ալավերդի հատվածում երթեւեկությունը դադարեցվել էր, մինչ այդ Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու ավտոբուսի տոմսի գինը 900 դրամ էր, միկրոավտոբուսինը` 1200: Երբ հասարակական տրանսպորտը սկսեց երթեւեկել շրջանցիկ, Ստեփանավանի ճանապարհով, այդ երթուղու ավտոբուսի տոմսի գինը դարձավ 1200 դրամ, միկրոավտոբուսինը` 1500: Նոյեմբերյան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ ճանապարհը երթուղային ավտոբուսները եւ միկրոավտոբուսները այժմ անցնում են ոչ թե շրջանցիկ Ալավերդի-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով, այլ Ալավերդի-Վանաձոր հիմնական, կիսավարտ, դժվարամատչելի ճանապարհով: Սակայն այժմ ուղեվարձը գանձվում է շրջանցիկ ավտոճանապարհի համար` ավտոբուսների դեպքում` 1200, միկոավտոբուսների դեպքում` 1500 դրամ: Նոյեմբերյան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ մեկնող քաղաքացիները նշված ավտոճանապարհի կառուցապատման ժամկետների ուշացման պատճառով տուժում են կրկնակի. շատ ժամանակ ե՛ւ նյարդեր են կորցնում կիսաքանդ ճանապարհով անցնելու պատճառով, ե՛ւ ավել գումար են վճարում ուղեվարձի համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՀԵՏԱՁԳԵՆ
Բուհերում այս ընթացքում մոտենում է քննությունների շրջանը: Ուսանողներից շատերը, սակայն, դասադուլների են մասնակցել, եւ հնարավոր է` պատրաստ չեն քննական գործընթացին: Երեւանի պետական համալսարանում, օրինակ, քննարկվում է քննաշրջանը հետաձգելու անհրաժեշտությունը: Ուսանողական խորհուրդը հարցում է կազմակերպել ուսանողների շրջանում: «Հաշվի առնելով վերջին շրջանում ուսումնական գործընթացի խաթարումը` ցանկանում ենք պարզել` կա՞ պահանջ քննաշրջանը մեկ շաբաթով հետաձգելու, թե՞ ոչ: Խնդրում ենք մասնակցել հարցմանը: Արդյունքները հիմք կդառնան այն առաջարկներին, որոնք պատրաստվում ենք ներկայացնել ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստում»,- ասված է հայտարարության մեջ: Առայժմ քննությունները նախատեսված են մայիսի վերջին:

 

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ
Թուրքական «Karar» պարբերականի լրագրող Հաքան Ալբայրաքը «Հայաստանի առջեւ նոր հորիզոննե՞ր են բացվում» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին եւ հայ-թուրքական հարաբերություններին: Հոդվածում նշվում է, որ խորհրդարանական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձավ վերջ դնել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ եւ վարչապետ Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանությանը:
Հեղինակը, ուսումնասիրելով Փաշինյանի ելույթները, նշել է. «Իհարկե, նա չի հայտարարում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացման, ինչպես նաեւ զավթողական քաղաքականության վերանայման մասին: Սակայն եթե ցանկանում են ազատվել ռուսական ազդեցությունից, ապա պիտի գնան այդ քայլին»: Հեղինակի պնդմամբ` եթե Փաշինյանը վարչապետ դառնա, հնարավոր է, որ Ռուսաստանի փոխարեն ավելի մեծ տեղ հատկացվի ԱՄՆ-ին եւ Արեւմտյան երկրներին: Վերջում հեղինակը հույս է հայտնում, որ Փաշինյանը պետք է փորձի ելք գտնել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված անելանելի իրավիճակից:




Լրահոս