ՀՀԿ-Ն ՔՎԵԱՐԿԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին իրավունքի ուժով գումարված հատուկ նիստին Ազգային ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու՝ 45 կողմ, 56 դեմ քվեարկությամբ: Դեմ քվեարկեց մասնավորապես ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունները: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:

-Պարո՛ն Չարխչյան, Ազգային ժողովը, մասնավորապես ՀՀԿ-ն` մեկ բացառությամբ, դեմ քվեարկեց վարչապետի թեկնածությանը: Ի՞նչ տպավորություն ունեք այս պրոցեսից:
-ՀՀԿ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի դեմ չէր: ՀՀԿ-ն քվեարկեց ժողովրդի կամքի դեմ` ապացուցելով, որ ինքը հակաժողովրդական երեւույթ է: Երկիրը վարչապետը չէ, երկիրը ժողովուրդն է: Մերժել նրա ցանկությունները, նշանակում է ոտքի տակ տրորել ազգային ու պետական շահերը: Աթոռներից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը կուրացրեց առողջ բանականությունը եւ խլացրեց իրավիճակը սթափ գնահատելու ինքնապաշտպանական բնազդը: Հիմա ՀՀԿ-ին այլեւս գերեզմանափոր պետք չէ: Այդ վայրկյանից ի վեր նրանք սկսել են փորել սեփական գերեզմանները: Բայց արդեն ոչ ոք հանգուցյալի համար արցունք թափելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ պատճառ:
-Ի՞նչ կասեք նախօրեին Ազգային ժողովում հատուկ նիստի ժամանակ հնչած ելույթների առնչությամբ:
-Ազգային ժողովի նիստը` թե՛ Նիկոլ Փաշինյանի ելույթով, թե՛ հարցուպատասխաններով, թե՛ առանձին պատգամավորների տեսակետների շարադրմամբ, անչափ կարեւոր էր: Կարեւոր էր առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր փողոց են դուրս եկել: Այդ հազարավոր մարդիկ մեկ անգամ եւս համոզվեցին, թե 10 տարի շարունակ այս երկիրն ինչ կեղտի մեջ է թաթախված եղել, եւ ովքեր են եղել այդ աղտեղության արտադրողները: Սրանից էլ ավելի ամրապնդվեց այն համոզմունքը, որ ախոռները մաքրել է պետք եւ անհապաղ: Ընդ որում, պետք է մաքրել մաքրություն իրականացնելու բոլոր հնարավոր ձեւերով ու եղանակներով: Խորհրդարանը նաեւ ցուցադրեց, թե ում տնօրինությանն ենք հանձնել մեր երկրի ճակատագիրը, եւ դա ինչպիսի մեծ ողբերգություն է ցանկացած ժողովրդի համար: Ավելի մեծ, ծանր ու կործանիչ հարված իշխանական թեւը հազիվ թե կարողանար ստանալ մեկ ուրիշից, որ նա ստացավ ինքն իր ձեռքից: Սա ԱԺ հատուկ նիստ չէր միայն: Սա ինքնախարազանման, ինքնամերկացման ու քաղաքական մազոխիզմի եզակի դրսեւորում էր: Այս պահից ի վեր մենք կարող ենք խոսել ոչ միայն համաժողովրդական շարժման կարեւորության, այլեւ այն մասին, թե անձնապես յուրաքանչյուրիս համար որքան մեծ կարեւորություն ունի այդ շարժման հաղթանակը, քանի որ դա բերելու է ոչ միայն նոր իշխանություն, այլեւ երկրի օդափոխություն: Ինչ-որ մեկը կարող է չսիրել Նիկոլին, բայց այդ մեկը չի կարող հրաժարվել իր թոքերն ու շնչառական համակարգը ախտահանելու հնարավորությունից:
-Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած փաստարկների կապակցությամբ, դրանք, ըստ Ձեզ, համոզի՞չ էին:
-Որտե՞ղ պիտի Նիկոլ Փաշինյանը համոզեր` խորհրդարանու՞մ, թե՞ հրապարակներում: Երբ շարժումը սկսեց, այն օրերին եւս համոզում էր: Ո՞վ լսեց, ո՞վ համոզվեց: Շատ քչերը: Բայց նա եկավ ու համոզիչ դարձավ հազարավորների համար: Հիմա նույն պատկերը կրկնվում է Ազգային ժողովում: Ու՞մ պիտի համոզեր Նիկոլն այստեղ. ՀՀԿ-ականների՞ն, որոնք առանց Փաշինյանի խոսքը լսելու արդեն նիստի էին ներկայացել պատրաստի գրավոր ելույթներով եւ այնտեղ արդեն գրել էին, որ Նիկոլի խոսքն իրենց համար համոզիչ չէր: Երեկ գրել էին, որ այսօր չի համոզել: Եվ այս ամենով հանդերձ այլեւս էական չէ` Նիկոլը համոզի՞չ էր, թե՞ ոչ: Էականն այն է, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու խնդիր ի սկզբանե դրված չէ:
-Հիմա ո՞րը պետք է լինի ժողովրդի անելիքը:
-Ժողովուրդը պիտի անի այն, ինչ արդեն անում է: Ամեն օր, ամեն ժամ պայքարել սեփական իրավունքների, երկրի բարեկեցության ու անվտանգության համար: Դա մի պայքար է, որը երբեք ավարտ չի ունենում:
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ցույցեր էին ընթանում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Վերջինս ԱԺ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ Ընդդիմադիր շարժումը գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԻՐ ԿԵՐՊԱՐԸ

«ՀՀԿ-ականների՝ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելը դեմ էր հենց մեր ազգային անվտանգությանը, որի կարեւորության մասին այդքան խոսում էին հանրապետականները, քանի որ հանրապետությունում այս լարված մթնոլորտը պահելը չի բխում ազգային անվտանգության շահերից, ինչպե՞ս կարելի էր այսքան սառնասրտորեն դեմ գնալ ժողովրդի պահանջին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ռադիո եւ հեռուստահաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան)՝ անդրադառնալով այն փաստին, որ երեկ իրավունքի ուժով գումարված հատուկ նիստին Ազգային ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու՝ 45 կողմ, 55 դեմ քվեարկությամբ:

Ժակի համոզմամբ՝ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ դիմակայել, իր որակմամբ, բոլոր այն ճնշումներին, որոնք արհեստական էին եւ ոչ տեղին, որոշ դեպքերում անգամ՝ զավեշտալի. «Նիկոլ Փաշինյանը հանրության ընկալումներում ամրապնդեց քաղաքական գործչի իր կերպարը, հետագա քայլերն արդեն կկանխորոշի հենց ինքը՝ շարժման առաջնորդը»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա բնական համարեց այն հանգամանքը, որ հանրապետականները չեն ուզում հրաժարվել իրենց պաշտոններից. «Զավեշտալի է, որ նրանք Փաշինյանին այնպիսի հարցադրումներ են անում, որոնք արժանանում են հումորային մեկնաբանությունների, քիչ է մնում հարցնեն՝ ինչու է աղմկում գետը»,-նկատեց Ժակը:
Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը պետք է հաշվի նստի այն բազմության հետ, որը դեմ է իրեն. «Շուրջ 100 հազար հոգի փողոց է դուրս եկել (ի դեպ, ՀՀԿ-ականները փորձում են պակաս ներկայացնել այդ թիվը-Ժակ), շատ ավելի մեծ թվով մարդիկ էլ դուրս չեն եկել, բայց համակարծիք են ցուցարարների հետ»,-շեշտեց հաղորդավարը:
Նա ընդգծեց՝ եթե Աստված չանի՝ ժողովուրդը հուսահատվի, մենք անորոշ ժամանակով ետ կմղենք մեր երկրի զարգացումը. «Թվում էր, թե ապատիա է համակել մեր ժողովրդին, բայց ոչ, մեր մեջ վերածնված կայծն իսկապես ապշեցնող էր: Հիմա ամենավատն այն կլինի, եթե այդ կայծը փորձեն մարել»,-եզրափակեց Ժակը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները` Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանի հետ: 82 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից` մրցելով խորվաթ Բոզո Ստարչեւիչի հետ: 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի մոլդովացի Վիկտոր Չոբանուի հետ: Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգում պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից եւ ուժերը կչափի սերբ Մատե Նեմեշի հետ:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

 

 

ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը կընդունի Մյունխենի «Բավարիա»-ին, որին առաջին մրցավեճում հաղթել է 2:1 հաշվով: Bet365 բուքմեյքերական գրասենյակն այս ակումբի հաղթանակը գնահատում է 2.10 գործակցով, Գերմանիայի չեմպիոնինը` 3.25, իսկ ոչ ոքին` 4.09: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալ»-ը հաղթել է Թուրինի «Յուվենտուս»-ին, իսկ «Բավարիա»-ն ուժեղ էր գտնվել իսպանական «Սեւիլիա»-ից:

 

 

ԿԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՆՉԻՆԻՆ
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մոտ է Իտալիայի ազգային հավաքականը գլխավորելուն: Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին հրաժարվել է գլխավորել Իտալիայի հավաքականը, այդ պատճառով որոշվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահել 53-ամյա Մանչինիին: Իտալացի մասնագետն արդեն հանդիպել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ եւ փոխհամաձայնության եկել:
Նշվում է, որ Մանչինիի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 20-ին:




Լրահոս