ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը պաշտոնատար անձինք յուրացումներ են կատարել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աղմկահարույց այս քրեական գործում ներգրավված են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մտերիմները:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2013-2016թթ. ընթացքում «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մկրտչյանը 19 քաղաքացիների է ընդունել աշխատանքի, սակայն վերջիններս աշխատանքի չեն հաճախել: Իսկ ՊՈԱԿ տնօրենը նրանց անվամբ ձեւակերպել է եւ ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 46 միլիոն 361 հազար 156 դրամ, աշխատավարձի եւ պարգեւավճարների գումարներ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի` յուրացման եւ վատման հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
Աղմկահարույց քրեական գործով բավական ուշագրավ հանգամանքներ են բացահայտվել:
Նախ բացի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մկրտչյանից` ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաեւ մանկատան գանձապահ Մարի Խայանը, հաշվապահ Քրիստինա Պողոսյանը, կադրերի բաժնի պատասխանատու Լիդա Սարգսյանը:
Բացի այդ, ըստ պաշտոնական հաղորդագրության` մանկատան տնօրենը 19 քաղաքացիների է ընդունել աշխատանքի, որոնք աշխատանքի չեն հաճախել, եւ դպրոցի տնօրենը նրանց անվամբ ձեւակերպել է եւ ստացել առանձնապես խոշոր չափերով գումար: Սակայն պարզվում է` իրականում այդկերպ աշխատանքի ընդունված քաղաքացիների թիվն ավելի շատ է՝ մոտ 65 հոգի:
Դատարանում էլ գործով 65 վկա է ներգրավված, որոնք հարցաքննվել են իրավապահների կողմից եւ ցուցմունք տվել, թե ով է իրենց ընդունել մանկատանը աշխատանքի, եւ, առհասարակ, երբեւէ գնացե՞լ են մանկատուն աշխատանքի, թե՞ ոչ:
Այսպիսով` ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած հավաստի տեղեկությունների` մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանի կողմից մի քանի տասնյակից ավել քաղաքացիների մանկատանը աշխատանքի ընդունվածների մեջ են եղել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մտերիմները: Մասնավորապես մանկատանը որպես աշխատող է ընդունվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչությունում հաշվապահ աշխատող Գասպար Ռեւազյանը:
Ավելին` պարզեցինք, որ Ռեւազյանին մանկատանը ձեւակերպել են որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. նախարարության աշխատակազմի վարորդները եւս մանկատանը ձեւակերպված են եղել որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ: Ի դեպ, նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ նախարարության վարորդները այս կամ այն մանկատանը գրանցված են որպես մասնագետ: Նախկինում իրավապահները պարզել էին, որ Բյուրեղավանի գիշերօթիկում նախարարության վարորդներին ընդունել էին աշխատանքի որպես մասնագետներ:
Հասկանալի է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ղեկավարած ոլորտում կոռուպցիան աներեւակայելի չափերի է հասել, եւ անգամ մանկատան երեխաների հաշվին են գումարներ աշխատում: Ու հազիվ թե այս ամենն արվի պարոն Ասատրյանի թիկունքում:
Սա Արտեմ Ասատրյանի ղեկավարած ոլորտում միակ աղմկահարույց դեպքը չէ: Այս օրերին ՀՀ քննչական կոմիտեում քննվում է «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձեւականորեն ձեւակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել եւ նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է եւ տնօրինվել այլ անձանց կողմից, եւ այլ չարաշահումների գործեր, մինչդեռ Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել, ասես` այս ամենն իր հետ առնչություն չունի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔՆՆԻՉՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԷՐ ԿԵՂԾԵԼ
Քննչական կոմիտեի` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով` զուգորդված խուլիգանության միջին ծանրության հանցագործության վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 15856017 քրեական գործով միասնական դիտավորությամբ կեղծել է ապացույցներ:
Մեզ հայտնի դարձավ, որ մի խումբ երիտասարդներ կռիվ են արել, իսկ քննիչը ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով` նշել է, թե տղաները կռիվ չեն արել: Այս արարքի համար քննիչ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 2-րդ մասի` ապացույցներ կեղծել, հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Հիշեցնենք նաեւ` 2017թ. նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազները ծեծի էին ենթարկել քննիչի, իսկ ահա միջադեպը կապված էր աշխատանքային տարաձայնության հետ: Այս դեպքը քննվում է հատուկ քննչական ծառայությունում: Ըստ էության, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում անմխիթար վիճակ է:

 

 

ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, հրաժարվում է պատասխանել իր ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի դիմակավորված ստուգումների մասին հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինից հետաքրքրվեց, թե ինչու է իր ընտանիքին պատկանող ընկերությունը հայտնվել հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, եւ դեռ ավելին` ինչու են անընդհատ դատի տալիս ընկերությանը, վերջինս պատասխանեց.«Ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին, պատասխանը նույնն է. «Քեթրին գրուպը» ինձ հետ կապ չունի»: Մեր այն հարցին, թե իր ընտանիքին էլ չի՞ պատկանում, Մ. Պողոսյանը չցանկացավ պատասխանել: Հիշեցնենք, որ գրել էինք, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող բիզնեսները հայտնվել են հարկայինի ուշադրության կենտրոնում: ՊԵԿ օպերատիվ աշխատակիցները դիմակներով ներխուժել էին «Քեթրին գրուպ» ՍՊԸ, առգրավել փաստաթղթեր այն բանից հետո, երբ ընկերության աշխատակիցները հրաժարվել էին նրանց ներս թողնել: Իսկ հիմա, մեր տեղեկություններով, վերջերս «Քեթրին գրուպ»-ին ՊԵԿ-ը տուգանել է մոտ 1.5 մլրդ դրամով: Ի դեպ, Պողոսյանը փորձել է բողոքարկել ՊԵԿ որոշումները, սակայն ապարդյուն:

 

 

ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ
Ըստ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի` Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում չստացավ բավարար թվով ձայներ. նրա օգտին քվեարկեց 45, դեմ` 56 պատգամավոր:

 

 

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Ազգային ժողովի 2018թ. մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում չընտրվեց նոր վարչապետ: Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի եւս մեկ նիստ նոր վարչապետի ընտրության նպատակով: Կարեւոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը` ներառյալ իրավապահ մարմինները, հավաքների եւ արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք խուսափեն առճակատումից եւ դրսեւորեն զսպվածություն եւ պատասխանատվություն: Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձեւավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»:

 

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները երեկ փակել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող ՀԷԿ-ի ջրամատակարարումը: Նրանք դեպի ՀԷԿ գնացող հոսքը փակել եւ ջուրն ուղղել էին իր բնականոն` դեպի գետի հուն: Գյուղացիները հերթապահություն են սահմանել եւ հսկում են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա եւ չբացի ՀԷԿ գնացող ջրի ուղղությունը: Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ դա գյուղացիների բողոքի դրսեւորումն է եղել: «Հավանաբար սեփականատերերի հետ հանդիպում կլինի, դրանից հետո բնակիչներից է կախված: Բնակիչների պահանջը հավաքական է»,-նշել է նա:

 

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ
Ըստ ՀՀ կառավարության նիստի օրակարգի` Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները կազատվեն պաշտոնից: Հրապարակված են որոշումներ, ըստ որոնց` Աշոտ Սիմոնյանը կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն, Արթուր Խաչատրյանն էլ` Շիրակի մարզպետի պաշտոնից` կրկին իր դիմումի համաձայն: Երկու որոշումներն էլ չզեկուցվող են: Հիշեցնենք, որ երկու մարզպետն էլ ՀՅԴ-ական են, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից դուրս գալու եւ համաժողովրդական շարժմանը միանալու մասին:

 

 

ՇՐՋԱՓԱԿԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ
Երեկ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Արմավիրի բնակիչները Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ շրջափակել են Արմավիրի մարզպետարանը եւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հորդորել միանալ ժողովրդին: Ի պատասխան` մարզպետը հայտարարել է, թե ինքը միշտ ժողովրդի կողքին է:




Լրահոս