ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` Երեւանում խանութները գրեթե ողջ օրը չեն գործել: Իսկ այն խանութները, որոնք բաց են եղել, չեն ունեցել գնորդներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը երեկ կենտրոն վարչական շրջանում արձանագրեց, որ մի քանի տասնյակից ավելի խանութներ այս օրերին ողջ օրվա ընթացքում փակված են մնացել: Անգամ չեն աշխատել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող կոշիկի, հագուստի խանութները: Հանրահավաքների սկսվելուց անմիջապես հետո հագուստի, կոշիկի գնորդների թիվը կտրուկ նվազել է: Մարդկանց մեծ մասը մասնակցում է հանրահավաքների, իսկ մի մասն էլ տանից դուրս չի գալիս: «Առեւտուր չկա, ես այսօր (նկատի ունի երեկ) բացել եմ հագուստի խանութը, բայց ամբողջ օրվա ընթացքում գոնե մեկը չի մտել: Թե ամսվա վերջին հարկային վճարումները ինչ միջոցներով եմ անելու, չգիտեմ: Բայց ես ժամը 19:00-ին մասնակցելու եմ հանրահավաքի, ես ինքս կողմնակից եմ, որ իշխանափոխություն լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ Աբովյան փողոցում գտնվող խանութներից մեկի աշխատողը: Մեկ այլ խանութի աշխատող էլ նկատեց. «Բացել եմ խանութը, որ գոնե կարողանամ տարածքի վարձակալության գումարը վճարեմ, ուրիշ ելք չկա»:


Մյուս կողմից` թավշյա հեղափոխության օրերին աճել են սրճարանների, արագ սննդի կետերի հաճախորդների թիվը, առեւտրաշրջանառությունը: Խոսքը, սակայն, այն սրճարանների ու արագ սննդի կետերի մասին է, որոնք գտնվում են Հանրապետության հրապարակի շրջակայքում: Սրան զուգահեռ` նկատենք, որ քայլերթի բոլոր օրերին հիմնականում վաճառվել է ջուրը, հացաբուլկեղենը, ծխախոտը:


Բնականաբար, ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում են ՀՀԿ խմբակցության այն 56 պատգամավորները, ովքեր նախօրեին մերժեցին ժողովրդի թեկնածուին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԼՈՌԵՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀՀԿ-ԻՑ

Երեկ առավոտից Լոռու մարզի քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերի ճանապարհներ անանցանելի էին. մինչեւ ժամը 16:00-ն փակ է եղել Սպիտակ-Երեւան միջպետական մայրուղին, չի աշխատել նաեւ միջքաղաքային տրանսպորտը: Վանաձորում, Սպիտակում շարունակվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաները: Նշված վայրերում դասադուլն ու գործադուլը շարունակվել են, Սպիտակում ցուցարարներին են միացել նաեւ խանութների, սուպերմարկետների աշխատակիցները:

Սպիտակ քաղաքի երիտասարդ ցուցարարներին հաջողվել է շարժմանը ներգրավել թիվ 2 դպրոցի աշակերտներին, որոնք մինչ այս հնարավորություն չեն ունեցել իրենց միանալ: Նրանք երգ-երաժշտության ուղեկցությամբ, քայլերթով հասել են այստեղ, աշակերտներին ու ուսուցիչներին կոչ արել իրենց միանալ: Ցուցարարների համառության արդյունքում դպրոցի տնօրեն, ավագանու ՀՀԿ անդամ Լուսինե Մաթոսյանը թույլատրել է բացել դռները, եւ բազմաթիվ աշակերտներ կարողացել են միանալ դասադուլին, ապա նրանց են հետեւել տասնյակ ուսուցիչներ: Նրանք նախ քայլերթ են անցկացրել քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա շարժվել գլխավոր հրապարակ: Այստեղ հավաքված մի խումբ մանկավարժներ հրապարակավ հրաժարվել են ՀՀԿ անդամակցությունից, նրանցից մեկն էլ նշել է, թե կուսակցական պատկանելություն չունի, բայց ունի երկրապահի հուշամեդալ, ինչից նույնպես հրաժարվել է:
Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Վերգինե Բունիաթյանը, ով հենց սկզբից միացել է «Իմ քայլը» շարժմանը, անդրադարձավ Աժ-ում տեղի ունեցած քվեարկությանը, որտեղ որոշվում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հարցը: «Ես ավելի շատ նմանեցնում էի դատական, քան ԱԺ նիստի: Բայց հիացած եմ Նիկոլի պատճառաբանված, առանց խառնվելու տրված ու տրամաբանված պատասխաններով: Այդ նույն ՀՀԿ-ականները առայժմ ստի ոտքը բռնած շարունակում են քարշ տալ իրենց գոյությունը, որովհետեւ ոչ մեկը ո՛չ ասեց այն, ինչ մտածում էր, ո՛չ էլ այն, ինչ ուզում էր: Ընդամենը ասացին այն, ինչ գրել տվել էին իրենց: Սա պիտի վերանա, մենք ուզում ենք ապրել ազնիվ, ճմարիտ կյանքով, իրար սիրելով, հանդուրժելով»:
Նշենք, որ երեկ, ի տարբերություն նախորդ օրերի, ցուցարարների շարքերը համալրել էին նշված դպրոցի եւ այլ ուսումնական հաստատությունների այնպիսի ուսուցիչներ, որոնց մինչ այդ արգելվել էր միանալ բողոքի ակցիաներին: «Մեր ազգը նեղություններից չի վախենում, եթե մինչեւ հիմա կաշառակերների պատճառով է տանջվել, հիմա ավելի ուրախ պիտի կրի իր խաչը: Եթե ժողովուրդը միանա, Նիկոլը էդ ծանրությունը միայն իր վրա չի զգա»,-հայտարարել է թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Կարինե Դանիելյանը: Նա աշակերտներին հորոդորել է հրապարակ գալ իրենց քույրերի, եղբայրների ու ծնողների հետ, որպեսզի շարժումը օր օրի ավելի լայն մասշտաբների հասնի:

ՄԱՐՋԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԱԴՈՒԼ
Երեկ տարբեր պետական կառույցների եւ ընկերությունների աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել` մասնակցեկով այս օրերին Հայաստանում ծավալվող համաժողովրդական շարժմանը: Գործադուլի էին դուրս եկել Ամուլսարի աշխատակցիները. նրանք դադարեցրել էին նախատեսվող հանքի շինարարական աշխատանքներն ու միացել Հայաստանում տեղի ունեցող համատարած գործադուլին եւ դասադուլին: Համաժողովրդական շարժմանը միացել էին նաեւ Երեւանի Մետրոպոլիտենի աշխատակիցները: Երկրում տիրող իրավիճակը անտարբեր չէր թողել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներին, որոնք նույնպես գործադուլ էին իրականացնում: Ժողովրդի բողոքի ձայնին միացել էին նաեւ «Գրանտ Քենդի» ընկերության աշխատակիցները: Նրանք փակել էին բոլոր խանութներն ու միացել ցուցարարներին: Համաժողովրդական շարժմանը միացել եւ գործադուլ են հայտարարել «Սպայկա» ընկերության աշխատակիցները: Միաժամանակ իր աշխատանքը դադարեցրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն. պատճառը նաեւ երկաթուղային հաղորդակցության միջոցները բնակչության կողմից շրջափակելն է: Գործադուլին միացել են նաեւ Ազգային գրադարանի աշխատակիցները: Նրանք տեղեկացրել են, որ մինչ այս էլ մասնակցել են շարժմանը, իսկ երեկ արդեն միացել են գործադուլներին: Նշենք, որ գործադուլի դուրս է եկել ազգային գրադարանի աշխատակիցների մեծ մասը: Հայաստանում գործադուլ են հայտարարել մի շարք այլ կազմակերպություններ, առանց հատուկ հայտարարություններ տարածելու:

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱԻՆ-ԻՑ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունը զգուշացրել է, որ ՀՀ մայրաքաղաք Երեւանում եւ այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման եւ ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների: Հավաքների եւ երթերի մասնակիցներին նախարարությունը հորդորել է չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ եւ չկապել փողկապ. հետն ունենալ խմելու ջրի պաշար: Մասնակիցներից որեւէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը` ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը` օգնություն ցուցաբերելու համար:

 

 

ՀԱՄԱՐԵԼ ՀԱՐԳԵԼԻ
Հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ առկա տեղաշարժման խոչընդոտները, ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը` հետաձգելով դատական նիստերը:




Լրահոս