ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Հեղափոխականի համար տարիքը նշանակություն չունի: Այս փոքրիկը հենց այս կարգավիճակում էլ իր ուժերին ներածին չափով դուրս է եկել փողոց եւ մասնակցում է համաժողովրդական շարժմանը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ուսումնական հաստատության ուսուցիչ աշխատելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ:

Լիաննա Պողոսյան (31 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի` «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի` «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018թ. օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրեր գործուղված ուսուցիչներին տրամադրվում է` 1) գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ, 2) ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչեւ 4 անգամ, 3) բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ, 4) կեցության այլ ծախսեր` ամսական 5000 դրամ:

 

 

ՀԱՐՑ. 1995թ. աշխատում եմ Դիլիջանի պետական քոլեջում: Ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, որից 22 տարի մանկավարժական է: Խնդրում եմ ասեք` ես կարող եմ օգտվել մանկավարժական թոշակից:

Արթուր Եղիազարյան (ք. Դիլիջան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» (այսուհետ` ցանկ) հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Քանի որ Ա. Եղիազարայնի մասնագիտական ստաժը հաշվարկվում է 1995 թվականից, ապա նա չի կարող մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն ունենալ պահանջվող 12 տարվա մասնագիտական ստաժը, ուստի նրան չի կարող նշանակվել մասնակի կենսաթոշակ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառման դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են սահմանված կարգով, իսկ քաղաքացուն տրվող ստացականում նշվում են նաեւ կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայանալու ժամկետը եւ լրացուցիչ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:




Լրահոս