ՈՐՏԵՂ ԵՆ «ԹԱՔՑՎԵԼ» ԱՃՈՒՐԴԻ ՀԱՆՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի գլխավորած ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի ենթակա ոչ բոլոր մեքենաներն է պահառության տվել կենտրոնացված պահատեղիում: Մասնավորապես այնտեղ չեն տեղափոխվել այն ավտոմեքենաները, որոնց տեխնիկական բնութագրերը գնահատվել են անբավարար: Մինչդեռ այս ամենի արդյունքում, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի, խախտվել է գնորդի կողմից աճուրդի լոտերին ծանոթանալու իրավունքը:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալներով` 2016 թվականին օտարվել են 315, իսկ անցած տարվա 9 ամիսների դրությամբ 368 տրանսպորտային միջոցներ, որոնք եղել են ամրացված 38 գերատեսչություններին եւ պետական հիմնարկներին: Հիմնարկներին եւ կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր մինչեւ 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառությունը պետք է իրականացնի «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը: Մինչդեռ ոչ բոլոր մեքենաներն են պահառության տրվել այդ տարածքում, մասնավորապես, այնտեղ չեն տեղափոխվել այն մեքենաները, որոնց տեխնիկական բնութագրերը, ըստ փաստաթղթերի, գնահատվել են անբավարար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոչ բոլոր մեքենաներն է պահառության տրվել Երեւանի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Բացի այս, նշված ՊՈԱԿ-ի կողմից 2014-2017 թվականների առաջին եռամսյակում օտարվել է թվով 892 տրանսպորտային միջոց: Սակայն ՀՀ ճանապարհային ոստիկանություն տրամադրած տեղեկության համաձայն` կենտրոնի կողմից օտարված մեքենաների թիվը հաշվառվել է 309-ը: Պարզվում է` օտարվել եւ պետական հաշվառում չեն ստացել թվով 583 ավտոմեքենա:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արման Սահակյանը ցածր գներով իր մերձավորներին է վաճառել օպտիմալացման ծրագրի արդյունքում գերատեսչությունների կողմից դուրս գրված եւ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված ծառայողական մեքենաները: Դրանք պետք է վաճառվեին աճուրդով: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` բարվոք վիճակում գտնվող մեքենաները գնվել են հենց աճուրդի մեկնարկային ցածր գնով: Սակայն այս տեղեկությանը ի պատասխան` պետական գույքի կառավարման վարչությունից հայտնել էին, որ բոլոր աճուրդները տեսաձայնագրվում են. կարելի է դրանց միջոցով տեսնել ու լսել ցանկացած աճուրդի ընթացք: Իսկ օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող մեքենաները հիմնականում մեծ մաշվածություն ունեն, դրանցից մի ստվար խումբ ընդհանրապես պիտանի չէ շահագործման:
Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի` մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ որոշ ընկերությունների գույքը եւ դրամական միջոցները տնօրինվում եւ կառավարվում են ոչ արդյունավետ: Օրինակ` «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն, «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն: Նշենք, որ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից փոխանցվել են վարչությանը: Իսկ ընկերությունը ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ցանկերում: Ամբողջ գույքը տրամադրված է վարձակալության «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին: Բայց ընկերությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ծանր վիճակում, քանի որ մուտքերը պետք է ապահովվեին գույքի վարձավճարներից գոյացած միջոցներից: Իսկ գույքի վարձակալը` «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերությունը, հանդիսանալով «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ի իրավահաջորդը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 26-ի վճռով սնանկ է ճանաչվել:
«Ձիասպորտի կենտրոն» ընկերության գույքը 2004 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 23 տարի 11 ամիս ժամկետով տրվել է «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում հողամասի կառուցապատման, առողջարարական եւ կանաչապատման աշխատանքների իրականացման նպատակով ներդնել 2 մլն դոլարին համարժեք դրամ: Ըստ պայմանագրի` ներդրված գումարն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո միայն պետք է իրականացվի վարձակալական գումարների վճարում ստացված մաքուր շահույթի 20 տոկոսի չափով: Բայց ընկերությանը վարձավճարներ չեն վճարվել, քանի որ «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ի կողմից ներդրված շուրջ 2.9 մլն դոլարին համարժեք գումարը չի փոխհատուցվել: Արդյունքում ընկերությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ծանր վիճակում, քանի որ մուտքերը պետք է ապահովվեին գույքի վարձավճարներից, ինչը չի կատարվել: Նույնիսկ տնօրենին աշխատավարձ չի հաշվարկվել եւ չի վճարվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնավորեցման, օտարման եւ վարձակալության 39 պայմանագրերով ստանձնվել են ներդրումային եւ աշխատատեղերի ստեղծման պարտավորություններ: Սակայն մեկ գնորդի` «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության կողմից չի կատարվել 100 հազար դոլարի ներդրում, որի նկատմամբ հաշվարկվել է 20 հազար դոլարի տույժ, եւ գործը գտնվում է դատական վարույթում: Չեն կատարվել նաեւ 3 գնորդների` «Բիզնես Լայն», «Բիզնես-պլաս» ընկերությունների եւ քաղաքացի Վահան Այվազյանի կողմից ստանձնած 52 մլն 916 հազար դրամի ներդրումները, որի նկատմամբ եւս հաշվարկվել է 10 մլն 583 հազար դրամի տույժ: Իսկ «Նյուտեք-Շին» ընկերության կողմից չի կատարվել ծառայությունների մատուցման` պայմանագրով նախատեսված «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ի շինարարական եւ վերանորոգման աշխատանքների կատարման պարտավորությունը, եւ գործը գտնվում է դատարանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` 2018թ. հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ եւ տարանցիկ ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա: Ուղեւորափոխադրող այն ընկերությունները, որոնք 2018թ. հունիսի 1-ից կցանկանան իրականացնել ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ, պետք է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` ՀՀ ՏԿՏՏ նախարարությունից ստանան թույլտվություններ, այլապես նրանք չեն կարող հատել սահմանային անցակետը:

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը երեկ բացասական եզրակցություն է տվել օրինագծին, որի համաձայն` քաղաքացիների աշխատավարձի եւ թոշակի զուտ գումարը չպետք է կրճատվի հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարումների մեծացման պատճառով:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր Աշխատանքային օրենսգրքում եւ «Պետական թոշակների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել: Կառավարությունը բացասական եզրակացությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ երկրի աշխատանքային օրենսդրությունը ֆիքսում է միայն նվազագույն աշխատավարձի չափը, իսկ աշխատավարձերի փաստացի գումարները հաստատվում են աշխատանքային կոլեկտիվ եւ անհատական հարաբերությունների շրջանակում: «Պետական թոշակների մասին» օրենքը նախատեսում է, որ աշխատանքային թոշակի չափը թոշակի բազային եւ աշխատանքային մասի թոշակի գումարն է: Հետեւաբար թոշակի գումարի նվազումը բացառվում է մեխանիզմներով, որոնք նախատեսված են թոշակային կուտակումների հաշվարկի ընթացակարգով:
Մինչդեռ օրինագծի հեղինակները կարծում են, որ երկրում հարկերի բարձրացումը, նույնիսկ առանց ինֆլյացիան հաշվի առնելու, ազդում է քաղաքացիների փաստացի եկամուտների վրա:

 

 

ՀԱՅ ՕԴԱՉՈՒ Է ԶՈՀՎԵԼ
Սիրիայի օդային տարածքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Միջերկրական ծովն ընկած ռազմական ինքնաթիռի երկու օդաչուներն էլ մահացել են: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` օդանավը չի հռթիռակոծվել, վթարը կարող էր տեղի ունենալ շարժիչի մեջ ընկած թռչունների պատճառով: Մինչեւ վերջին վայրկյանը օդաչուները պայքարել են օդանավը իջեցնելու համար:
Նշենք, որ անձնակազմի զոհված հրամանատարն ազգությամբ հայ է եղել` Ալբերտ Դավիդյանը:

 

 

ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ըստ ՀՀ կառավարության երեկվա նիստում կայացրած որոշման` Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուսանողների ուսման վարձը մասնակի կփոխհատուցեն: Մասնավորապես գերազանցիկ ուսանողները կստանան 60-տոկոսանոց փոխհատուցում, մնացյալը` 30-տոկոսանոց: Սա կվերաբերի նաեւ մագիստրատուրայում սովորողներին:

 

 

ՉԻ ՓՈԽՎԻ
Մայիսի 4-7-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում` մայրաքաղաք Երեւանում, կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Նշենք, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:




Լրահոս