«ՎԱԽԿՈՏՆԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՆԱՀԱՆՋԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ ՀՀ-ն մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: ՀՀԿ-ն չի առաջադրելու վարչապետի թեկնածու եւ սատարելու է խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան, երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, ՀՀԿ-ի վերջին հայտարարությամբ պայմանավորված՝ կարելի՞ է համարել, որ հանրապետականները նահանջեցին, թե՞ սպասենք այլ զարգացումների:
-Անկեղծ ասած՝ ես վախենում եմ այլ զարգացումներից, որովհետեւ վախկոտները միանգամից նահանջել չեն կարող: Նրանք միշտ իրենց ետեւից պետք է մի բան փչացնեն, իրենց հետ մի բան տանեն: Նրանք չեն կարող այնքան գիտակցություն ունենալ, որ տղամարդու պես ասեն. «Մենք վերջացնում ենք մեր գործունեությունը, որը ժողովրդին պետք չի»: Նրանք ինչ-որ բաներ են հնարում: Ըստ իս, ամեն ինչի ետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանի թիմը, որն ինձ շատ ավելի վտանգավոր է թվում: Ես ուզում եմ, որ այն հրճվանքը, ոգեւորությունը, որն ապրում է ժողովուրդը, սրանք հանկարծ չփորձեն ինչ-որ կերպ փչացնել, ուղղակի համը հանել: ՀՀԿ-ականները, անգամ Շարմազանովի բալիկը, գիտակցում են, որ այս ամեն ինչը վերջացել է: Տղե՛րք, ուժ գտեք ձեր մեջ, տղամարդու պես ընտրեք Նիկոլին: Դրանից լավ առաջարկ այսօր չի կարող լինել:
-Բայց ՀՀԿ-ականները քննադատում են նրան՝ նշելով, որ Փաշինյանը վարչապետ լինելու համար չունի համապատասխան գիտելիքներ եւ փորձ:
-ՀՀԿ-ականներն իրենց ուրիշ ձեւ չէին կարող պահել: Նիկոլը շատ պատրաստված, կիրթ անձնավորություն է, շատ զուսպ, ինչն ինձ շատ է դուր գալիս: Ես համոզված եմ, որ նրա կողքին հիմա կան եւ աշխարհի տարբեր ծայրերից կավելանան այն տղերքը, որոնք կգան ու առողջ մթնոլորտի մեջ կղեկավարեն երկիրը: Ես հարյուր տոկոսով վստահ եմ դրանում:
-Ի՞նչ պետք է անի ժողովուրդը՝ իր հաղթանակը պահպանելու, ձեռք բերածը չկորցնելու, չհիասթափվելու համար:
-Չհիասթափվելը առաջին հերթին ղեկավարների արարքներից է կախված: Ժողովուրդն էլ ամեն ինչ ինտուիտիվ զգում է, լուրջ ինդիկատոր է, բոլոր սխալներին միանգամից արձագանքում է: Բայց ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ հանդարտ, զուսպ կերպով հարկավոր է նոր ղեկավարին ժամանակ տալ, որ նա հունի մեջ ընկնի: Դա շատ կարեւոր է: Ու ես մի բան կարող եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը աշխարհի մակարդակով պետք է ճանաչվի տարվա մարդ, որովհետեւ այն, ինչ նա արել է, ուղղակի անհնար էր պատկերացնել, ոչ ոքի գիտակցության, երեւակայության մեջ չէր կարող նման բան տեղի ունենալ: Հրաշքն արդեն տեղի է ունեցել, հիմա սկսելու է ամենադժվար փուլը՝ հետագայի խոչընդոտները հաղթահարելու շրջանը: Դա ամեն հայի ինքնագիտակցության խնդիրն է, եւ ես կարծում եմ, որ մենք այդ փուլն էլ կանցնենք: Գիտեք՝ հիմա երիտասարդների մեջ քանի նիկոլներ կան, եւ նրանք շատանում են: Ես հիացած եմ նրանց պոտենցիալով, ժամանակի ռիթմի զգացողությամբ, կիրթ լինելով:
-Պարոն Պողոսյան, Դուք այն արվեստագետներից էիք, որն անմիջապես արձագանքեց ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես բավական սուր էր Ձեր խոսքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ Սարգսյան-Փաշինյան տապալված բանակցություններից հետո: Ի՞նչ կասեք այն արվեստագետներին, որոնք այս ընթացքում չեզոքություն պահպանեցին:
-Գիտեք՝ ամենակարեւոր բաներից մեկը դիմացինի հանդեպ ներողամտությունն է: Մենք նույնիսկ պետք է կարողանանք ներել հանրապետականներին, նրանցից ամեն մեկն իր չափով կործանված մարդ է: Եթե չկարողանանք ներել, չենք կարող առաջ գնալ: Ինչ վերաբերում է չեզոքություն պահպանած արվեստագետներին, պետք է ըմբռնենք, որ ամեն մեկն իր տեսակետն ու էներգետիկան ունի: Եթե մեկը դուրս չի եկել հրապարակ կամ հրապարակային ելույթ չի ունեցել, դա դեռ չի նշանակում, որ ինքը դեմ է Նիկոլին կամ սխալ է: Շատ են մատնանշում, օրինակ, Ավետ Բարսեղյանին, Նազենի Հովհաննիսյանին, պետք չէ այդպես անել: Չի կարելի, դա սխալ ճանապարհ է:
-Ի վերջո, այս շարժման գաղափարախոսության հիմքում ընկած է հենց սերը:
-Այո, այո: Մենք մինչեւ հիմա սիրով ենք ապրել, դրա համար էլ հասել ենք այս օրվան, եթե այդ միտումը չպահենք, ամեն ինչ կփչանա: Ես դրանից եմ վախենում, իսկ կորածը ետ բերել հնարավոր չի լինի: Ուստի չպետք է թույլ տանք, որ դա հնարավոր լինի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ՄԻԱՑԱՎ ՇԱՐԺՄԱՆԸ

Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին եւ դրանից հետո ժողովրդական շարժմանը, որն առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը, միացան մի շարք արվեստագետներ, շոուբիզնեսցիներ: Բայց եղան նաեւ այնպիսիք, որոնք շարժմանը միացան, երբ քաղաքական հանգուցալուծում եղավ, երբ պարզ դարձավ, որ շարժումը հաջողել է: Հանրության շրջանում քննարկումներ եղան, օրինակ, մայիսի 2-ից հետո, երբ Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ ելույթ ունեցան աստղեր, որոնք մինչ այդ լռում էին: Նրանց թվում էր նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սիլվայի պրոդյուսեր եւ հայր Հակոբ Հակոբյանի հետ՝ պարզելու համար՝ ինչպես Սիլվան որոշեց միանալ շարժմանը եւ իր աջակցությունը ցուցաբերել. «Որոշում կայացնելու խնդիր ընդհանրապես չի եղել, Սիլվան միշտ էլ իր ժողովրդի հետ է եղել: Մենք արտերկրում էինք, ապրիլի 20-ին վերադարձանք Հայաստան, հետո մենք սահմանին էինք, Ղարաբաղում, Սիլվան հենց շարժման օրերին համերգներով հանդես էր գալիս դիրքերում: Նա ակտիվ էր հատկապես այն օրերին, երբ հայտարարում էին, թե սահմանին լարվածություն կա: Սիլվան ու՞մ հետ պետք է լիներ, եթե ոչ ժողովրդի: Չէ՞ որ ժողովուրդն է նրան վեր բարձրացրել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա չի մեղադրում հանրային այն դեմքերին, որոնք չեն միացել շարժմանը, պատճառաբանում է՝ ամեն մեկն իր խղճի մտոք է վարվում:
Հարցին, թե առաջիկայում ազգային զարթոնքից ոգեշնչված՝ նոր հայրենասիրական երգեր կներկայացվե՞ն լսարանին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Մենք շատ ունենք հայրենասիրական երգեր, իհարկե, նոր երգեր եւս կլինեն: Բացի այդ՝ մինչեւ շարժումը Սիլվան պատարստել էր հարսանեկան մի երգ, բայց հետագա պրոցեսներով պայմանավորված՝ հետաձգեց դրա պրեմիերան: Այժմ այն նախատեսված է մայիսի կեսին»:
Պրոդյուսերը նաեւ տեղեկացրեց, որ Սիլվան առաջիկայում դուետով հանդես կգա երգիչ Հարութ Բալյանի հետ՝ վերջինիս առաջարկով: Երգը գրել է հենց Հարութը: Նկարահանվելու է տեսահոլովակ:
Զրույցի ավարտին պարոն Հակոբյանն իր սրտի խոսքը հղեց ընթեցողին. «Ուզում եմ ասել, որ մեր ժողովրդին նոր շրջան է սպասվում, նոր Հայաստան: Հայն արարում էր ամբողջ աշխարհում, բայց ոչ՝ Հայաստանում: Հիմա իրավիճակը կփոխվի: Աստված մեզ հետ»,-եզրափակեց նա:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀԵՌԱՆԱԼ
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր չէ իր կամքով հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Նա արդեն հասկացրել է անգլիական ակումբի ղեկավարությանը, որ չի պատրաստվում հեռանալ: Դա նշանակում է, որ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու դեպքում «Չելսի»-ն պետք է փոխհատուցում վճարի Կոնտեին: Ի դեպ, իտալացի մասնագետն առաջարկներ չունի այլ ակումբներից ու հավաքականներից: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ամառը: Նշենք, որ Անտոնիո Կոնտեն 2016 թվականից է գլխավորում «Չելսի»-ն, որը Պրեմյեր լիգայի ավարտից 3 տուր առաջ 5-րդ տեղում է:
Նախորդ տարի նա լոնդոնյան ակումբի հետ դարձել էր Անգլիայի չեմպիոն:

 

 

ՄՈՐԵՆՈՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Անգլիական «Լիերպուլ»-ի կիսապաշտպան Ալբերտո Մորենոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: Նա նաեւ խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Եթե նման հնարավորություն ունենայի, եզրափակչից առաջ կսպանեի Կրիշտիանուին: Խոսք չունեմ, աննկարագրելի զգացողություն է, իսկ տիտղոսը մոտ է: Ինչ վերաբերում է Սալահին, ապա նա շատ կարեւոր էր մեզ համար ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Հույս ունենանք, որ նրա մոտ կստացվի եւս մեկ յուրահատուկ հանդիպում»,-նշել է Մորենոն:
Նշենք, որ «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Կիեւում:

 

 

ԽՆԴԻՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Մադրիդի «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին: «Եվրագավաթների այս մրցաշրջանը ցույց է տալիս, որ առաջին խաղի ոչ մի արդյունք չի կարող ապահովել հաջողությունը: Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ տեխնիկական գոտուց թիմը իմ փոխարեն ղեկավարելու է Հերման Բուրգոսը: Դա ծանոթ իրավիճակ է, իսկ մենք իրար հասկանում ենք կես խոսքից: «Արսենալ»-ը անկրկնելի խաղացողներով ու հրաշալի մարզիչով թիմ է: Լոնդոնցիները կրեատիվությամբ են առանձնանում խաղադաշտում, իսկ թիմի ուղեղը Մեսութ Օզիլն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Դիոգո Սիմեոնեն 13-րդ րոպեին ստացել էր կարմիր քարտ:




Լրահոս