ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

ՀՀ քաղաքացիներն անգամ աղբամանի վրա են գրում դեռեւս իշխող կուսակցության` ՀՀԿ-ի անունը` այս կերպով ցույց տալով իրենց մերժողական վերաբերմունքը:

 

 

ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է Երեւանի պետական համալսարանի 3-րդ կուրսում` տնտեսագիտություն ու կառավարում բաժինը: Նրա երեխան 11 ամսական է: Մենք երեխային պահում ենք, իսկ նա գնում է դասի: Տեղյակ ենք, որ բուհը պետք է 50 %-ով վարձը զեղչի, սակայն ոչինչ չի անում: Պատճառաբանում են, որ ՄՈԳ-երը պետք է բավարար լինեն: Նրա ՄՈԳ-երը 9, 78 է, որը լիովին բավարար է վարձավճարը զեղչելու համար: Դիմել ենք նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, սակայն այնտեղից էլ պատասխան չկա: Խնդրում եմ` այս հարցին որեւէ լուծում տվեք: Չի կարելի մարդկանց հետ այսպես վարվել:

Գնել Ասատրյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցը կարգավորվում է` «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1 մասով այն է` «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին` ուսանողներին վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում` նաեւ հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
-մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս»:
Նույն հոդվածի 4.3 մասով` «Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում»:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ԵՊՀ-ի տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի ուսանողուհու ուսման վարձավճարի վերաբերյալ դիմումին մեկ անգամ եւս պատասխան տրվել է ՀՀ ԿԳ նախարարության 03.21.2018թ. գրությամբ:
Հարկ եմ համարում տեղեկացնել նաեւ, որ ուսման վճարը, մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը սահմանում է եւ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:

ՀՀ ԿԳՆ տեղակալ Վահրամ Մկրտչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում զարմանալի է, թե բուհն ինչու տվյալ ուսանողուհուն չի ընդառաջում: Թեեւ պատասխանում նշված է, որ ԿԳՆ-ի կողմից պատասխան է տրվել նրա դիմումին, սակայն հայտնի չէ, թե ինչ է նշված եղել պատասխանում:
Պատասխանում մեջբերած օրենքներից ակնհայտ է, որ ուսանողուհին իրավունք ունի օգտվելու վարձավճարի զեղչից, իսկ թե ինչու է ընկել ավելորդ քաշքշուկների եւ անախորժությունների մեջ, հայտնի չէ:

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ 6 տարվա աշխատանքային ստաժ: Ունեմ 3-րդ կարգի հաշմանդամություն եւ ստանում եմ հաշմանդամության թոշակ: Իմ թոշակի չափը չեն ավելացնում: Ինչո՞ւ:

Անի Ներսիսյան (Արագածոտն մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային, այդ թվում` հաշմանդամության կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով. 2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Ելնելով վերոգրյալից` Ա. Ներսիսյանի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը կփոխվի, եթե փոխվի հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը կամ նրա աշխատանքային ստաժը:
Իսկ եթե նա ստանում է հաշմանդամության նպաստ, ապա հաշմանդամության նպաստի չափը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրացվելու դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է հիմնական կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի չափերից, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, աշխատանքային ստաժի տարիներից եւ հաշմանդամության խմբից:




Լրահոս