Նոր մանրամասներ Արմավիրում սննդային թունավորման դեպքից. որն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ սննդային թունավորումով հոսպիտալացված 88 հիվանդից ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` նրանց վիճակը թեթեւ եւ միջին ծանրության է: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին սննդային թունավորման կասկածանքով «Արմավիր» բժշկական կենտրոն էին դիմել Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներից մի քանիսը պատմեցին, որ սննդային թունավորման մի քանի վարկած է շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն` թունավորման պատճառը հիգիենայի անբավարար պայմաններն են եղել: Իսկ մեկ այլ վարկածով` աշխատողները հավի մսով կարկանդակ ուտելուց հետո են իրենց վատ զգացել:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱՆ-ից տեղեկացավ, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Նշենք, որ այն մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի եւ ջրի միջոցով: Ի դեպ` տեղեկացնենք, որ սննդի, շրջակա միջավայրի լվացուկների եւ ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Սառնարանում եղած խոհարարական արտադրանքի, ջրի եւ կեռասի նմուշառումները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

«ժողովուրդ» օրաթերթը ընկերության աշխատակիցներից տեղեկացավ, որ իրենք այդ օրը կերել են ոչ միայն հավի կրծաքմսով կարկանդակ, այլեւ պանրով: Իսկ ահա ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները պարզել են, որ ընկերությանը հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով եւ կանչիով սենդվիչներ մատակարարել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանը: Ըստ ՍԱՊԾ-ի` նա մատակարարել է 247 հատ սենդվիչ:

«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ամենի արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ա. Մելքոնյանի գործունեությունը: Ի դեպ` ՍԱՊԾ-ն սկսել է վերահսկողություն իրականացնել նաեւ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարող «Ալկա ֆուդ» ընկերությունում: Եւ չի բացառվում, որ սալմոնելոզի հարուցիչներով հավի կրծքամիս Մելքոնյանին մատակարարել է հենց այս ընկերությունը: Ի դեպ` «Ալկա ֆուդ» ընկերությունը ստեղծվել է դեռեւս 2010 թվականին, իսկ հիմնադիրն է Արթուր Պետրոսյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս