Թատրոնում ինձ որևէ բան չի կարող կաշկանդել. Արաքսյա Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես միշտ եղել եմ ժողովրդի կողքին եւ նույնիսկ վիրավորական էր, երբ մարդիկ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժման ժամանակ մոտենում էին ինձ եւ ասում էին․ «Վա՜յ, ինչ լավ է, որ մեզ հետ եք»։ Չհասկացա՝ բա ո՞ւմ հետ պետք է լինեի։ Այստեղից հետեւություն՝ արվեստագետներն այնքան սխալ են պահել իրենց, որ հանրությունն այլ կարծիք է կազմել նրանց մասին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը։

Նա տպավորված է ժողովրդի հաղթանակով եւ եթե նախկինում մտածում էր իր որդուն ամեն գնով բացառապես արտերկրում ուսման տալու մասին, այժմ արդեն վերանայել է իր տեսակետը, քանի որ հույս ունի, որ նա Հայաստանում էլ կարող է լավ կրթություն ստանալ։

Հարցին, թե Մայր թատրոնում նրան չեն կաշկանդել արդյոք քաղաքական պրոցեսների մասնակիցը լինելու համար, դերասանուհին պատասխանեց․ «Թատրոնում ինձ որեւէ բան չի կարող կաշկանդել, իմ մասին ասում են․ «Այ մարդ, էս աղջիկն էսա էլի կխոսի», բայց ես չեմ փոխվի, միշտ ասում եմ՝ աշխարհից գնալու եմ անարդարության պակասից (ծիծաղում է)։ Ես իմ ամբողջ կյանքում իմ ընկերների համար եմ գնացել ղեկավարության դռները բարեխոսելու։ Միշտ անհաշտ եմ եղել անարդարության դրսեւորումների հետ»։

Նա նաեւ խոսեց թատրոնում առկա գլխավոր խնդրի մասին, որն, ըստ իրեն, նախարարությունը պետք է առաջնահերթ լուծի․ «Հարկավոր է առաջինը բարձրացնել թատրոնի դերասանի աշխատավարձը, որպեսզի որեւէ հեռուստանախագծում նկարահանվելիս նրան չասեն․ «Էդ քոսոտ աշխատավարձի խաթե՞ր ես ժամանակ կորցնում թատրոնում»։ Այսօր թատրոնի դերասաններն այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ ձգտում են որեւէ նախագծում նկարահանվել կողմնակի եկամուտ ապահովելու համար։ Դրանից նրանք «մաշվում են», աշխատանքն էլ դառնում է անորակ։ Այս ողորմելի աշխատավարձ ստացող դերասանը կարող է նման պայմաններում պարզապես դուրս գալ թատրոնից»,- եզրափակեց Արաքսյան։

Աննա Բաբաջանյան




Լրահոս