Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազը շարունակում է բողոքը` կապված բուժկենտրոնի լուծարման խնդրի հետ: Ինչպես հայտնի է` այս տարվա ապրիլի 12-ին կառավարությունը որոշում էր կայացրել լուծարել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն և այն միավորել Սիսիանից 9 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական հոսպիտալին: Սա հարուցել է բուժկենտրոնի աշխատակիցների եւ ազգաբնակչության դժգոհությունը։
Խնդրի վերաբերյալ ArmLur.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սիրակ Սիրեկանյանը նշեց. «Հիվանդանոցը կենտրոնական ճանապարհից բավական հեռու է գտնվում` մոտ 7 կմ, իսկ մինչեւ հոսպիտալ՝ 9 կմ է հեռավորությունը: Սա լուրջ խնդիր է ոչ միայն մարդկանց համար, այլեւ` բժիշկների: Թե՛ հիվանդանոցում, թե՛ հոսպիտալում որակյալ մասնագետներ են, բայց խնդիրն այն է, որ այս հեռավորությունը բացասաբար է ազդում հիվանդի վրա` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հիվանդանոցը սպասարկում է ոչ միայն Սիսիան քաղաքի բնակչությանն, այլեւ հարակից շուրջ 36 համայնքների»։
Սիրեկանյանը շեշտեց նաեւ, որ կառավարությունը որոշում է կայացրել հիվանդանոցը լուծարելու մասին, սակայն հստակ օր նշված չի եղել: Որոշումը կայացվել է ապրիլի 12-ին, սակայն իրենք այդ մասին տեղեկացել են մայիսի 2-ին: «Դա այն ժամանակ, երբ տեղեկացրին, որ Պաշտպանության նախարարությունից եկել են ընդունում և հանձնում իրականացնելու: Մայիսի 2-ից հետո՝ բաժնի վարիչներով և բուժաշխատողներով, մենք բազմաթիվ նամակներ ենք գրել և՛ ՊՆ-ին, և՛ Առողջապահության նախարարությանը, բայց, մեկի պատասխանն ենք ստացել: Նշվում է, որ հիվանդանոցը ոչ որակյալ բուժօգնություն է ցուցաբերում: Սա իրականությանը չի համապատասխանում, մեր ուժերի ներածին չափով անում ենք ամեն հնարավորը:
Ավելին, վերջին տարիներին հիվանդանոցը իր մատուցած ծառայություններով բարձր գնահատականի է արժանացել տարածաշրջանի նման հաստատությունների շարքում և դրա դիմաց ֆինանսական որոշակի բոնուսներ ստացել։ Մեզ հետաքրքրում է, թե ինչու՞ մենք ու բուժաշխատողները տեղյակ չենք կատարվող իրողություններից»,- նշեց նա: Վիրաբույժն ասաց նաեւ, որ Սիսիանի և հարակից գյուղերի բնակչությունը շարունակելու է պայքարել, որպեսզի հիվանդանոցը չլուծարվի և իրենք գնալու են մինչև վերջ:
Բուժհաստատության աշխատակիցների պնդմամբ, դեռեւս հայտնի չէ, թե լուծարվելուց հետո ինչ ճակատագիր է սպասվում շուրջ 160 աշխատակիցներին։ Նշենք, որ բուժկենտրոնի աշխատակիցները եւ Սիսիանի ազգաբնակչությունը ստորագրահավաք են նաեւ իրականացրել` ընդդեմ բուժկենտրոնի լուծարման: Հավաքվել է ավելի քան 3000 ստորագրություն:
Սյունիքի մարզի ոլորապտույտ ճանապարհներն, ինչպես հայտնի է` անբարեկարգ վիճակում են եւ այդ հատվածներով երթեւեկելը, հատկապես ձմռանը խիստ դժվարանում է: Եվ այս իրավիճակում եթե բժշկական կենտրոնը փակվի, բնակչությանն առաջին բուժօգնություն ցուցաբերելը կդառնա անհնար: