ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԽՈՒԹԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր սահմանադրության հեղինակները հոգացել են, որպեսզի Հայաստանում հնարավորինս բացառեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Ըստ այդմ, Սահմանադրությամբ ԱԺ լիազորությունների վաղաժամ դադարեցման համար բավական խրթին ընթացակարգեր են սահմանված, այն էլ իրավաբանական առավել քան խճճված ձեւակերպումների տեսքով:
Ինչպես հայտնի է` ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ում մայիսի 8-ին կընտրեն վարչապետ, պահանջում է նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում: Նա հայտարարել է, թե ԱԺ-ն պետք է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չընդունի ժամանակավոր կառավարության ներկայացրած ծրագիրը, եւ իրավունքի ուժով ԱԺ լիազորությունները դադարեն, անցկացվեն նոր ընտրություններ: Բայց արի ու տես, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ կառավարության ծրագիրը չընդունելուց հետո ոչ թե իրավունքի ուժով արձակվում է ԱԺ-ն, այլ կառավարությունն է հրաժարական տալիս: Կրկին պետք է անցկացվեն վարչապետի ընտրություններ` Սահմանադրության 149-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ կետերի համաձայն, եւ եթե այս դեպքում էլ չի ընտրվում վարչապետ, ԱԺ-ն արձակվում է: Սահմանադրությունն այսքան խճճելն ու արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհին դժվարություններ ստեղծելն արվել է մի բանի՝ հնարավորինս բացառել իշխանափոխության տարբերակները` ապահովելով ՀՀԿ իշխանության հավերժացումը: Ահա, թե ինչու ՀՀԿ-ն որոշակի դիմադրությունից հետո «հանձնվեց»` հայտարարելով ԱԺ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն օգնելու որոշման մասին:

 

 

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեթեւ ձեռքով «Ձեւավորում» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրքերում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փողոցների ձեւավորման, գեղարվեստական կոմպոզիցիաների համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացնում ուրիշ ընկերություններ` առաջարկելով բավական ցածր գին: Սակայն քաղաքապետարանը, միեւնույն է, հաղթող է ճանաչում «Ձեւավորում» ՍՊԸ-ին, եւ սա այն դեպքում, երբ այն շատ ավելի մեծ գումարներ է պահանջում ծառայությունների դիմաց: Նման մի մրցույթի արդյունքում տուժել է «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը: Գեղարվեստական կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով անցկացված մրցույթին այս ընկերության գնային առաջարկը կազմել է 6 մլն 40 հազար 650 դրամ: Քաղաքապետարանը մերժել է «Ֆիոնա Ֆլորա»-ին` պատճառաբանելով, թե «թանկ է», բայց հաղթող է ճանաչել «Ձեւավորում» ՓԲԸ-ին, որն իր ծառայություններն առաջարկել է 7 մլն 975 հազար դրամով, այսինքն՝ բավական թանկ: Երեւի այստեղ «ատկատի» փողերը լավ են ապահովում, դրա համար էլ Մարգարյանի անփոխարինելի գործընկերն են:

 

 

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ Արմեն Ամիրյանն օրերս ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց առաջ խորհրդակցել է մի խումբ արվեստագետների հետ: «Մենք միասին ենք խորհրդակցել, եւ այդ խորհրդակցության արդյունքում է կայացվել հրաժարականի որոշումը: Ինձ հետ պարոն Ամիրյանի մոտ եղել են Էդուարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը: Մենք ունեցել ենք բավական հետաքրքիր զրույց: Նախարարության մոտ հավաքվածներին չգիտեմ` ինչ էր թվում, բայց ես բարձրացել էի իմ ընկեր Արմեն Ամիրյանի մոտ, եւ մենք ընկերներով նրան ասացինք, որ հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը: Եվ դա չուշացավ»,- ասել է Թոխատյանը: Նա խոսել է նաեւ համաժողովրդական շարժման հաղթանակի մասին` ասելով, թե հաղթանակը միայն տոնակատարությունները չեն, եւ հաղթանակը պահելն ամենօրյա գործընթաց է: «Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու: Անցնելու ենք շատ դժվար ուղի, որովհետեւ դեռ պարզ չէ, թե հին իշխանությունից մեզ ինչ ժառանգություն է մնացել»,- նշել է նա:

 

 

 

Հասարակությունը բավական ոգեւորված է համաժողովրդական շարժման հաղթանակով, երբ ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաջողվեց հրաժարական պարտադրել անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին: Միայն թե, հիմա ոգեւորությունը, ազատությունը երբեմն այլ դրսեւորումներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, դասախոսներին պարտադրելով նշանակել իրենց գնահատականներն առանց քննության: Իսկ եթե ոչ, ուսանողները «սպառնում են» դասերին չներկայանալ, ճանապարհ փակել եւ այլն: Եվ սա, չնայած շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ ուսանողները գնան դասի, սովորեն հանձնարարված դասերը: Թերեւս, Փաշինյանը եւս մեկ հայտարարությամբ պետք է հանդես գա, որով կոչ անի ուսանողներին սովորելու պատշաճ կատարել պարտականությունները եւ շարժման հաշվին խույս չտալ ուսումնառության ընթացքում ցուցաբերած թերացումներն ուղղելուց:

 

 

 

ԴԻՄԱԿԱՅՈՂ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում առաջիկայում սահմանադրական ճգնաժամ է սպասվում: Սա այն բանից հետո, երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, բայց ամեն գնով փորձի ձախողել Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Ըստ այդմ, Հայաստանում կստեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի եւ կառավարության միջեւ սկիզբ կառնի լուրջ հակամարտություն, կոշտ դիմադրություն: Եւ հատկապես օրենսդիր իշխանությունը վայրկյան անգամ չի վարանի տարատեսակ խոչընդոտներ հարուցելու գործադիրի ճանապարհին՝ ձախողելու վերջինիս ծրագրերը:
Գործադիր իշխանությունը կգլխավորի Ն. Փաշինյանը, որին ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունը «հոգու խորքում» դեմ է: Փաշինյանին հեշտությամբ կհաջողվի ձեւավորել իր ժամանակավոր կառավարությունը, քանի որ նախարարներին նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Եթե անգամ նախագահը հրաժարվի ստորագրել Փաշինյանի առաջադրած կադրերին աշխատանքի նշանակելու հրամանագիրը, ապա Սահմանադրության համաձայն` միեւնույն է` այն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով: Իսկ ՀՀԿ-ն դե յուրե կշարունակի մնալ իշխանության ղեկին՝ որպես խորհրդարանական մեծամասնություն: Դա հնարավորություն կտա ՀՀԿ-ին էապես ազդել օրենսդրական դաշտում որոշումներ կայացնելու գործընթացի վրա: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ն կոճակային մեծամասնության շնորհիվ հանգիստ կկարողանա խորհրդարանում մերժել ցանկացած օրինագիծ, ավելին՝ ՀՀԿ-ն կկարողանա օրենսդրական այնպիսի բազա ստեղծել, որով կնվազեցվեն կամ կկրճատվեն վարչապետի լիազորությունները: ՀՀԿ պահվածքի դեպքում, երբ փորձ է արվում մինչեւ վերջին վայրկյանը կառչել իշխանությունից, դիմակայության այս սցենարը միանգամայն հնարավոր է, եթե ԱԺ-ում քաղաքական մթնոլորտ չփոխվի, եւ ՀՀԿ-ից սահուն անցում չկատարեն դեպի Փաշինյան:
Երկիշխանության դեպքում նաեւ դժվար կլինի տարբերակել՝ ո՞վ է իշխանություն, ո՞վ ընդդիմություն: Առավել եւս, երբ հիմա դե յուրե իշխանության ղեկին միայն ՀՀԿ-ն է. ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից, բայց իրեն չի հայտարարել ընդդիմություն, համագործակցում է Փաշինյանի հետ: ԲՀԿ-ն էլ շարունակում է ՀՀԿ-ի հանդեպ ընդդիմադիր կեցվածքը, բայց եւ աջակցում Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ ապագա կառավարությանը: Այս ամենը հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական հանրաքվեի նախօրեին արած մի արտահայտություն. «Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է»: Իրոք, անտրամաբանական է: Բայց այս իրավիճակը կարելի է շտկել` հենց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելով:




Լրահոս