ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ «ԿՀԱՐՑԱՔՆՆԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրվանից ՀՀ դատարանների նախագահներին նոր փորձություն է սպասվում: Բանն այն է, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին կանչելու է «հարցաքննության», որից հետո պարզ կլինի, թե ով կշարունակի պաշտոնավարել դատարանի նախագահի պաշտոնը:

Ներքին կարգով
Ինչպես հայտնի է` ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդը անցել է իր գործառույթների իրականացմանը, որից հետո` երեք ամսվա ընթացքում, ըստ դատական օրենսգրքի 89 հոդվածի համաձայն՝
1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
2. Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ` առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3. Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին:
Եվ այսպես` երկրում ստեղծված իրավիճակը, ըստ էության, Բարձրագույն դատական խորհրդի անդամների բնականոն գործունեությունը կասեցրել էր, սակայն մայիսի 3-ից ԲԴԽ արդեն անցել է կոնկրետ աշխատանքների: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ դատարանների նախագահներին ասել են, որ երկուշաբթի օրվանից մեկնարկում է դատարանների նախագահների նշանակման հարցը: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ դատարանների նախագահները ներքին կարգով ասել են, որ նշանակումը հենց այնպես չի լինելու, այլ վերջիններս պետք է ներկայանան Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ խորհրդի անդամները կզրուցեն թեկնածուների հետ, որից հետո որոշում կկայացնեն՝ նրանք կնշանակվե՞ն դատարանների նախագահներ, թե՞ պարզապես կշարունակեն իրենց գործունեությունը շարքային դատավորի կարգավիճակով:

Ծանուցումներն ուղարկված են
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Բարձրագույն դատական խորհուրդն այս օրերին նաեւ ծանուցումներ է ուղարկել դատարանների նախագահներին, որ վերջիններս կոնկրետ ժամկետում ներկայացնեն իրենց թեկնածուներին:
Այսպիսով` պարզեցինք, որ ԲԴԽ մայիսի 7-ից 12-ը ժամանակ է տվել թեկնածուների ցուցակը ներկայացնել Արմավիրի, Վայոց ձորի եւ Արարատի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանների նախագահներին, իսկ ահա մյուս մարզերի դատարանների նախագահներին ժամանակ է տրվել թեկնածուների ցուցակը ներկայացնել մինչեւ մայիսի 21-ից 25-ը:
Ասել է, թե վերոնշյալ դատարաններում այս օրերին փորձում են թացը չորից տարբերել եւ հասկանալ, թե ով է համապատասխանում դատարանների նախագահի թեկնածուի չափանիշներին եւ կարո՞ղ է առաջադրել իր թեկնածությունը:

Նոր նշանակումն ու մերժվածները
Չնայած դատարանների նախագահների նշանակման բուն պրոսեցը սկսվելու է երկուշաբթի օրվանից, սակայն արդեն մեկ դատարանի դատավորի նշանակումը տեղի է ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ Արսեն Մկրտչյանը դեռեւս անցած տարի պայքարում էր Դատարանների միության նախագահի պաշտոնի համար, սակայն նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի «մարդը»` դատավոր Երվանդ Խունդկարյանը: Ստացվում է, որ նրան նեղացած չթողեցին, եւ մեկ տարի անց Արսեն Մկրտչյանը նշանակվեց ոչ ավել, ոչ պակաս դատարանի նախագահի պաշտոնում:
Սակայն նկատենք, որ ԲԴԽ բավականին լուրջ պայքար է սկսել նաեւ սկսնակ դատավորների դեմ: Բանն այն է, որ մայիսի 4-ին Բարձրագուն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկություն է եղել` ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար, սակայն օրենքով սահմանված կարգով առաջադրված երկու թեկնածուները նշանակման ներկայացնելու համար չեն ստացել Խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:
Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, երկուշաբթի օրվանից սկսվում է դատարանների նախագահների նշանակման հարցը, լինելու է կոնկրետ հարցազրույց, պատրաստվե՞լ եք հարցազրույցին, ի՞նչ սպասելիքներ ունեք, կնշանակվե՞ք կրկին դատարանի նախագահ:
-Ես, անկեղծ ասած, ընթացակարգին, բացի այն, ինչ դատական օրենսգրքով նախատեսված է, այլ կարգի ծանոթ չեմ, չգիտեմ` ինչպես է լինելու, չգիտեմ` մյուսները ինչպես են պատրաստվում, ես այդպես հատուկ պատրաստվելու հարց չեմ տեսնում: Կարծում եմ, որ եղած արդյունքները պետք է նայեն:
-Հիմա խաղի կանոններ են փոխվել, երկրում նոր իրավիճակ ունենք, ասել է, թե Բաղրամյան 26-ից այլեւս հրահանգ չի լինի, թե որ գործով ինչպես վճիռ կայացնենք, ի՞նչ եք կարծում` այս նոր պայմաններում հնարավոր կլինի՞ առավել անկախ լինել Ձեր վարույթում քննվող քրեական գործերի մասով:
-Մենք մինչեւ այդ էլ Բաղրամյան 26-ից հրահանգներ չենք ստացել, միգուցե Դուք թերահավատորեն մոտենաք, բայց այդպես է եղել, մենք նման հրահանգ չենք ստացել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

«ԿՐԱԿՈՏ» ՏՆՕՐԵՆԸ
Երեկ Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում պահանջում էին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Հրաժարականը պահանջում են ոչ միայն ուսուցչական կազմի ներկայացուցիչները, այլեւ մի քանի տասնյակ ծնողներ: Նրանք պնդում են, որ դպրոցում շարունակվում են պարբերական դրամահավաքները, ուսուցիչներն ու մյուս աշխատակիցներն իրենց ստացած տարեկան պարգեւավճարները հավաքում ու Ռ. Ազիզյանի վստահված անձի միջոցով հանձնում են նրան: Տնօրենը ճնշում է գործադրել ուսուցչական կազմի նկատմամբ. պատժելու սպառնալիքներ հնչեցրել գործադուլին եւ հավաքներին մասնակցող աշխատակիցների հասցեին:
Տեղեկացնենք, որ Ազիզյանը կարկառուն ՀՀԿ-ական է: Նրա անունը հայտնի դարձավ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Ազիզյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հիշել էր, որ իրենք համակուրսեցիներ են, նաեւ Սարգսյանին անվանել «կրակոտ տղամարդ»: Բացի այդ` կարկառուն ՀՀԿ-ական այս տիկինը հայտնվել էր 2017թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ բացահայտված սկանդալի կիզակետում: Սակայն SUT.am կայքը նախորդ տարի հրապարակել էր թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի ինքնախոստովանական հեռախոսազրույցը, որտեղ վերջինս հայտնում է ՀՀԿ-ի օգտին հավաքած 170 հոգանոց ցուցակի մասին: Ասել է, թե նա իր պաշտոնեական դիրքը, հակառակ օրենսդրական արգելքին, օգտագործել էր ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու նպատակով: Ավելին` Ռուզաննա Ազիզյանի գործունեության վերաբերյալ նախկինում պարբերաբար եղել են դժգոհություններ, ահազանգեր են եղել չարաշահումների մասին, բայց քաղաքապետարանի աշխատակիցները ստուգումների արդյունքում որեւէ փաստ չեն բացահայտել. դե, հասկանալի է` ստուգողներն էլ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի ներկայացուցիչներն են եղել, ասել է, թե իշխանությունների վերին օղակների, այդ թվում` Տարոն Մարգարյանի հրահանգով ծածկադմփոց են արել ամենը, չնկատելու տվել փաստերը:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հավաքվածներին տեղեկացրել է, որ խմբակցությունը կդիմի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով աշխատանքից ազատել Ազիզյանին: Չնայած, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանը եւս ՀՀԿ-ական իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, հազիվ թե իր կուսակցին հեշտությամբ «փուռը տա»:
Հ.Գ. Ի դեպ, տնօրենի գործունեության վերաբերյալ ուսուցիչների մատնանշած փաստերը իրենց մեջ հանցագործության տարրեր են պարունակում: Գլխավոր դատախազությունն այս մասին ԶԼՄ հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն: Տեսնես՝ ընթացք կտա՞ն, թե՞ ծածկադմփոց կանեն:

 

 

ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված` Ռուսաստանի որոշ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ. մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ: Խոսքը հետեւյալ քաղաքների մասին է` Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի: Հատուկ ռեժիմը ենթադրում է, որ oտարերկրյա քաղաքացիները, ՀՀ քաղաքացիները նույնպես, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո` 24 ժամվա ընթացքում, հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
2018թ. մայիսի 4-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը: ՀՀ քննչական կոմիտեի` ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան հանգամանքները: Հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա: Մասնավորապես Տ. Մուրադյանի ներկայացրած հաղորդումը տեղեկություններ է պարունակում, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երեւան քաղաքի փողոցներում եւ հրապարակներում տեղի ունեցած հավաքների անցկացման ընթացքում քաղաքացիները փորձել են դադարեցնել Երեւան-Աբովյան ավտոճանապարհի երթեւեկությունը, իսկ այդ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձել են հեռացնել հիշյալ քաղաքացիներին: Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, բռնության զուգորդմամբ խոչընդոտել են նույն վայրում հավաքները լուսաբանող եւ տեսանկարահանում իրականացնող լրագրող Տ. Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը` նրան հեռացնելով այդ տարածքից: Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս