ԾՆՎԱԾ ՕՐՎԱՆԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈ՞Ց ԵՆ ԳՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան ներքին քաղաքական կյանքը վերջին մեկ ամսում բավական լարված էր: Արդեն ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժումը կարծես թե հաղթանակ գրանցեց, եթե հաշվի առնենք ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին սատարելու է խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ: Վերջին օրերին գրանցված իրադարձությունների մասին զրուցել ենք Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:

-Պարո՛ն Թոխատյան, քաղաքական դաշտում գրանցված վերջին հանգուցալուծումը Ձեր սրտո՞վ էր, դա ա՞յն էր, ինչին Դուք սպասում էիք:
-Իհարկե: Գիտեք՝ մենք սրան սպասել ենք 1988-ից սկսած: 1988-ից անցավ երկու-երեք տարի, եւ, ցավոք, մեր երազանքը սկսեց քիչ-քիչ ընդունել գորշ գույներ: Այսօրվա մեր երիտասարդությունը եկավ ու վերադարձրեց այդ գույները: Իսկ սա լրիվ ուրիշ երիտասարդություն է, մեզ նման չի: Դեռ այն ժամանակ մենք շատ հաց ու պանիր պետք է ուտեինք, որ այս երիտասարդների պես լինեինք: Կարծում եմ, որ իրենք կկարողանան պահել, ամրապնդել ձեռք բերածը, եւ մենք կունենանք այն, ինչի մասին երազել ենք: Ուզում եմ վստահ լինել դրանում:
-Մի քանի օր առաջ Դուք նշել էիք, որ Նիկոլ Փաշինյանին տեսնում եք Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում: Հիմա, կարծես, այդպես չեք կարծում, այո՞:
-Այո՛, բայց ԱԺ հատուկ նիստում հնչած հարցուպատասխանը ինձ համար որոշիչ եղավ: Ես այնքան կուզենայի, որ անկախ Հայաստանի բոլոր վարչապետները հանրապետականների տված հարցերին պատասխանած լինեին: Երբ Սերժ Սարգսյանն էր ընտրվում վարչապետ, ինչո՞ւ նրան էլ այդ հարցերը չէին տալիս: Նրանց հարցերից կարելի էր ենթադրել, որ մեր բոլոր վարչապետները ծնված օրվանից «վարչապետական» դպրոց են գնացել: Պարզ է, որ վարչապետը ամենակարեւոր մենեջերն է, երկրի, թատերական լեզվով ասած, պրոդյուսերը, եւ նա կհավաքի այն թիմը, որի անդամները կկարողանան պատասխանել այդ բոլոր հարցերին:
-Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը, քանի որ, նրանց պնդմամբ, տնօրենը ճնշում է գործադրել իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների հանդեպ, որոնք մասնակցել են գործադուլին եւ հավաքներին: Սա կարելի՞ է ինքնամաքրման պրոցես համարել:
-Ես կարող եմ այդ ամենը հասկանալ, բայց թող երեխաները երկու օր էլ ոտքները կախ գցեն, ու կգա նորմալ նախարար, որի մասին մենք երազել ենք: Այդ ժամանակ էլ թող բարձրացնեն այդ հարցը: Հիմա տնօրենը, եթե իսկապես նախկինում նման սխալներ է թույլ տվել, դիմում չի գրելու, երեխաների պահանջը չի կատարելու:
-Այս օրերին բուռն քննարկվեց մշակույթի` արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականը: Մշակույթի գործիչները հավաքվել էին նախարարության մոտ եւ հորդորում էին նրան միանալ ժողովրդին: Հետո Դուք եւ էլի մի քանիսը բարձրացաք պարոն Ամիրյանի մոտ, ինչին հետեւեց հրաժարականը: Ի՞նչ խոսեցիք պարոն Ամիրյանի հետ:
-Մենք միասին ենք խորհրդակցել, եւ այդ խորհրդակցության արդյունքում է կայացվել հրաժարականի որոշումը: Ինձ հետ պարոն Ամիրյանի մոտ եղել են Էդուարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը: Մենք ունեցել ենք բավական հետաքրքիր զրույց: Նախարարության մոտ հավաքվածներին չգիտեմ` ինչ էր թվում, բայց ես բարձրացել էի իմ ընկեր Արմեն Ամիրյանի մոտ, եւ մենք ընկերներով նրան ասացինք, որ հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը: Եվ դա չուշացավ:
-Պարո՛ն Թոխատյան, ո՞րը պետք է լինի ամեն քաղաքացու անելիքը՝ գրանցած հաղթանակը պահպանելու համար:
-Առաջին հերթին մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաղթանակը միայն տոնակատարությունները չեն, եւ փողոց դուրս գալը չէ: Հաղթանակը պահելն ամենօրյա գործընթաց է: Հարկավոր է մեզանում իսպառ վերացնել «Երկիրը երկիր չի», «Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտությունները, պետք է անընդհատ աշխատել: Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու: Անցնելու ենք շատ դժվար ուղի, որովհետեւ դեռ պարզ չէ, թե հին իշխանությունից մեզ ինչ ժառանգություն է մնացել: Ամենակարեւորն այն է, որ մեր երկրում օրինականություն հաստատվի: Եթե օրենքը վերջապես ոտք դնի հայաստանյան հողի վրա, մեր խնդիրների զգալի մասը լուծված կլինի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ՄԻԱՑԵԼ ԵՄ ՇԱՐԺՄԱՆԸ, ՈՒՂՂԱԿԻ ՍԵԼՖԻ ՉԵՄ ԱՐԵԼ»
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժմանն այս ընթացքում միացել են մշակույթի մի շարք գործիչներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Սակայն նրանցից ոմանք շարժմանը միացան վերջին օրերին միայն, երբ ակնհայտ էր, որ շարժումը հաջողել է: Հանրության շրջանում եղան քննարկումներ վերջերս, երբ Հանրապետության հրապարակում ժողովրդական շարժման մասնակիցների համար կազմակերպված համերգային ծրագիրը վարում էր հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանը, ով, ի դեպ, նախկինում վարել է նաեւ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված միջոցառումներ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Սամվելը պարզաբանեց, որ վերջին օրերին չէ, որ միացել է շարժմանը. «Շարժմանը ավելի վաղ եմ միացել, ուղղակի սելֆիներ չեմ արել, ուղիղ եթեր չեմ մտել, լուսանկարներ չեմ հրապարակել: Կարող եմ նույնիսկ փաստեր ներկայացնել, որ ավելի շուտ եմ միացել ժողովրդին, բայց չեմ կարծում, թե դրա կարիքը կա»:
Հարցին, թե սկզբում հավատո՞ւմ էր, որ շարժումը կհաջողի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նույնիսկ հիմա, երբ ամեն բան արդեն պարզ է, հավատս չի գալիս: Նախկին իշխանությունները այնպես էին արմատավորվել, որ դժվար էր պատկերացնել նման զարգացում: Հիմա արդեն տեսնում եմ, որ վաղը լուսավոր է լինելու: Հայաստանում ոչ միայն ռեժիմ է փոխվել, այլեւ հոգեվիճակ, մարդիկ բարիացել են: Մի ժամանակ մտածում էինք՝ ինչ չար են մարդիկ, հիմա հասկացանք, որ չար չեն. նրանց չարացրել էին»:
Մենք զրուցեցինք նաեւ շարժման ընթացքում հանրապետականների անունով քաղաքում հայտնված սեւ ժապավենների եւ ծաղկեպսակների մասին. «Միանշանակ դեմ եմ այդ ամենին: Ես չեմ ասում, որ ես ծնվել եմ ընդդիմադիր: Ոչ: Եղել են դեպքեր, երբ վարել եմ Հանրապետական կուսակցության քարոզարշավի միջոցառումներ: Թույլ տվեք չմոռանալ: Հանրապետականների մեջ ունեմ իսկապես շատ լավ ընկերներ, ո՞վ ասաց, որ բոլորը չարիք են: Ես չեմ հրաժարվում իմ ընկերներից: Սա հեղափոխություն է ռեժիմի դեմ, ոչ թե անհատների: Նրանցից շատերը հետագայում գուցե նպաստեն Հայաստանի բարգավաճմանը»,-եզրափակեց Սամվել Գրիգորյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս