«ԵԹԵ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ, ԹՈՂ ՄԿՆԴԵՂ ՈՒՏԵՆ, ՄԵՌՆԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն այսօր հավանաբար կունենա նոր վարչապետ: Խոսքը «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին է: Արդյո՞ք ՀՀԿ-ական գյուղապետերը պատրաստ են աշխատել նրա հետ: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ական մի քանի գյուղապետերի հետ:

ՀՀ Արագածոտնի մարզի 90 բնակիչ ունեցող Տեղերի ՀՀԿ-ական գյուղապետ Գառնիկ Հովհաննիսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյո՞ք պատրաստ է աշխատել Նիկոլ Փաշինայնի հետ նրա վարչապետ դառնալուց հետո, թե՞ ոչ: «Մեզ համար ինչ տարբերություն, թե ում հետ, թե որ կուսակցության ներկայացուցիչն է գալիս իշխանության, միայն թե մարդկանց համար լավ լինի»,- ասաց նա:
Սակայն Տեղերի գյուղապետը չշտապեց կիսվել հույսերի, սպասելիքների մասին. «Պետք է տեսնենք, նոր… Ամեն անգամ մենք ամեն ինչին ու բոլորին հավատացել ենք: Այլ ելք չկա, պետք է դարձյալ հավատանք… Բայց Նիկոլ Փաշինյանի մասին վատ կարծիք չունենք: Կուզենայինք, որ լավը լինի»: Ապա մեր զրուցակիցը փոխանցեց, որ ՀՀԿ-ի անդամատոմսից չի հրաժարվի, ավելին` չի պատրաստվում առաջիկայում կուսակցափոխ լինել կամ ՔՊ-ի շարքերը մտնել. «Հանրապետական եմ եւ այդպես էլ կմնամ»: Նա մեզ հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները այլեւս չեն կարող իրենց ծննդավայր բերել 1993-ականներին հեռացած գյուղացիներին:
Նույն մարզի Օթեւանի ՀՀԿ-ական գյուղապետ Ջամալ Սալմոյանն, ընդհակառակը, տարակուսում է` դուրս գա ՀՀԿ շարքերից, թե ոչ: «Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, ուղղակի այդ կուսակցությունը ժողովրդի տունը քանդել է: Ավելի լավ է` մարդը անկուսակցական լինի: Այդ կուսակցությունները եղբորը եղբոր դեմ են դուրս հանել. մեկը ՀՀԿ-ական է, մյուսը` դաշնակցական եւ այլն: Ես ճիշտ չեմ համարում կուսակցական լինել»,- նկատեց ՀՀԿ-ական գյուղապետը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` եթե ճիշտ չի համարում, ապա ինչպես է դարձել ՀՀԿ-ական, նա արդարացավ. «Դե որ կանչել էին, դրա համար էլ դարձա: Ավելի լավ է անկուսակցական լինել… ամենաճիշտ ուղին դա է … թե չէ, ամենքը իր կողմից քաշում է»:
ՀՀ Արարատի մարզի Լուսաշողի ՀՀԿ-ական գյուղապետ Հարություն Հարությունյանը հույս ունի, որ այս հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ կլինի Հայաստանի կյանքում: «Մենք ցածր պաշտոնյա ենք, ինչ տարբերություն, թե ում հետ կաշխատենք: Մեր երկիրը առաջ գնա, մարդիկ աշխատանք ունենան, կարողանան ընտանիք պահել, դա է կարեւորը: Բայց այս երկիրը մի քայլ առաջ է գնացել, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վաստակեցինք: Մեր գյուղից եւս մարդիկ կային հանրահավաքներին մասնակցող»,- ներկայացրեց Հ. Հարությունյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` հնարավո՞ր է` այս ամենի արդյունքում հրաժարվի ՀՀԿ-ից եւ «կուսակցափոխ» լինի, ՀՀԿ-ական գյուղապետը զայրացավ. « Իհարկե ոչ: Կյանքը ցույց կտա: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն այսօր դիրքերը զիջել է, մենք պետք է ՀՀԿ-ից դուրս գանք ու գնանք այլ ուղղությամբ: Մեզ ինչպե՞ս կհարգի, ինչպե՞ս կընդունի մեր բնակիչը, մեզ ճանաչողը: Կողմնորոշվող մարդիկ ենք եղել եւ ժամանակին կողմնորոշվել ենք այդ ուղղությամբ: Բայց ի՞նչ, նշանակում է, որ վաղն էլ կարող է կրկին իշխանափոխություն լինել, ուրեմն պետք է փախնե՞նք այդտեղ: Ես այդ կատեգորիայի մեջ չկամ: Ամեն դեպքում, ՀՀԿ-ականների սխալները գիտենք` որն է ճիշտ, որը` սխալ, ինչ վատ ու լավ կողմեր ունի ՀՀԿ-ն, մենք էլ մեր ներսում մեր կուսակիցներին ենք քննադատել»:
Նույն մարզի Նիզմամիի ՀՀԿ-ական գյուղապետ Հարութին Կարապետյանը կարծում է, որ «ՀՀԿ-ական լինելը ամոթ բան չէ»: Բայց եթե կուսակցությունից հրաժարվի, ապա մնալու է անկուսակցական: «Աստծու սիրուն, ես ՀՀԿ-ական գրքույկը գրպանումս չեմ ծնվել կամ նշանը կրծքիս: Միայն մեր սահմանները խաղաղ լինեն, որ տղաները գնան ու հետ վերադառնան: Եթե կուսակցությունը ինչ-որ բան այն չանի, ապա այդ դեպքում միայն կարող եմ մտածել դուրս գալու մասին: Եթե այսքանից հետո ոչ մի փոփոխություն չլինի, թող գնան, մկնդեղ ուտեն, մեռնեն, ինչ ասեմ… մեր ժողովրդի վիճակը եթե չլավանա, ուրեմն բոլորը սրիկա են, սուտասան»,- ներկայացրեց գյուղապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏ ՉԻ ՀԱՍԵԼ
Հայ-վրացական սահմանում գտնվող Բագրատաշենի մաքսակետով չի թույլատրվում նոր կամ հին անվադողերի ներկրումը Հայաստան: Խոսքն այն մասին չէ, որ մեկ կամ երկու անվադող առանց մաքսատուրքի Հայաստան ներկրել չեն թույլատրում, այլ մաքսատուրք վճարելու դեպքում անգամ մաքսակետի աշխատողները չեն թույլատրում այդ ապրանքատեսակի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանցի մի գործարար, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խնդրեց իր անունը չհրապարակել, ասաց, թե ինքը մի քանի հազար հին անվադող է հավաքել, նվիրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդ անվադողերով սահմանագոտում մարտական դիրքեր են կահավորվել, առանց որեւէ հիմնավոր պատճառի իրեն եւ այլոց արգելում են Հայաստան ավտոմեքենաների անվադողեր ներկրել: Գործարարը համոզված է, որ Հայաստանի տարածք ավտոմեքենաների անվադողեր ներկրելը ինչ-որ մեկի մենաշնորհն է, որի կամքն էլ կատարում են Բագրատաշենի մաքսակետի աշխատողները:

 

 

ԱՆՏԱՌԱՊԵՏԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մայիսի 5-ին սկսվել է Նոյեմբերյանի անտառտնտեսության նախկին տնօրեն, այդ անտառտնտեսությունը երկար տարիներ ղեկավարած Վասիլ Չիլինգարյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 38-314 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վ. Չիլինգարյանը մեղադրվում է այն բանում, որ զբաղեցնելով Նոյեմբերյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենի պաշտոնը` իր ղեկավարած կառույցում 2016թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ստուգում իրականացնող ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության ստուգող խմբի պաշտոնատար անձանց խնդրելու եղանակով դրդել է պաշտոնական կեղծիք կատարելուն` ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասի իրական չափը նվազեցնելուն, որով էական վնաս է պատճառվել պետական կազմակերպությանը եւ պետությանը: Վ. Չիլինգարյանը 1992-1996 թվականներին եղել է Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահը, պատերազմի շրջանում հաջողությամբ է ղեկավարել Նոյեմբերյանի շրջանը: Ճշմարտությունն այն է, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող անտառները ապօրինի հատումներից ավելի քիչ են տուժել, քան Տավուշի մարզի այլ տարածքների` Իջեւանի, Բերդի տարածաշրջանի անտառները, քան նույնիսկ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Դիլիջանի ազգային պարկի անտառները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

25.3 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության պահաբաժնում գտնվող ապօրինի, թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր հատելու արդյունքում առանձնապես խոշոր վնաս պատճառելու, կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սպիտակի» անտառպետության անտառապետ Գ. Ս.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնելու անտառպետության ղեկավարումը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի կանխել անտառային խախտումները եւ միջոցներ չի ձեռնարկել դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Առանց համապատասխան թույլտվության` հատել են 384 հատ տարբեր տրամաչափի ծառեր, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 25.353.000 ՀՀ դրամի վնաս:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՑԱՌԵԼ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը դիմել է ՀՀ մարզպետներին եւ ժամանակավոր պաշտոնակատարներին, Երեւանի քաղաքապետին եւ ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին` «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ: «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել եւ անցկացնել դպրոցին, մանկավարժին եւ սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել պարտադիր դրամահավաքի որեւէ դրսեւորում կամ անհարկի ծախսերի որեւէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը եւ սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դաս»-ը արատավորող եւ ավելորդ շքեղություններ առաջացնող որեւէ երեւույթից»,-նշված է ՀՀ ԿԳՆ-ի հայտարարության մեջ:




Լրահոս