Մեր քաղաքացին սկսել է իրեն անշնորհք պահել. Իրինա Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թատրոնի ոլորտում ֆինանսական ներդրումների կարիք կա, որպեսզի մեր աշխատանքը լինի ե՛ւ ծավալուն, ե՛ւ որակյալ։ Շատ լավ գիտենք, որ յուրաքանչյուր աշխատանքի որակ ֆինանսավորումից է կախված։ Իհարկե, հասկանալի է, որ այսօր միանգամից իրավիճակ չի փոխվելու, եւ կառավարության աշխատանքի արդյունքը երեւալու է ավելի ուշ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Իրինա Դանիելյանը։

Հարցին, թե հեղափոխութունից հետո արդյոք իր մեջ զարթոնք ապրել է քաղաքացին, տիկին Դանիելյանը պատասխանեց․ «Այո՛, ես զգում եմ այդ թարմ շունչը, բայց դա չի նշանակում, որ արդեն իսկ ամեն ինչ լավ է։ Պարզապես հույս ունեմ, որ ավելի լավ է լինելու։ Խառնվածքով հարմարվող մարդ եմ, բայց փոփոխության ցանկություն, իհարկե, կար»։

Կառավարության կազմի նոր կադրերի մասին դերասանուհին կոմպետենտ չհամարեց խոսել, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին էլ չի ճանաչում։

«Իհարկե, պետք է, որ մշակույթի նախարարը լինի ե՛ւ լավ կառավարիչ, ե՛ւ մշակույթից, արվեստից հասկացող մարդ»,-նկատեց նա։

Մենք հետաքրքրվեցինք՝ ինքը կամ այլ արվեստագետներ մտադի՞ր են հավաքվել, գնալ մշակույթի նախարարի մոտ, փոխանակվել կարծիքներով․ «Ես՝ ոչ, բայց, իհարկե, ունենք արվեստագետներ, որոնք եթե ցանկություն ունենան, կարող են գնալ նոր նախարարի հետ երկխոսելու։ Դա աշխատելու վատ տարբերակ չէ։ Նախարարը կարող է ընդունել կամ չընդունել այդ խորհուրդները, բայց լսել կարող է»,-ասաց տիկին Դանիելյանը։

Իսկ հարցին, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի զարթոնք ապրած քաղաքացին առաջիկայում չհուսահատվի, դերասանուհին հակադարձեց․ «Իսկ դուք չե՞ք համարում, որ մեր քաղաքացին սկսել է իրեն անշնորհք պահել այս փուլում։ Վստահելով այն մարդուն, ում ընտրել է՝ ժողովուրդը պետք է թողնի, որ նա աշխատի։ Ես իսկապես լավատես եմ եւ կարծում եմ, որ համբերելու դեպքում դրական տեղաշարժեր կգրանցվեն»։

Աննա Բաբաջանյան




Լրահոս