Չպետք է ստիպել, որ իշխանությունը սայթաքի․ Գագիկ Գինոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Սասնա ծռերի» ազատ արձակումը պահանջող կողմնակիցների բողոքի ակցիայի, ներկայիս իշխանությունների գործելաոճի, քաղաքացու անելիքների մասին զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ։ Նա նշել է, որ եթե չափից շատ շտապողականություն ցուցաբերենք, կստիպենք, որ նոր իշխանությունները սխալվեն, կնպաստենք, որ խառնաշփոթ ստեղծվի։ Պարոն Գինոսյանը շեշտում է՝ կույր պետք է լինել նոր կառավարության գրանցած դրական տեղաշարժերը չտեսնելու համար։

-Պարո՛ն Գինոսյան, «Սասնա ծռերի» կողմնակիցներն այս օրերին բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով նրանց ազատ արձակումը։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ Ըստ Ձեզ` սա ինչի՞ կհանգեցնի։

-Ես, իհարկե, կողմ եմ, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, բայց եթե չափից շատ շտապողականություն ցուցաբերենք, կստիպենք, որ նոր իշխանությունները սխալվեն, կնպաստենք, որ խառնաշփոթ ստեղծվի։ Ամեն դեպքում, այս խնդիրը հնարավորինս կարճ ժամկետում պետք է լուծել։

-Այսինքն՝ Դուք «Սասնա ծռերին» համարո՞ւմ եք քաղբանտարկյալներ։ Հիշում ենք՝ ավելի վաղ էլ նշում էիք, որ նրանց ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրելը ծիծաղելի է։

-Դե, ամեն դեպքում, իրականացվել է գաղափարական, քաղաքական ակցիա, որը պարունակել է նաեւ որոշ ռազմական գործողություններ։ Այն, որ գործողությունն իրականացվել է քաղաքական նկատառումով, ակնհայտ է։ Պարզապես իրադրությունից ելնելով՝ իրադարձությունները զարգացել են ոչ այնպես, ինչպես պլանավորված են եղել, եւ զոհեր են գրանցվել։ Մի բանում պետք է վստահ լինել, որ նոր իշխանությունն ունի բարի կամք խնդիրն օր առաջ լուծելու համար։ Պետք է թույլ տալ, որ իշխանությունը չսխալվի, եթե դա երկու-երեք ամիս չի ձգվելու, այլ ընդամենը երկու-երեք շաբաթվա մասին խոսք կլինի։ Մեր իշխանությունը ոչնչով չի տարբերվի նախորդ իշխանությունից, եթե գլխավոր դատախազին ակնհայտորեն ճնշի։ Նախորդ իշխանությունը դա անում էր՝ շեշտելով, որ «Սասնա ծռերի» գործը զուտ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություն է, եւ այն իրականացնողները պետք է պատժվեն։ Եվ եթե մենք էլ ստիպենք, որ գործողությունը դիտարկվի զուտ որպես քաղաքական, կկիրառենք նույն ձեռագիրը տարբեր մոտեցումներով։ Կարծում եմ, որ նոր կառավարությունը նոր լուծումներ ունի, եւ չպետք է ստիպել, որ այն սայթաքի։

-Դուք մեր երկրում դրական տեղաշարժեր հասցրե՞լ եք նկատել։ Որտե՞ղ են այդ արդյունքները դրսեւորվում։

-Կույր պետք է լինել՝ փոփոխությունները չտեսնելու համար։ Բոլոր նրանք, ովքեր նոր են ինչ-որ գործ ձեռնարկում, այդ մասին են վկայում։ Աստված տա՝ այդ խանդավառությունը ժամանակի հետ չմարի։ Մենք արդեն իսկ գիտակցում ենք, որ նոր Հայաստանում ենք ապրում։ Դրա ապացույցը ճանապարհային ոստիկանության վերաբերմունքն է, պետական ատյանների մոտեցումները այս կամ այն հարցին։ Մոտեցման փոփոխություն է նկատվում։

-Քաղաքացու այսօրվա քայլը ո՞րը պետք է լինի։ Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուրը ձեռք բերածը պահպանելու համար։

-Նժդեհն ասում էր, որ անվերջ եւ անդադրում վերանորոգչական աշխատանք է կյանքը, եւ եթե մենք ամեն ինչ պետք է թողնենք կառավարության ուսերին, հերթական անգամ կունենանք տապալված պետականություն։ Եթե հզոր, արժանապատիվ հասարակություն չլինենք, ոչինչ չի ստացվի։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ միջնորդ, որպեսզի ժողովրդի հզոր կամքի հետ հաշվի նստեն։ Այսինքն՝ ինքը եղավ հզոր կամքի գեներացնողը։ Իշխանությունը մեկ անձի առաջ չէ, որ վայր դրեց լիազորությունները, այլ հզոր կամքի տեր ժողովրդի։ Այս կամքը եթե ցուցաբերենք ամենուրեք, ամեն բան լավ կլինի։

Աննա Բաբաջանյան




Լրահոս