«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խմբակցությունում երեկ քննարկվել է պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի եւ Շիրակ Թորոսյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Հիշեցնենք, որ նրանք հակառակ խմբակցության որոշման, քվեարկել էին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ցոլակյանին ցանկանում են նկատողություն տալ, իսկ Թորոսյանին` խմբակցությունից հեռացնել:
Մեզ հայտնի դարձավ, որ Ցոլակյանը մասնակցել էր նիստին, Թորոսյանը՝ ոչ: Երեկվա նիստում վերջնական որոշում չի եղել, եւ մեկ շաբաթ անց ՀՀԿ-ականները կրկին կհավաքվեն քննարկում անելու: Իսկ մինչ այդ Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Ես կարծում եմ` ՀՀԿ խմբակցությունը շատ ավելի կարեւոր գործեր ունի քննարկելու, իմ հաստատ համոզմամբ, շատ ավելի լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, քան նման հարցեր քննարկելը»: Նա պնդել է, որ Փաշինյանի օգտին քվեարկել է խղճի մտոք. «Եթե իմ այդ սկզբունքը հարգվելու է խմբակցության կողմից, ապա խմբակցությունում իմ մնալ-չմնալու հարցն ինձ համար քննարկելի չէ»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: