
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին՝ նշելով, որ մայիս ամսվա ընթացքում այդ կառույցը երկու նամակ է ստացել «Ռոսսելխոզնադզորի» կողմից: Այժմ վարչապետը Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ է արվել այդ նամակներից հետո, և ում է զեկուցվել այդ խնդիրների մասին:
«Պարոն վարչապետ ,աշխատանքային կարգով քննարկում ենք ունեցել, զրուցել եմ այդ կազմակերպության նախագահի հետ», – նշեց Կարապետյանը:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ կառավարության անդամներից ո՞ւմ եք հայտնել: Ի պատասխան` Կարապետյանը նշեց, թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ կապվել չի կարողացել և այդ պատճառով քննարկումներից հետո հսկողություն են ուժեղացրել:
Վարչապետը խիստ էր խոսում Կարապետյանի հետ՝ ասելով, որ վարչապետ ընտրվելուց հետո խոսել է նրա հետ՝ հարցրել ինչ խնդիրներ կան և զարմացած էր, որ այդ նամակներից հետո՝ նաեւ իմանալով, որ Փաշինյանը հետաքրքրված է այդ խնդիրներով, իրեն չի հայտնել: ՍԱՊԾ պետն էլ ամեն կերպ փորձում էր արդարանալ, թե համապատասխան քննարկումներ և քայլեր ձեռնարկել է: