ՍԱՊԾ-ն ծառայողական ավտոմեքենաների պակաս չունի. ինչպես են պետական միջոցները վատնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանը ենթակա մարմին համարվող սննդամթերքի տեսչական մարմինը, որ նախկինում գործում էր ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն անվամբ, ծառայողական ավտոմեքենաների պակաս չունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՍԱՊԾ-ն ընդհանուր ունի 53 ծառայողական ավտոմեքենա, որից միայն 21-ը սպասարկում է գերատեսչության աշխատակազմին, այդ թվում եւ անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչություններին, իսկ 32-ը մարզերում է:

Արդյոք արդարացված է այս կառույցին նման քանակությամբ ծառայողական ավտոմեքենայով ապահովելը` հաշվի առնելով նաեւ կառույցի կատարած թերի աշխատանքը. այդ մասին պարբերաբար դժգոհություններ են հնչում: Մեկ փաստ էլ` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել են ծառայողական ավտոմեքենաների մի մասից, այնինչ Սննդամթերթի տեսչական մարմնում մտադիր չեն խնայողության ռեժիմի անցնել:

Այս տեսչության ղեկավար Իշխան Կարապետյանի երկու տեղակալի, աշխատակազմի ղեկավարին եւս սպասարկում են ծառայողական ավտոմեքենաներ: Անգամ աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինն ունի ծառայողական ավտոմեքենա: Ի դեպ, մարզային կառույցների աշխատակիցներին հիմնականում սպասարկում են խորհրդային տարիների, հին տարեթվի արտադրության ավտոմեքենաներ: Հայտնի է, որ նման ավտոմեքենաների պահպանման եւ ավտոպահեստամասերի ձեռքբերման համար պետական բյուջեից ավելի շատ գումարներ են ծախսվում: Չէ՞ որ բացի ավտոպահեստամասերից պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում նաեւ բենզինի, ապահովագրական, տեխնիկական զննման ծառայությունների համար:

Եւ զարմանալի չէ, քանի որ ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտել էր, որ ՍԱՊԾ-ն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ծախսել էր գնումների պլանով սահմանված նախահաշվից ավելի շատ գումար: ՈՒ այսքանից հետո Իշխան Կարապետյանը դեռ պաշտոնանկ չի արվել, էլ չենք խոսում պատասխանատվության ենթարկվելու մասին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս