ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե աշխատակիցը անաշխատունակության (հիվանդության) մեջ է գտնվել երեք ամսից ավելի, ապա ի՞նչ կարգով է իրացվում աշխատողի նպաստ ստանալու իրավունքը:
Սուսաննա Վարդանյան (38 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Վարդանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: