Իշխանափոխությունից հետո դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել: Մասնավորապես, մինչ իշխանափոխությունը տարբեր դատարանի դատավորները ունեցել են իրենց վարույթում քննվող միատեսակ քրեական գործեր եւ մինչեւ վճիռ կայացնելը հանդիպել եւ քննարկումներ են անցկացրել: Մասնավորապես քննարկել են ընդհանուր հայտարարի գալու մոտեցումների եւ սահմանված պատժաչափի հարցերը, որպեսզի ամեն մեկը տարբեր որոշում չկայացնի:
Այս քայլին դատավորները գնացել են, որպեսզի դատական համակարգում խայտաբղետություն չստեղծվի, այլ միանման լինեն նրանց որոշումները: Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո դատավորների ներքին հանդիպումներն ու պայմանավորվածությունները այլեւս չեն կայանում, ըստ էության, այն պատճառով , որ դատավորներից ոմանք հրաժարվել են հանդիպման գնալ: