Ինչ իրավիճակ է հեղուկ գազի շուկայում. գինը տնային բալոնների համար այդպես էլ չի էժանանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տարբեր քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում հեղուկ գազի գինն ավելի բարձր է, քան սեղմված գազինը: Ի դեպ, հեղուկ գազով ոչ միայն հնարավոր է լիցքավորել ավտոմեքենաների, այլեւ տան պայմանններում կիրառվող բալոնները: Մեզ դիմած քաղաքացիների պատմելով` Հայաստանի տարածքում նույն հեղուկ գազը մեքենայի բալոնը լիցքավորելու համար այլ գին ունի, իսկ տնային բալոնների համար այլ:

«Նրանց խոսքերով` տնային պայմաններում կիրառվող բալոնները հեղուկ գազով լիցքավորելու համար մեկ լիտրի դիմաց պահանջում են վճարել 240 դրամ: Մինչդեռ նույն հեղուկ գազով ավտոմեքենան լիցքավորելու դեպքում այն արժե 180-200 դրամ: Գնային այս պայմանը գործում է ՀՀ տարածքում: Մեզ դիմած քաղաքացիների պատմելով` հեղուկ գազի վաճառքով զբաղվող գազալցակայանների ղեկավարները ներքին պայմանավորվածություն ունեն իրար հետ: Սա է պատճառը, որ հեղուկ գազի գինը տնային բալոնների համար այդպես էլ չի էժանանում: Սակայն «Գազ Պրոպան» ընկերությունից այս հարցին այլ բացատրություն տվեցին. «Նույն գազն է` մեկը մեքենանների համար, մյուսը` բալոնների: Այսինքն` մեկի մեջ բութան նյութը շատ է պարունակում, մյուսի մեջ` քիչ: Մի խոսքով, տեխնիկական հարցեր են»:

Տեղեկացնենք, որ Հայաստանում հեղուկ գազ սպառողների թիվը զգալի կրճատվել է, որովհետեւ այսօր շատերի բնակարաններն արդեն գազիֆիկացված են, եւ մարդիկ բնական գազից են օգտվում: Հենց բնական գազի սպառման ծավալների աճն էլ իր ազդեցությունն է ունեցել նաեւ հեղուկ գազի գնաճի եւ սպառման վրա: Նախորդ տարիների համեմատ` հեղուկ գազ ներկրողները սկսել են ավելի քիչ գազ ներկրել: Ի դեպ, հեղուկ գազի գինը տատանվում է, քանի որ այն ներկրվում է արտասահմանից. Հայաստանում հեղուկ գազ ստանալու համար համապատասխան սարքավորումներ չկան:

Հ.Գ. Մեկ փաստ էլ. չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԴՄ տրամադրելու հորդորներին` մեծ գազալիցակայաններում շարունակում են հին ոճով աշխատել՝ «մոռանալով» ՀԴՄ տրամադրել, եւ տհաճությամբ այդ քայլին են գնում վարորդների հիշեցումից հետո:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս