Օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր. ՀՀԿ գյուղապետերը հանգրվան են փնտրում ԲՀԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՀՀԿ-ական գյուղապետերի մի մասը անհամբեր սպասում է կուսակցության ճակատագրին, մի մասը մտածում է դուրս գալու մասին, իսկ մի մասն էլ առաջիկայում դիմում կգրեն անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Գյուղապետերից շատերը ուղիղ տեսքով կամ անուղղակի ակնարկներով ասել են, որ ժամանակին ՀՀԿ-ին անդամագրվել են ստիպված, որպեսզի այդկերպ կարողանան լուծել իրենց պաշտոնավարման, նաեւ գյուղի խնդիրները, ժամանակին ու քիչ թե շատ նորմալ չափի դոտացիա ստանալու նպատակով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընթացքում մի շարք գյուղապետեր դուրս են գալիս ՀՀԿ-ից` իրենց հենարան փնտրելով ԲՀԿ-ում: Օրինակ` ՀՀ Գեղարքունիքի մարզում գյուղապետերը խուսափեցին այս թեմայի շուրջ հայտարարություններ անելուց: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք անկեղծացան՝ նշելով, որ դեռ սպասում են, թե ինչ ճակատագիր կունենա կուսակցությունը: «Ուղղակի խիղճներս թույլ չի տալիս, որ դուրս գանք: Հո՞ չենք թողնելու գնանք: Մեզ ասել են սպասեք, համբերեք…»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին Գեղարքունիքի մարզի գյուղապետերը՝ հրաժարվելով նշել, թե ով է իրենց հորդորել սպասել:

Իսկ ահա մի շարք գյուղապետեր շունչները պահած սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ազգային Ժողով բերելու ծրագիրը, եւ ինչ ճակատագրի է արժանանալու այն: Տեղեկացնենք, որ կառավարության ծրագիրը ԱԺ բերվելու է հունիսի 7-ին հատուկ նիստում:
Մինչ այդ Շիրակի մարզի Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանը չբացառեց ՀՀԿ-ից դուրս գալը. «Բայց այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ: Սպասենք, տեսնենք կուսակցությունն ինչ ճակատագիր կունենա»: Մեր այն հարցին՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո այլ կուսակցության կանդամագրվի, Գոռ Պետրոսյանը նկատեց, որ գյուղապետը պետք է անկուսակցական լինի, ապա ավելացրեց. «Նույն սխալը երկրորդ անգամ չեն կրկնի»:

Իսկ ահա ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը առաջիկա շաբաթվա մեջ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացնելու. «Դա քննարկման ենթակա չէ: Հիմա առողջական խնդիրներ ունեմ, դրանք կարգավորեմ, դուրս գալու դիմում կներկայացնեմ»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո կանդամակցի ԵԼՔ-ին, թե ԲՀԿ-ին, գյուղապետը արձագանքեց. «Դա էլ ենթակա չէ քննարկման»: Տեղեկացնենք, որ Ենոքավանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է, բայց նա ծնվել եւ մեծացել է Իջեւանում:

Նույն մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը, անդրադառնալով իր ՀՀԿ-ից դուրս գալու տեղեկությանը, արձագանքեց. «Անհամբեր սպասում եմ գրասենյակը բացի, դիմում գրեմ: Չեմ ուզում: Ես նախկինում կպած չեմ ցանկացել, որ ՀՀԿ-ական լինեմ»: Հարցին՝ այդ դեպքում ինչու է անդամագրվել նախկինում ՀՀԿ-ին, գյուղապետը նկատեց. «Հասկանալով, որ համայնքի ղեկավար ենք, պետք է կուսակցության մեջ լինենք, հանուն գյուղի մեր ժողովրդի, որ այդպես կարող ենք մի գործ անել, մտել ենք: Հանուն մեր ժողովրդի, ուրիշ էլ ոչ մի բանի համար»: Զրույցի ավարտին նա հայտարարեց, որ առաջիկայում ինքը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ոչ մի կուսակցության չի անդամակցի:

Տավուշի մարզի Լուսահովիտի գյուղապետ Արայիկ Սարհատյանը եւս մտադիր է դուրս գալ ՀՀԿ-ից. «Հնարավոր է դուրս գամ: Իսկ այլ կուսակցություններին անդամակցելու մասով դեռ չեմ կողմնորոշվել: Ես կնախընտրեմ ԵԼՔ-ը»: Չնայած, նկատենք, որ «Ելք»-ը կուսակցությունների դաշինք է, այլ ոչ թե առանձին կուսակցություն, եւ իշխանության ղեկին հիմա «Ելք»-ի մաս կազմող ՔՊ-ն է:

Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Բայց դե կուսակցությունը կուսակցություն է էլի, տեսնենք` կառավարության ծրագիրն ինչպիսին է… ժողովրդի կողմից ընտրված մարդիկ են, եթե ժողովուրդը անհրաժեշտ է համարում, մենք էլ իրենց կողմը կանցնենք: Եթե կառավարության ծրագիրը սրտներովս եղավ, դուրս կգամ ՀՀԿ-ից: ԲՀԿ-ն կամ ԵԼՔ-ը նույնը չեն: Եթե ժողովուրդը գերադասի ԵԼՔ-ը, կսատարենք ԵԼՔ-ին, եթե ԲՀԿ-ին, ուրեմն ԲՀԿ-ին: Բայց ես այժմ ՀՀԿ անդամ եմ, բայց սատարում եմ ԵԼՔ-ին»:

Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ փաստ է: Անգամ Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը միտք ունի ՀՀԿ-ից դուրս գալու, բայց ասում է, որ դեռ չի կողմնորոշվում. «Դա ինձ ավելի քիչ է հետաքրքրում, քան իմ գյուղի խնդիրները: Ինձ համար նշանակություն չունի, թե որ կուսակցության անդամ եմ: Ժամանակը ցույց կտա` դուրս կգամ, թե կմնամ: եթե դուրս գամ, իհարկե ոչ մի կուսակցության չեմ անդամակցելու: Ես չեմ սիրում տարածքներ փոխել, թե որտեղ բարենպաստ է, մնամ այնտեղ»:

Ինչպես ասում էր հանճար Շեքսպիրը. «Օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս