Բացասական եզրակացություն է ստացել 33 վերելակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է 5731 վերելակ, այդ թվում՝ 1125 վարչական, 4606 բնակելի, որից տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվել 1222 վերելակ, այդ թվում՝ 257 վարչական և 1015 բնակելի: Բացասական եզրակացություն է ստացել 33 վերելակ: Դրանց ցանկը և հասցեները կարող եք տեսնել այստեղ:

Երևան քաղաքի բազմաբնակարանային շենքերում գրանցված է ընդհանուր թվով 4606 շահագործվող վերելակ:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) են համարվում այն վերելակները, որոնք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում` բացառությամբ 250 կգ և փոքր բեռնատարողությամբ վերելակների:

Տարեկան մեկ անգամ վերելակները պարտադիր ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության և ստանում համապատախան եզրակացություն: Եթե վերելակը չի ներկայացվում փորձաքննության, ապա լիազոր մարմնինն իրականացնում է վարչական վարույթ:

Այս պարագայում լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է, իսկ շահագործողը` համատիրությունները: Վերելակի փորձաքննությունն իրականացվում է շահագործողի և տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվող կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն: Ծառայությունը վճարովի է: Մինչև 9-հարկանի բնակելի շենքերում տեղադրված մեկ վերելակի փորձաքննության արժեքը կազմում է 2930 դրամ, իսկ 16-հարկանի շենքինը՝ 4980 դրամ:

Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվում են այնպիսի թերություններ, որոնք տեխնածին վթարի սպառնալիք են առաջացնում, ապա այդ վերելակին միանշանակ տրվում է փորձաքննության բացասական եզրակացություն:

Հայտնաբերված թերությունները շտկելուց հետո համատիրությունը կրկին դիմում է փորձաքննություն անցկացնելու համար՝ ստանալով դրական եզրակացություն:




Լրահոս