Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված 2 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Պետրոսյանը երեկ ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատեցին նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական վարչությունից:

Ինչպես հայտնի է, Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից՝ գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Արդյունքում, 2018 թվականի մարտին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կայացրել էր այս գործով վճիռը, եւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը, եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով:

Եվ ահա այս գործով հիմնական դերակատարներից մեկին ազատ են արձակել: Մասնավորապես` դեռեւս դատաքննության փուլում հայտնի դարձավ, որ գործով անցնող Հովհաննես Պետրոսյանը միակ անձն է, որ ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ, ու վերջինիս տված տվյալների հիման վրա էլ Սեֆիլյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Հարցաքննության ընթացքում Հովհաննեսը նշել էր, թե Սեֆիլյանի հանձնարարականով ինքը զենք է ստացել գործով մեկ այլ մեղադրյալ Հրայր Թոփչյանից, որը պետք է օգտագործվեր իշխանափոխության նպատակով զինված հարձակումներ կատարելու համար:

Ըստ էության` այս ցուցմունքի համար էլ իրավապահները Պետրոսյանի նկատմամբ մեղմ էին մոտեցել, եւ դեռ ավելին` այդ մեղմ մոտեցումը ապահովեց դատարանը` նրան առավել մեղմ պատիժ սահմանելով` ընդամենը երկու տարի: Եվ ահա երեկ լրացել է նրա պատժի կրման ժամկետը, եւ նրան ազատ են արձակակել: Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական վարչությունից` հայտնելով, որ երեկ լրացել է նրա պատժի կրման ժամկետը, եւ նա ազատ է արձակվել :

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս