««ՇՈՂՈՒԼԻՑ» ԸՆԿԱԾ ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԻ ԲԵՐՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող, ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: ԱԺ հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Նրա առաջնորդած շարժմանը մեկ ամսվա ընթացքում աջակցություն են հայտնել մշակույթի մի շարք գործիչներ: Թեմայի շուրջ զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ: Ներկայացնում ենք երգիչ Արամոյի, դերասան Սերգեյ Դանիելյանի եւ բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի մտորումները:

Արամո
-Ինձ համար Նիկոլ Փաշինյանի հաղթանակը սպասելի էր, որովհետեւ ես վստահ էի, որ Հայաստանում ժողովրդավարություն կա: Վստահ եմ նաեւ, որ այն ծրագիրը, որը նա ներկայացրեց խորհրդարանում, իր հիանալի թիմն իրագործելու է: Այս գեղեցիկ հաղթանակի համար շնորհավորում եմ նաեւ սփյուռքին: Բայց հիշենք, որ մայիսի 8-ին հաջորդում է մայիսի 9-ը, եւ պետք է քայլ առ քայլ առաջ գնալ, ոչ շատ արագ, այլ մտածված: Ժողովուրդը պետք է համբերատար լինի: Սա «շողուլից» ընկած երկիր է, որը պետք է կարգի բերվի, այս երկրի ընթացքը պետք է գնացքի գծերի վրա դրվի, որպեսզի այն խնդիրները, որոնք 20 տարուց ավել է՝ ունենք, կարողանանք կամաց-կամաց շտկել: Մենք վերջին տարիներին անկում ենք ապրել, հիմա ժամանակ է պետք, որպեսզի լուծումներ գտնվեն, սիրո եւ համերաշխության մթնոլորտում կառուցենք մեր երազած երկիրը:

Սերգեյ Դանիելյան


-Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, շատ լավ է, բայց դա գործի մի մասն է, ընդ որում՝ էմոցիոնալ մասը: Հիմա Փաշինյանը պետք է իրեն շրջապատի լավ, պարկեշտ մասնագետներով: Մենք նախկինում տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել ազնիվ մղումներով մարդկանց հետ, որոնք եկել են իշխանության, բայց իրենց կողքին հավաքել են աղբ. արդյունքում ժողովրդի ոգեւորությունը փոխարինվել է ապատիայով: Այս տեսլականն է, որ ինձ մտահոգում է, բայց չի վախեցնում. ի վերջո, Փաշինյանը վայելում է ժողովրդի աջակցությունը: Կարծում եմ՝ հումորային հոլովակներ նկարահանելու համար թեմաներն, այնուամենայնիվ, չեն սպառվի (ծիծաղում է): Հիմա քաղաքացիները պետք է շարունակեն անել իրենց քայլը, ինչպես անում են Գյումրիում: Բոլոր կաշառակերներին պետք է կամաց-կամաց չեզոքացնել, բոլոր «ավտարիտետները», որոնք խանգարում են ապրել, պետք է հեռանան: Քաղաքացին արդեն զարթնել է եւ գիտի, որ այս երկրի տերն է ու վերջ:

Նիկոլայ Ծատուրյան


-Նախկինում մտահոգություն ունեի, որ հանրապետականները մայիսի 8-ին կարող են ինչ-որ բան ձեռնարկել՝ Փաշինյանի ընտրությունը տապալելու համար: Բայց, փառք Աստծո, դա տեղի չունեցավ: Ես ուսումնասիրել եմ Նիկոլի մարդ տեսակը, տեսել եմ նրան ընտանիքում եւ կարող եմ ասել, որ նա շատ լավ տղա է: Միայն թե վախենում եմ՝ ժողովուրդը չփչացնի նրան, որովհետեւ հենց որ ինչ-որ մեկին կուռք են դարձնում, վերջինս վերածվում է դիկտատորի: Ժողովուրդը թող հավատա նրան, սիրի, բայց չաստվածացնի: Մարդուն կարող է փոխել նաեւ նրա շրջապատը: Ես այնքան կարգին մարդկանց եմ ճանաչում, որոնք ղեկավար պաշտոններ ստանձնելուց հետո փչացել են, հետո հենց նրանց գործից հանել են, էլի մեջների մարդն արթնացել է: Մեզ դեռ սպասվում են հիասթափություններ, որովհետեւ Նիկոլը գլուխ է կանգնում լիովին քայքայված մի պետության, որը դեռ պետք է ուշքի բերել: Ժողովուրդը չպետք է սպասի, որ աշխատավարձերը, թոշակները կտրուկ բարձրանալու են, հետո թող հանկարծ չասի. «Բա մենք գնացինք իր ետեւից, ինքը դա չարեց»: Ամեն ինչ միանգամից չի լինելու: Ժողովուրդը կարող է պաշտել ու հետո ատել: Բայց հիմա ժամանակն է, որ ամեն մեկս լծվենք մեր աշխատանքին: Եթե ոմանք նախկինում ծուլանում էին, մտածում էին՝ հարուստների գրպաններն են լցնելու, հիմա արդեն պետք է մտածեն, որ պետության բյուջեն են լցնելու: Հայրենիք սիրելը բաժակաճառ չէ. զրկանք է, տառապանք, նվիրում, դա զոհաբերություններ է պահանջում: Բայց ես վստահ եմ, որ ամեն բան դեպի լավն է գնում, պարզապես տարիներ են պետք: Աստված առաջ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՊԱԹՈՍԸ

Ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժմանը շոուբիզնեսցիների մասնակցության եւ եվրատեսիլյան թոհուբոհի մասին:

Լուսինեն նշեց՝ շարունակում է մնալ այն կարծիքին, որ ժողովրդական շարժմանը հայտնի եւ անհայտ մարդկանց մասնակցության հարցը չպետք է զատվի. «Մենք ունեինք մեկ ընդհանուր նպատակ, եւ դրա ֆոնին առանձնանալն ինձ համար անընդունելի է: Ես էլ իմ ձեւով եմ երեւացել, օրինակ՝ գրառումներ անելով, հաղորդումներ պատրաստելով, բայց ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել բեմ բարձրանալ եւ այնտեղից կոչեր հնչեցնել: Բայց սա սուբյեկտիվ կարծիք է, բեմ բարձրացողներից շատերն իմ ընկերներն են, եւ նրանք այլ տեսակետ ունեն: Եվ ես, թեեւ ինքս չէի անի, բայց միաժամանակ ընդունում եմ, որ հայտնի մարդկանց կոչերը կարող են ոգեւորիչ լինել, եւ չեմ մեղադրում ոչ ոքի»:
Անդրադառնալով եվրատեսիլյան թեմային՝ Լուսինեն շեշտեց, որ միջազգային այս մրցույթում Հայաստանին խանգարում է պաթոսը. «Լավ բան է հայրենասիրությունը, բայց «Եվրատեսիլը» դրա տեղը չէ: Այստեղ հարկավոր է ներկայանալ միջազգային չափանիշներին համապատասխան երգով, գործիքավորմամբ, շոուով: Քո լեզուն, քո ազգային-ազատագրական ոգին, ենթատեքստը այդ մրցությում հաջողություն չի բերում, ավելին՝ խանգարում է: Ես հավանություն եմ տալիս Սեւակ Խանաղյանի վոկալային տվյալներին եւ «Քամի» երգին, բայց ինձ համար ընկալելի չէ, որ այդ երգը «Եվրատեսիլում» ներկայացվում է հայերեն»:
Ամեն դեպքում, Լուսինեն կարեւորեց այդ մրցույթին Հայաստանի մասնակցությունը՝ նկատելով, որ այդպիսով հնարավոր է լինում գրավել զբոսաշրջիկների. ««Եվրատեսիլին» տարիներ շարունակ հետեւելուց հետո անձամբ ինձ մոտ ցանկություն է առաջացել գնալ Շվեդիա, որովհետեւ ինձ հետաքրքրել է, թե ինչպես է ամեն անգամ այդ երկիրը ներկայանում եվրատեսիլյան բեմից»:
Հիշեցնենք, որ այս տարի եվրատեսիլյան բեմում Հայաստանը ներկայացնում է երգիչ Սեւակ Խանաղյանը: Մրցույթն անցկացվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՌՈԶԻ ԱՐՄԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Երեկ ֆրանսիաբնակ լեգենդար երգչուհի Ռոզի Արմենը ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում: Նա ասել է. «Շատ հպարտ եմ Հայաստանի հայ ժողովրդով, շատ ազդված եմ, տպավորված եմ ձեր թավշյա հեղափոխությամբ: Հայ ազգը նորից ամբողջ աշխարհին ցույց տվեց պայքարի ճիշտ օրինակը: Ազգ, առաջ ընթանալու համար պիտի ունենա ձեր պես նոր սերունդ եւ երիտասարդություն: Նոր սերունդ` կրթված, հարգանքով, խոհեմ: Այս սիրուն երիտասարդներով մեր փոքրիկ երկիրը պիտի կառուցի իր ապագան: Ես հուսով եմ, իմ սիրելի հայրենակիցներ, որ աշխարհասփյուռ հայերը կվերադառնան Հայաստան: Մենք այդ հույսով ենք ապրում»: Այնուհետեւ նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առթիվ:

 

 

30 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՎԱՍՏԱԿԻ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական ակումբից, որոշել է հանդես գալ ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում: Նա համաձայնեցրել է պայմանագիրն այդ ակումբի հետ: Համաձայնությունը, ըստ որի` Ինիեստան մրցաշրջանի ընթացքում 30 մլն դոլար կվաստակի, նախատեսված կլինի 3 տարով:
Տեղափոխության հարցում վճռորոշ դեր է խաղացել «Վիսել Կոբե» ակումբի սեփականատեր Խիրոշի Միկիտանին, ով հանդիսանում է նաեւ «Բարսելոնա»-ի տեխնիկական հովանավոր «Rakuten» ընկերության գլխավոր տնօրենը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինիեստան կդիտարկի նաեւ ավստրալական Ա-լիգա տեղափոխվելու հնարավորությունը:

 

 

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության հաջողության կապակցությամբ: «Մի քանի շաբաթ բողոքի ակցիաներից հետո հայկական թավշյա հեղափոխությունը հաջողության հասավ: Այս առիթով շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին»,- սոցցանցի իր էջում գրել է Մովսիսյանն ու հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:




Լրահոս