ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային Ժողովում

Կատուները սովորաբար առնետների դեմ են պայքարում: Ու հավանաբար այս կատուն, տեսնելով իշխանափոխության ուրվականը, ճակատագրական պահին մտել էր խորհրդարան` «առնետավազքը» կանխելու համար:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվելու համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, եւ ի՞նչ ժամկետներ են անհրաժեշտ:

Ալիսա Մկրտումյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցման ենթակա անձը այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետք է դիմի Խորհուրդ` ներկայացնելով գրավոր դիմում, անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, երկու գունավոր լուսանկար, ինչպես նաեւ լրացնի անձնական թերթիկ /դիմումը եւ անձնական թերթիկը լրացվում են Խորհրդի կողմից մշակված ձեւերին համապատասխան/:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմումը եւ համապատասխան փաստաթղթերը (անձնական գործը) ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, Խորհուրդը կայացնում է որոշում քաղծառայության կադրերի երկարաժամկետ (կարճաժամկետ) ռեզերվում գրանցելու մասին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ես իրավունք ունե՞մ ստանալու մանկավարժական թոշակ:

Մարիետա Օհանյան (Արմավիրի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Օհանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Քաղաքացուն խորհուրդ է տրվում դիմել ՀՀ ԱՍՀՆ ՍԱԾ աշխատակազմի բնակության վայրի կամ ցանկացած տարածքային ստորաբաժանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սովորության համաձայն` սոցապ նախարարությունը խորհուրդ է տալիս դիմել աշխատակազմի բնակության վայրի տարածքային ստորաբաժանում: Հերթական շարքային եւ շաբլոն պատասխանը նախարարության կողմից:




Լրահոս