ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԽՈՍ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են ի հայտ եկել ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի խումբ անձանց գործով, որոնք ստեղծել էին հանցավոր համագործակցություն` նպատակադրվելով ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորվածներից ոմանք մասնակցել են «Ողջ մնալու արվեստ»-ի կողմից կազմակերպվելիք վճարովի կրակելու ավելի մարտունակ լինելու դասընթացին: Իսկ «Ողջ մնալու արվեստ»-ի հիմնադիրն է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում` Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործադրել ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել` ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորելու նպատակով: Արդյունքում` 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հանցավոր համագործակցություն ստեղծելու, մասնակցելու, ահաբեկչության նախապատրաստության, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Գրել էինք, որ գործի շրջանակներում կալանավորվել է Երեւանի քաղաքի բնակիչ Գնել Հովհաննիսյանը: Պարզել էինք, որ նա մասնագիտությամբ դիպուկահար է, եւ վերջինիս խմբի մեջ իբր ներգրավվել են, որ կոնկրետ դիպուկահարը ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց սպանի կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառի: Տեղեկացել էինք, որ գործով կալանավորվածների թիվը 8-ն, որոցից մեկը կին է:
Կրակելու դասընթացներն ու դասախոսը
Ինչեւէ: ԱԱԾ-ի կողմից բացահայտված վերոնշյալ գործից մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է, որ Գնել Հովհաննիսյանը այնքան էլ պատահական մարդ չէ, եւ իրավապահ մարմինները ուշագրավ բացահայտում են արել վերոնշյալ գործի շրջանակներում:
Եվ այսպես` ԱԱԾ-ն բացահայտել է` մի խումբ անձինք, որոնք ստեղծել են հանցավոր համագործակցություն, որպեսզի երկրում վախի մթնոլորտ տարածեն, մասնակցել են կրակելու դասընթացների: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը կազմակերպել է կրակելու դասընթացներ, որին մասնակցել են բոլոր այն մարդիկ, որոնք ցանկացել են ավելի մարտունակ լինել: Եվ ահա ԱԱԾ-ն բացահայտել է, որ երկրում անկարգություններ հրահրող հանցավոր խումբ ստեղծած անձինք եւս մասնակցել են վերոնշյալ կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացներին:
«Ողջ մնալու արվեստ»
կազմակերպության հետքերով
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց` հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս կազմակերպությունը:
Պարզեցինք, որ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը ստեղծվել եւ մշակվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից եւ նպատակ ունի ստեղծել ավելի մարտունակ հասարակություն. «Ճիշտ ժամանակն է սովորել պաշտպանվել, գոյատեւել ցանկացած դժվար իրավիճակում, դառնալ ավելի մարտունակ եւ պատրաստ լինել կյանքի ցանկացած մարտահրավերի: ՈՄԱ-ն հայտարարում է նոր խմբի մեկնարկը: Անցկացվելու են հետեւյալ դասընթացները.
1. ավտոնոմ գոյատեւում
2. կրակային պատրաստություն
3. դանակի սպորտային նետում
4. ձեռնամարտ վին-չուն
5. այ-կի-դո
6. ժայռամագլցում
7. բուժ.պատրաստություն
8. հոգեբանություն
9. ռազմապար:
Կուրսի ընթացքում լինելու են արշավներ եւ գոյատեւման դասընթացներ բնության գրկում, պարապմունքներ մարտական զենքով, այցելություններ զորամասեր եւ այլն:
«Ողջ մնալու արվեստ» կուրսի ղեկավարն է լեգենդար հետախույզ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը, իսկ կուրսի ընթացքում դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները»:
Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 3 անգամ, մինչեւ 3 ժամ տեւողությամբ` 19.00- 22.00:
Դասընթացի արժեքը՝ 20 000 դրամ/ամիս»:
Ցուցմունք են տվել
Ստացվում է, որ ԱԱԾ-ն բացահայտել է, թե որտեղ են հանցավոր խմբավորում ստեղծած անձինք կրակելու դասընթացներ սովորել, եւ այդ բացահայտումից հետո էլ կալանավորել են խմբի անդամներից ոմանց:
Սակայն նկատենք, որ ԱԱԾ-ի կողմից կալանավորվածների մեջ է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության դասախոս, մասնագիտությամբ դիպուկահար Գնել Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Գնել Հովհաննիսյանը ԱԱԾ-ին ցուցմունք է տվել եւ հայտնել է, որ ինքը դասընթացին մասնակցած անձանց հետ որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ, այլ ինքը ընդամենը եղել է դասախոս: Ավելին` հանցավոր խումբ ստեղծելու կասկածանքով կալանավորված անձինք, ովքեր մասնակցել են կրակելու դասընթացներին, ցուցմունք են տվել` հայտնելով, որ Գնել Հովհաննիսյանը կապ չունի իրենց մտադրությունների հետ: Իսկ թե ինչ որոշում կկայացնի այս ամենից հետո ԱԱԾ-ն, սպասենք զարգացումներին:
Վովա Վարդանովը` իրավիճակի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովի հետ: Վերջինս հայտնեց, որ Գնել Հովհաննիսյանը կրակային է սովորեցրել. «Կրկնում եմ` ինքը կրակային է սովորացրել դասընթացի մասնակիցներին, իսկ մնացած ամեն ինչ բամբասանք է, մինչեւ ԱԱԾ-ն եզրահանգման չգա, իսկ ես բամբասելու ցանկություն չունեմ»:
Մեր այն հարցին` փորձը ցույց է տվել, որ վերջին մի քանի տարում իրավապահները կալանավորում են ազատամարտիկների, մարդկանց, որոնք ընդդիմացել են իշխանություններին, եւ նրանց մեղադրանք է առաջադրվում հանցավոր խմբի հետ համագործակցելու, զենք տրամադրելու եւ այլ մեղադրանքներ, մտավախություն չունե՞ք, որ հաշվի առնելով, որ Ձեր հիմնադրած կազմակերպության դասախոսն է կալանավորվել, նաեւ Ձեզ կապեն այդ խմբի հետ. «Ես ընդհանրապես շատ հանգիստ եմ, քանի որ ամեն մարդ իր արարքների համար է պատասխան տալիս: Հիմա, եթե ես մեքենա արտադրող եմ, ասենք, հին է, բայց անխափան աշխատում է, եւ մի վարորդ հարբած քշել է ու կանգառում 10 մարդ է վիրավորել, դրա համար արտադրո՞ղն է պատասխան տալիս: Ամեն մարդ իր արարքների համար թող պատասխան տա, եթե ես ինչ-որ տեղ հանցանք եմ արել, թող ինձ հրավիրեն պատասխանատվության, բայց ես չեմ կարծում, որ ես հանցանք եմ գործել, ինձ նման հակատերորիստ դեռ գտնել է պետք»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԳՈՐԾԵՐԸ ԿԱՐՃՎԵԼ ԵՆ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական շարժման շրջանակներում Հայաստանում, այդ թվում` Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ցուցարարները ավտոճանապարհներ փակեցին: Միջպետական ավտոճանապարհը փակելու համար ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 7 անձանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով («Խուլիգանությունը»): Այդ անձինք Նոյեմբերյան քաղաքի, սահմանամերձ Կողբ եւ Բերդավան գյուղերի բնակիչներ են: Գործը քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում: Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ այդ քրեական գործերը կարճվել են, այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

 

 

ՆԵՐԿԱ ՉԷ ԻՐ ԴԱՏԻՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ Արթուր Պապինյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվայի 36-ամյա բնակչուհի Ս. Վ.-ի նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով»): Այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում: Ա. Պապինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Նկատի ունենալով քրեական գործի բնույթը` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը դատավարությունն անցկացնում է դռնփակ: Ռուս կինը դատին չի մասնակցում: Այդ գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 11-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստը երեկ հետաձգվել է: Ի. Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ նիստի հետաձգման պատճառը գործով մյուս ամբաստանյալ, փաստաբան Էլզա Զաքարյանի չգալն է եղել: Նշենք, որ այս գործով դատաքննությունը մարտի 29-ին ավարտվել է, երեկվա նիստին պետք է ճառով հանդես գար մեղադրող Կարեն Բիշարյանը:

 

 

ԱՍՐՅԱՆԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է
«Հայոց արծիվներ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Ասրյանը տեղեկացրել է նոր կուսակցություն հիմնելու մասին. «Քննության առնելով «Հայոց Արծիվներ»-ի խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները եւ 45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում է ընդունվել 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը»,-նշել է Ասրյանը:

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից: Գործել եմ բաց, հրապարակային, նվիրումով ու հավատով, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ աշխատանքով է կառուցվում երկրի այս ու վաղվա օրը: Հեռանալով պետական ծառայությունից` չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Միասին կշարունակենք մեր ճանապարհը` հանուն մեր պետության առաջընթացի»:




Լրահոս