ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱՂՈՒՑ ՉԷՐ ՏԵՍԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխությունից հետո երկրի ներքաղաքական վիճակի, ձեւավորված մթնոլորտի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճի մասին զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ, ով, ի դեպ, եղել է ժողովրդական շարժման մասնակիցների կողքին։ Նրա համոզմամբ՝ վարչապետի բաց աշխատելաոճը, որին, ի դեպ, մեր ժողովուդը սովոր չէ, նոր եւ գովելի միտում է։ Երգահանին տպավորել է նաեւ Փաշինյանի՝ մարդկանց հետո փոխհարաբերվելու ձեւերը. «Մենք ե՞րբ էինք տեսել, որ զոհված զինվորի ծնողին վարչապետը գրկեր ու համբուրեր»,-ասում է նա։

-Պարո՛ն Իսպիրյան, վերջին օրերին փոխվել է երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ձեզ դա գոհացնո՞ւմ է։
-Այո, սրան սպասում էի ոչ միայն ես, այլեւ ողջ հայ ազգը։ Ես կիսում եմ ժողովրդիս ուրախությունը եւ կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իրոք կլինի այն վարչապետը, որին երազել ենք տեսնել մեր երկրում, հուսով եմ՝ կհաստատվի արդարություն, որի կարիքը մեր ժողովուրդը միշտ ունեցել է։
-Նիկոլ Փաշինյանն աշխատում է բավական բաց եւ թափանցիկ։ Պարբերաբար ուղիղ եթերներ է մտնում, գրառումներ է կատարում սոցցանցում, տեղեկացնում է իր ամեն քայլի մասին, հանրության հետ պահում է հետադարձ կապը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին։ Կարելի՞ է ասել, որ սա նոր միտում է հայ քաղաքական գործիչների, մասնավորապես վերին ատյանները ներկայացնող գործիչների շրջանում։
-Բարձր եմ գնահատում դա, ուղղակի մենք սովոր չէինք նման գործելաոճին, բայց դա նորմալ է։ Ժողովուրդն է նրան ընտրել, եւ նա ժողովրդի առջեւ պետք է հաշվետու լինի։ Մեր ժողովուրդը վերին ատյաններից վաղուց չէր տեսել նաեւ մարդկային հարաբերությունների այնպիսի դրսեւորում, ինչպիսին տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Մենք ե՞րբ էինք տեսել, որ զոհված զինվորի ծնողին վարչապետը գրկեր ու համբուրեր։ Այդ կանայք միշտ արհամարհված են եղել, պաշտոնյաները նույնիսկ պարբերաբար կոպտել են նրանց։ Իսկ այսօր ժողովուրդը հպարտ է ոչ միայն վարչապետով, այլեւ նախագահով, որի շփումը ժողովրդի հետ եւս դրական եմ գնահատում։ Հուսով եմ՝ մեր նախագահն ու վարչապետը միասին կկարողանան կառուցել մեր երազած երկիրը։
-Այս օրերին ժողովրդի տարբեր շերտերի մոտ տեսանք հետաքրքիր, անսպասելի դրսեւորումներ, կոտրվեցին մի շարք կարծրատիպեր, համաձա՞յն եք։
-Այո, մենք տեսանք, թե ինչ հրաշալի երիտասարդություն ունենք եւ ինչ օրինապաշտ ժողովուրդ, որին բոլորս թերագնահատում էինք։ Ասում էինք՝ ժողովուրդը չի համախմբվի, հոգնել է, ձանձրացել է, ոչ ոքի չի հավատում, բայց պարզվեց, որ մենք ունենք հզոր ժողովուրդ, որով կարող ենք ամբողջ աշխարհում պարծենալ։ Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ շատ փորձություններ են մեզ սպասվում։ Միանշանակ, դրանք եւս հաղթահարելի են։
-Հիմա ո՞րը պետք է լինի քաղաքացու քայլը։ Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուրս՝ այսօր երկրում տիրող մթնոլորտը պահպանելու, եւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշում, օրենքի երկիր դառնալու համար։
-Պետք է միահամուռ կերպով թեւ ու թիկունք լինենք Նիկոլ Փաշինյանին։ Կասկածամտություն հայտնելը կարող է խանգարել պրոցեսին։ «Բա որ սենց, բա որ նենց» ասողները միշտ խանգարել են եւ խանգարում են մեզ։
-Եվ վերջին հարցը՝ Ձեր ոլորտում ի՞նչ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Դրանցից հատկապես ո՞րը կառանձնացնեք։
-Պետք է վերահսկողություն մտցնել հեռուստաեթերում՝ հատկապես անորակ երաժշտության եւ սերիալների մասով։ Թեեւ մենք տեսանք, որ դրանցից ոչ մեկը չի ազդել ազգի մտածելակերպի եւ էության վրա։ Պետք է յուրաքանչյուրս օգնենք մեր վարչապետին՝ մեր գործը լավ անելով եւ չզլանալով։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՄՏԱԾՈՒՄ ԷԻ, ՈՐ ԹՈՌՆԵՐՍ ԿՏԵՍՆԵՆ ՍԱ, ԲԱՅՑ ԵՍ ՏԵՍԱ»

«Բազում տարիներ սպասել եմ, որ երկրում այս մթնոլորտը տիրի, այս փոփոխություններն իրականացվեն, մտածում էի, որ թոռներս կտեսնեն սա, բայց ես տեսա։ Իսկապես երջանիկ եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ նման տեսակետ հայտնեց բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած իրադարձություններին։

Նա առանձնացրեց թատերական ոլորտի մի քանի խնդիրներ, որոնք պետք է պարտադիր լուծվեն. «Պետք է նախ եւ առաջ երիտասարդացնել թատրոնը, որովհետեւ այն մարդիկ, որոնք հիմա թատրոնների ղեկին են, հին մտածելակերպ ունեն, այդ կառույցները երկար տարիներ է՝ ճահճացած են։ Պետք է ի հայտ գան նրանք, ովքեր նոր ասելիք ունեն եւ նոր որակ կարող են բերել»,-մեկնաբանեց Սուրենը։
Սուրենի խոսքով՝ պետք է նաեւ թատրոնի մասին օրենք ընդունել, բեմադրիչը կարեւորեց նաեւ միջազգային կապեր ստեղծելն ու պահպանելը.«Մենք փակվել ենք ինքներս մեր մեջ եւ բավարարվում ենք այն ամենով, ինչ կատարվում է։ Բայց թատրոնն ուրիշ տեմպ եւ ռիթմ է պահանջում»,-նկատեց նա։
Մեր զրուցակիցը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին համարում է լավ մենեջեր եւ մեկը, ով մոտ է կանգնած արվեստին, գիտի՝ որտեղից գումար հայթայթել. «Ով էլ նշանակվի նախարարի պաշտոնում, պետք է կարողանա շատ արագ փոփոխություններ իրականացնել, այլապես կփոխարինվի։ Դարերով մարդիկ նույն պաշտոնին չեն մնալու այլեւս»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա համար ամենակարեւորն այն է, որ ոլորտում կտրուկ եւ տեսանելի փոփոխություններ լինեն. «Պետք է լինեն համարձակ մարդիկ եւ մտավորականներ։ Նրանցից ոմանց չեզոքությունը շարժման ժամանակ խոսում է նաեւ թատրոնների՝ հասարակության հետ անհաղորդ լինելու մասին։ Թատրոնն առաջինը պետք է արտացոլեր մեր իրականությունը, հատկապես, որ այն, ինչպես հեռուստատեսությունը, ցենզուրայի չի ենթարկվում։ Բայց ոմանք, իրենց աթոռներից վախենալով, լռեցին»,-եզրափակեց բեմադրիչը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ
Us-armenians էջը ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած համերգից տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է հանդիսատեսների մի մասը ի նշան բողոքի թիկունքով շրջվել դեպի Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) նրա կատարման ժամանակ: Նրանք կրել են Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ շապիկներ: Նշենք, որ ելույթն ավարտելուց հետո Հարութ Փամբուկչյանը վրդդովված դիմել է նրանց. «Վերջացրեցի՞ք, դե մի կողմ գնացենք, երգենք»: Փամբուկչյանի հանդեպ նման վերաբերմունք են ցուցադրել այն բանի պատճառով, որ նա նախորդ տարի համերգի ժամանակ խոնարհվել էր Սերժ Սարգսյանի առաջ` հարուցելով շատերի դժգոհությունը:

 

 

ԴԵՌ ՉԻ ԱՊԱՔԻՆՎԵԼ
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է սերբ Նովակ Ջոկովիչի վերադարձն արմունկի վնասվածքից ապաքինվելուց հետո: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 մրցախաղի, որոնցից պարտվել է կեսում: «Վստահ եմ, որ նա աստիճանաբար կվերականգնվի եւ կվերադառնա իր լավագույն մարզավիճակին: Կասկած չունեմ, որ նա կվերադառնա նախկին մակարդակին»,- ասել է նա:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Տեղեկացնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը: Բանակցությունները տեւել են կես տարուց ավելի: Անգլիացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

 

 

ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԻ
Անգլիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմյեր լիգայի նախավերջին տուրում «Բրայթոն»-ի նկատմամբ տնային հաղթանակը 3:1 հաշվով: «Համաձայն եմ, որ հարկավոր է շատ տիտղոսներ նվաճել 90-ականների «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ 80-ականների «Լիվերպուլ»-ի հետ նույն շարքում լինելու համար: Սակայն, ինչ վերաբերում է վիճակագրությանն ու թվերին, «Մանչեսթեր Սիթի»-ն հավասարը չունի: 97 միավոր, մեծ թվով հաղթանակներ ու գոլեր: Ցանկանում ենք վաստակել 100 միավոր եւ ավարտին հասցնել գրեթե իդեալական մրցաշրջանը»,-ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 97 միավորով:




Լրահոս