ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկուշաբթի, երեքշաբթի կհայտարարվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին: Այդ կառավարության կազմում կլինեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը, այլ նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել 5 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաեւ մարզպետների եւ թաղապետերի պաշտոնների շուրջ: ԲՀԿ-ն ցանկանում է արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության ու սպորտի նախարարությունները: Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, թե իրենք ակնկալում են կառավարության կազմում ներկայություն 1/3-ի չափով: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ն ավելի մեծ ախորժակ ունի ի հաշիվ ՀՅԴ-ի. հիմնական փաստարկն էլ այն է, որ ՀՅԴ-ն, ի տարբերություն իրենց, ԱԺ-ում փոքրաթիվ ներկայություն ունի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելներին, ապա վերջինիս հետ դեռեւս հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, առաջիկա օրերին կհստակեցվեն այդ հարցերը: Մինչ այդ նկատենք` երեկ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կառավարության անդրանիկ նիստն անցկացրեց, բայց նախարարական հին կազմով: Ավելի ուշ հայտարարվեց կառավարության նոր անդամների նշանակման մասին, բոլորը՝ ՔՊ կուսակցությունից: Առաջին փոխվարչապետ նշանակվել է արդեն նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը: Պաշտպանության նախարաի պաշտոնում նշանակվել է ԱԻ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ոչ ՀՀԿ-ական պատգամավորներ Շիրակ Թորոսյանի ու Ֆելիքս Ցոլակյանի դեմ ՀՀԿ ներսում դժգոհության ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ մայիսի 8-ի ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնում նրանք կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը` առանց համաձայնեցնելու գործընկերների հետ: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են ամենատարբեր միջոցներով ստիպել, որ նրանք վայր դնեն մանդատը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակ Թորոսյանը պնդել է. «Ես քվեարկել եմ իմ խղճի մտոք եւ իմ ցանկությամբ: Դա իմ անձնական որոշումն է եղել, որը հիմնված է եղել «Ջավախք» հայրենակցական միության իմ թիմի, իմ ընտրողների, ջավախահայերի ցանկության վրա»: Նա նաեւ նշել է, թե վայր չի դնելու մանդատը. «Իմ պատգամավորական մանդատն ինձ իմ ընտրազանգվածն է տվել: Ու ես տրամադրված չեմ այժմ խմբակցությունից դուրս գալու: Եվ ասեմ նաեւ, որ ես շարունակելու եմ նման ձեւով որոշումներ կայացնել»: Նշենք, որ Շիրակ Թորոսյանը ՀՀԿ խմբակցության միակ պատգամավորն էր, որ դեռ 2008թ. հայտարարել էր՝ մարտի 1-ից հետո կալանավորվածները քաղբանտարկյալներ են: Այն ժամանակ էլ նրա հայտարարությունից հետո ՀՀԿ-ում շատ էին նեղստրել:

 

 

Ապրիլի 16-ի բողոքի ցույցի ժամանակ Բաղրամյան պողոտան փակած դիմակավոր ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեցին: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Բեկորային վնասվածքներ ստացավ նաեւ այն ժամանակ ցույցերի առաջնորդ, հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոխարենը իրավապահները փորձաքննություններ են նշանակել` հասկանալու համար, թե, ի վերջո, նռնակը կիրառելիս անվտանգության կանոնները պահպանվե՞լ են, թե՞ ոչ: Եւ ենթադրվում է՝ փորձաքննության եզրակացությունն էլ հիմք կդառնա քրեական գործ հարուցելու, որոշում կայացնելու կամ այն մերժելու հարցում: Ի դեպ, հավելենք, որ Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որի պաշտոնանկության մասին երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետաքրքիր է՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ մշտապես գազանաբարո վերաբերմունքով աչքի ընկած Երանոսյանը կհայտնվի՞ մեղադրյալի աթոռին, թե՞ ջրից չոր դուրս կգա ու կճողոպրի ՀՀ-ից:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ: Մարդիկ այս պահին մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով: Գեղհովիտցիների խոսքերով` նախորդ տարիներին Ռուսաստանից եւ Վրաստանից մարդիկ են եկել եւ մեծ քանակությամբ կարտոֆիլ տարել: Բայց այս տարի ոչ ոք չի մտել գյուղ: Մինչդեռ որքան տաքանում են օրերը, այնքան պահեստավորած կարտոֆիլը փչանում է, եւ ստիպված են այն դարձնել անասնակեր: Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե այժմ իրենց գյուղում մարդիկ պահեստավորած ունեն մոտ 2000 տոննա կարտոֆիլ: «Բավականին մեծ թիվ է մեր գյուղի համար: Նախորդ տարի նման խնդիր չկար: Իսկ այս տարի գնորդ չունենք, փնտրում ենք, բայց չկան»: Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունից խոստացել են զբաղվել այս հարցով: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը ճամպրուկային տրամադրությունների մեջ է, առաջիկա օրերին հազիվ թե լուրջ քայլեր անեն:

 

 

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԵՐ
Հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը երեկ արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Իհարկե, եթե տեսնենք, որ Հայաստանը հրաժարվում է տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ ունեցած իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմաններին ուղղված սխալ մոտեցումներից եւ ուզում է նոր էջ բացել, ապա մենք կդիտարկենք մանրամասները եւ ընդառաջ կգնանք, – ասել է նա` միաժամանակ հավալելով,- մենք ուզում ենք ավելի շատ բարեկամ ունենալ ու ավելի քիչ թշնամի: Ոչ ոքի, հատկապես հարեւանների հետ թշնամանք չենք ուզում: Եվ եթե հայկական կողմը եւս նման մոտեցում ունի, ապա համապատասխան գնահատական կտանք՝ բնականաբար ելնելով մեր երկրի շահերից»:
Շատ լավ է, երբ Թուրքիան չի մերժում հարեւան երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հեռանկարը` շեշտելով, որ որոշումները կայացվելու են՝ ելնելով իրենց շահերից: Սակայն դժվար է միանշանակ ասել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իսկապե՞ս առաջընթաց կգրանցվի, թե՞ ոչ: Յըլդըրըմը չի հստակեցրել, թե ո՞րն է Թուրքիայի շահը, եւ արդյո՞ք իրենց շահերը պայմանավորված են նաեւ Ադրբեջանի շահերով, արդյո՞ք ԼՂ խնդրի կարգավորված չլինելը վնասում է իրենց շահերին:
Ի վերջո, 1993թ. Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց՝ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով, այն բանից հետո, երբ հայկական զորքերը մտան Քելբաջար: Այս տարիներին հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր չի եղել կարգավորել հենց Ղարաբաղյան հակամարտության առկայության պատճառով. Թուրքիան մշտապես որպես նախապայման առաջ է քաշել այդ խնդրի լուծումը` ՀՀ-ից պահանջելով զորքերը դուրս բերել, իրենց ձեւակերպմամբ, գրավյալ տարածքներից: Անգամ 2008-2009թթ. սկսված ֆուտբոլային դիվանագիտությունը, չնայած նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, անփառունակ ավարտ ունեցավ այն պատճառով, որ Թուրքիան ՀՀ-ի առաջ ԼՂ խնդրի հետ կապված նախապայմաններ առաջադրեց: Այնպես որ, չի բացառվում` վերջին պահին կրկին նույն պատմությանն ականատես լինենք:
Մեկ փաստ էլ. ՀՅԴ-ն, որը ցեղասպանության հարցը դարձրել է կուսակցական բիզնես, իրականում չցանկանալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` այդ պատճառով 2009թ. լքեց կոալիցիան, այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին է: Հիմա ՀՅԴ-ն նոր կառավարության կազմում տեղ կունենա: Ու պարզ չէ՝ արդյո՞ք ՀՅԴ-ն այս հարցում կփորձի կաշկանդել նորանշանակ վարչապետին` խափանելով նրա ծրագրերը:




Լրահոս