ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն պետք է հրաժարվի ԱԺ ղեկավար պաշտոններից. խորհրդարանում դերեր կփոխվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրեն ընդդիմադիր հայտարարած Հանրապետական խմբակցությունը, որն ընդամենը ամիսներ առաջ խորհրդարանում մեծամասնություն էր եւ ուներ 58 պատգամավոր, զրկվեց այդ «կոչումից» : 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունը լքել են Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը, Ֆելիք Ցոլակյանը, երեկ էլ այդ մասին հայտարարեց Արտակ Սարգսյանը, այսօր էլ Սամվել Ալեքսանյանը: Այժմ արդեն ՀՀԿ-ն ունի 52 պատգամավոր, սակայն այսքանով էլ ամեն ինչ չի ավարտվում, եւ այս երկու օրերին խմբակցությունից դուրս գալու մասին կհայտարարեն ամենաքիչը եւս երեք պատգամավորներ:

Ավելին` ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը` 58 պատգամավոր: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 52 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ: Իհարկե, Ընտրական օրենսգրքի հեղինակներն ամեն ինչ արել էին, որ խորհրդարանում ձեւավորվի կայուն մեծամասնություն, սակայն իրադարձությունների նման զարգացում վստահաբար չէին կանխատեսում:

Եվ դա է պատճառը, որ ՀՀԿ-ն կանգնել է ղեկավար կազմից զրկվելու շեմին: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածում սահմանված է.

«Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալներն ընտրվում եւ հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:

Ստացվում է, որ ՀՀԿ-ն պետք է փոքրամասնություն դառնալու պարագայում ունենա միայն ԱԺ նախագահի մեկ տեղակալ, հակառակ դեպքում Սահմանադրության խախտում է արձանագրվում: Միեւնույն ժամանակ այդ հարցը եւ նոր ղեկավար կազմի ընտրությունն էլ կարգավորվում են նույն հոդվածով, որում էլ ամրագրված էր, որ ղեկավար կազմին ընտրում են, հետ են կանչում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ (53 ձայն): «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն, եթե այս թվին գումարենք նաեւ ՀՀԿ-ն արդեն իսկ լքած 6 պատգամավորներին, ստացվում է 53 ձայն, եւ  այս ուժերը կարող են հետ կանչել ղեկավար կազմին, քանի որ ունեն քվեարկության համար անհրաժեշտ քանակը: Ընդ որում` այստեղ պարտադիր չէ, որ ՀՀԿ-ից պատգամավորները ձայն ապահովեն խմբակցությունից դուրս գալուց հետո. նրանք կարող են դա անել` նաեւ լինելով ՀՀԿ խմբակցության անդամ, պարզապես քվեարկեն համապատասխան կերպով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը եւս կարծիք հայտնեց, որ այդ ուժերն առաջիկայում պետք է բարձրաձայնեն ԱԺ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը: «Իրենք պետք է հրաժարվեն Ազգային ժողովի նախագահից եւ տեղակալներից, եթե մեծամասնություն չլինեն, եթե իրենց խմբակցությունն արդեն փոքր է: Բայց միգուցե խմբակցությունից դուրս գալով կրկին խմբակցությանն են սատարում: 53-ը դեռ մեծամասնություն է, եթե մի հոգի էլ դուրս գա, մնացած ուժերը պետք է պահանջեն ԱԺ նախագահի եւ երկու տեղակալների հրաժարականները», – նշեց նա:

Միեւնույն ժամանակ Այվազյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե այս պահին, Սահմանադրության համաձայն, բացի ԱԺ ղեկավար կազմին հետ կանչելուց, այլ իրավական գործընթացներ չկան: «Խորհրդարանական կայուն մեծամասնությունն ասվածն աբսուրդ է, եւ դա նախատեսված է եղել նորընտիր խորհրդարանի ժամանակ: Չեն նախատեսել, որ կարող է ինչ-որ ուժ կայուն մեծամասնություն ունենալ, դրանից հետո դա վերանա: Հիմա, ըստ էության, սահմանադրական լուծում չկա: Դրա համար պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որ արտահերթ ընտրություններից հետո այդ ամենը կարգավորվի», – նշեց նա:

Իհարկե, նույնիսկ ամենավատ երազում ՀՀԿ-ականները երբեք չէին պատկերացնի, որ 23 տարի լինելով իշխանության մեջ, որից 20 տարին՝ իշխանության գլխին, կհայտնվեն նման վիճակում: Հիմա ՀՀԿ-ի՝ խորհրդարանում լծակներ ունենալու իրավունքը վերացել է, եւ փաստացի բոլոր ուժերը համարվում են փոքրամասնություն, եթե իհարկե «Ծառուկյան», «Ելք» եւ «ՀՅԴ» խմբակցությունները չորոշեն հուշագիր ստորագրել: ԱԺ կանոնակարգ-օրենքում սահմանված է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»: Ստացվում է՝ հուշագրի ստորագրման դեպքում դերերը կրկին կփոխվեն:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս