Հարց քաղաքացիներից` ինչո՞ւ աշխատանքային գրքույկի մեջ չի ներառվում 1,4 ամիս ժամանակահատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատանքային գրքույկիս մեջ կան անճշտություններ: Ես 1979թ. մայիսի 25-ին ավարտել եմ դպրոցը եւ հենց նույն թվականի հուլիսին ընդունվել Բյուրականի սովխոզում որպես բանվորուհի: Հրամանի կնիքը առկա է իմ աշխատանքային գրքույկում, սակայն ազատման կնիքը չկա: 1980թ. նոյեմբերի 28-ին ընդունվել եմ ԵՊՀ-ի նախապատրաստական բաժանմունքը, որի նախապայմանը եղել է իմ 1,4 ամսվա բանվորական ստաժը: 1981թ. ընդունվել եմ 1-ին կուրս: 1986թ. աշխատում եմ դպրոցում: Ինձ տեղեկացնում են, որ այդ 1,4 ամիս ժամանակահատվածը չեն հաշվում: Ինչո՞ւ:

Թորոսյան Հասմիկ (Արագածոտնի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Միաժամանակ Բյուրականի սովխոզում աշխատած ժամանակահատվածն ընդհանուր աշխատանքային ստաժում չհաշվառելու վերաբերյալ տեղեկացվում է, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու» կանոնների 2-րդ կետի համաձայն` աշխատանքային ստաժում հաշվարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ըստ Հ. Թորոսյանի 05.07.1980թ. լրացված աշխատանքային գրքույկի գրառումների` նա 25.07.1979թ. թիվ 82 հրամանով որպես բանվորուհի ընդունվել է աշխատանքի Բյուրականի սովխոզում, սակայն աշխատանքից ազատման հրամանը առկա չէ:

Աշխատաքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով, որի հիմա վրա Աշտարակի տարածքային բաժինը 27.11.2017թ. հարցում է կատարել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, որտեղից 05.12.2017թ. ստացված պատասխանի համաձայն` Աշտարակի շրջանի Բյուրականի սովխոզի անձնակազմի վերաբերյալ փաստաթղթերը արխիվ չեն հանձնվել, որի պատճառով հնարավոր չէ Հ. Թորոսյանի 1979թ. աշխատանքային ստաժի վեաբերյալ տեղեկություն տրամադրել: Ելնելով նշվածից` Հ Թորոսյանի 1979թ. աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառելու իրավական հիմքեր չկան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, փաստաթղթերը արխիվ չհանձնելու պատճառով Հ. Թորոսյանը բախվել է աշխատանքային ստաժը ճիշտ չհաշվարկելու խնդրին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս