ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԱՆԱԿՆԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական վերջին իրողությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, ըստ Ձեզ ` ի՞նչն էր պատճառը, որ մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց` պայքարելու Ս. Սարգսյանի պաշտոնավարման եւ ընդհանրապես` իշխանության դեմ:
-Ես բազմիցս ասել եմ, որ մեր երկրին պակասում է քաղաքակրթությունը: Երբ ժողովուրդը կքաղաքակրթվի եւ կզգա, որ ինքն է այս իշխանության տերը, ապա իշխանությունը ժողովրդի հետ հաշվի կնստի: Եվ երբ տեղի ունեցավ, կարելի է ասել` հեղափոխությունը, ես ինքս ակտիվ մասնակցել եմ: Ես ամեն օր եղել եմ հրապարակում, ճանապարհները մենք փակել ենք: Եվ ես ասել եմ` այո, ես ժողովրդի հետ եմ: Գիտեք, որ ընտրակաշառքի, պետական լծակների օգտագործմամբ,ՀՀԿ-ն ձայներ հավաքեց ընտրություններին: ՀՀԿ-ն եկավ իշխանության այդ ռեսուրսների շնորհիվ, ուժի շնորհիվ, մարդկանց ահաբեկելու շնորհիվ եւ ընտրակաշառք տալու շնորհիվ:
-Հիմա Ձեր գործունեությունը շարունակելու եք միայն գործարա՞ր դաշտում:
-Ես քաղաքականության մեջ եմ, երբեք ինձ չեմ պատկերացնում քաղաքականությունից դուրս: Ցանկացած իշխանություն, որը կվարի այնպիսի քաղաքականություն, որը կվնասի մեր ժողովրդին, ես կխոսեմ: Իսկ այն քաղաքական ուժը, որը ժողովրդավար ճանապարհով է եկել եւ անում է այն, ինչ հարկավոր է ժողովրդին, բնական է` ես իմ ուժերով կաջակցեմ այդ իշխանությանը:
-Հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում Դուք դարձյալ որպես պատգամավոր առաջադրվեք:
-Իհարկե: Ես միշտ էլ ընտրություններին մասնակցել եմ՝ անկախ այն բանից, թե Հանրապետականը որքանով է խանգարել իմ ընտրություններին: Եթե հիշում եք` 2007 թ. ինձ նույնիսկ չգրանցեցին որպես թեկնածու: Ես միշտ մասնակցել եմ եւ այսօր էլ կմասնակցեմ: Թող ժողովուրդը որոշի:
-Կարծիք կար, որ Դուք նեղացած եք ՀՀԿ-ից: Հիմա կա՞ այդ նեղացվածությունը:
-Իհարկե, կա: Հո չե՞նք կարող մոռանալ այդ ամեն ինչը, որ մեր նկատմամբ կատարել են: Այդ ամեն ինչը կա, թե ինչպես մեր նկատմամբ ապօրինի գործողություններ են կատարել: Եվ երբ գա ժամանակը, որ տեսնեմ` իրական կարող է գնալ քննություն, իրական մարդիկ պատրաստ են լսելու մեր խնդիրները, անպայման կբարձրաձայնեմ: Հասարակությունը պետք է իմանա` ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե օրենք են խախտել, իհարկե, պետք է պատասխան տան:
-Իսկ ՀՀԿ-ն ինչպիսի՞ ընդդիմություն կլինի, ըստ Ձեզ:
-Իրենք կարող են լինել շատ լավ ընդդիմություն, որովհետեւ նախկինում ինչ ձեւով որ թալանել են, այդ թալանի բոլոր ձեւերն ու եղանակները գիտեն: Մի բան էլ ասեմ. Փաշինյանը շատ խելոք որոշում կայացրեց, որ Վալերի Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետ: Օսիպյանը 2008-ի մարտի 1-ին եղել է համակարգում, եղել է ժողովրդի մեջ: Իրենից լավ որեւէ մեկը չգիտի` քանի զենք է եղել, ովքեր են օրենքը խախտել: Հիմա, դառնալով ոստիկանապետ, ինքը պետք է օգնի քննչական մարմիններին բացահայտել, քանի որ ինքն ականատես է եղել:
– ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է, թե Էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մեղավորները Ձեր, այսպես ասած` մարդիկ են:
-Դե, ինքը մեկ ասում է` ՀՀԿ-ական է, մեկ` ՀՀԿ-ական չէ: Ինքն արդեն իր խելքը գցել է, որովհետեւ ինքը, իր հարազատներն ամբողջ կյանքում շատ սխալ են ապրել: Եվ հարյուրավոր, հազարավոր էջմիածնեցիներ այսօր պատրաստ են դիմելու օրենքին, որ օրենքի առաջ նրանք պատասխան տան: Այդ դանակահարությունը, որ տեղի էր ունեցել, բնական է` ես ընդհանրապես դրա հետ կապ չունեմ: Ես կարող եմ ասել, որ Էջմիածնում 100-ավոր այդպիսի դանակներ են պահվում, որպեսզի իրենց իրավունքները ոտնահարած մարդկանց հարցերը լուծեն: Իրենք խախտել են մարդկանց իրավունքները, թալանել են քաղաքի բյուջեն, ամբողջը հարմարեցրել են իրենց, այդ ամենը կա: Փոխաբերական իմաստով եմ ասում` 1000-ավոր այդպիսի «դանակներ» սպասում են, որ Սերժ Սարգսյանը ձեռքը քաշի եւ չհովանավորի, որովհետեւ նախկինում այդպես է եղել, եւ իրենք պատասխան կտան օրենքի առաջ: Բայց շատ լավ կլինի` մարդիկ դիմեն իրավապահներին:
-Մանվել Գրիգորյանն ինչո՞ւ հենց Ձեզ մեղադրեց:
-Մի օր առաջ Ս. Սարգսյանը հրաժարական տվեց ու ինչպես ՀՀ մյուս քաղաքներում, Էջմիածնում նույնպես նշում էին այդ հաղթանակը: Եվ ես ոչ թե հիմա, այլ 10 տարուց ավելի պայքարել եմ Մանվելի կլանի եւ իր որդու տնտեսական քաղաքականության դեմ: Այդ ամենն ինքը տեսնելով եւ զգալով, որ եթե նախկինում հովանավորներ է ունեցել, եւ ես պայքարել եմ, ուրեմն հիմա ավելի մեծ ջանքերով կպայքարեմ, եւ նա կտապալվի: Ա՛յ հենց դրա համար էլ ինքը փորձել է ինչ-որ ձեւով քննության ընթացքը շեղել` առանց հասկանալու, որ այդ հրապարակում տեսախցիկները դրված են, եւ մարդիկ կան, որոնք իրականությունը ժամերի ընթացքում բացահայտել են: Իրենց ժողովուրդը պետք է դուրս շպրտի: Իրենք թիմով են մտել ԱԺ, թիմով էլ պետք է հեռանան, ներողություն խնդրեն ժողովրդից, որ այդպես են վարվել: Երեւի ժողովուրդը կների, չգիտեմ:

 

 

 

ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՐԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

Շարժման ընթացքում տնտեսական դաշտում հնարավոր կորուստների, ինչպես նաեւ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության առջեւ առկա մարտահրավերների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, վերջին մոտ 1 ամսվա համաժողովրդական շարժումն արդյոք ազդեցություն ունեցե՞լ է տնտեսության վրա:
-Կարճաժամկետ հատվածում էական փոփոխություն չի նկատվել տնտեսության մեջ, սակայն հեղափոխության փաստն արդեն զգալի մեծացրել է ապագայի նկատմամբ վստահությունը, որը, համոզված եմ` կբերի դրական փոփոխություններ: Իհարկե, շարժման որոշ օրերի պասիվություն է նկատվել, ինչն ավելի շատ պայմանավորված է եղել որոշակի անորոշությամբ, սակայն էական կորուստներ տնտեսությունը չի ունեցել:
-Դուք նշել էիք, որ մայիսի 1-ից հետո յուրաքանչյուր օրվա տնտեսական կորուստների համար պատասխանատվությունը կրելու է Հանրապետական կուսակցությունը:
-Մինչեւ այդ բազմիցս լսում էինք ՀՀԿ պաշտոնյաների կողմից, որ առկա վիճակում ունենում ենք կորուստներ, որը, իբր թե, շարժման պատճառով է: Սակայն մայիսի 1-ի քվեարկությամբ հենց իրենք ստեղծեցին որոշակի անկայունություն: Այնուհանդերձ, այդ ամենն արդեն անցյալում է, եւ շատ արագ ՀՀԿ-ն նույնպես իր որոշմամբ ընդունեց համաժողովրդական շարժման հաղթանակը:
-Ի՞նչ ժառանգություն է ստանում Ն. Փաշինյանի կառավարությունը նախորդից:
-Առկա են բազմաթիվ խնդիրներ` սկսած տնտեսության մեջ օրինականության հաստատումից մինչեւ սոցիալական տարրական խնդիրների լուծում: Տարիների կուտակված խնդիրները բավական շատ են, որոնք էլ նաեւ հիմք հանդիսացան համաժողովրդական շարժման հաղթանակի համար:
-Իսկ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ` տնտեսությունը բարելավելու, ներդրումներ ներգրավելու համար:
-Սպասել, որ մեկ օրում բոլոր խնդիրները լուծվելու են, խաբեություն է պարզապես: Ամենակարեւորն այն է, որ առաջնահերթ ձեւավորվի վստահության մթնոլորտ, որը հետագայում կվերածվի ինչպես ներդրումների, այնպես էլ` տնտեսության որակական փոփոխության:
-Իսկ մենաշնորհի վերացումը որքանո՞վ է այս պահին հնարավոր:
-Մենաշնորհների համար կան ինչպես իրավական, այնպես էլ արհեստական խոչընդոտներ: Վերջինիս համար բավարար է քաղաքական կամքը, որն առաջին իսկ ժամերից արձանագրվեց վարչապետի կողմից: Իսկ տնտեսության ամբողջական ապամենաշնորհացումը ժամանակ է պահանջում, քանի որ ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է բերել նոր խնդիրների, հետեւաբար` միայն հստակ ուսումնասիրությունից հետո կարելի է անցնել գործողությունների:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԵՏ ԳԱ
Չի բացառվում, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը կրկին վերադառնա իր հին պաշտոնին` դառնալով ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար: Ի վերջո, Սաֆարյանը համարվում է եզակի պրոֆեսիոնալ կադրերից մեկը, ում «ձեռքի տակով» են անցել նորանկախ Հայաստանի վերջին 20 տարիների պետական բյուջեները: Սակայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարությունը ձեւավորելիս Սաֆարյանին աշխատանքից ազատեց: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` կտեսնենք արդյոք ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնում, Պ. Սաֆարյանը դժվարացավ պատասխանել` նշելով. «Այս ընթացքում նման քննարկում տեղի չի ունեցել»:

 

 

ՓԱԽԱԾ ԷԻՆ
Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ական նախկին ղեկավարները որոշել են չմասնակցել եւ անձամբ «չփոխանցել» իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչներին: Օրեր առաջ նորանշանակ նախարարին ներկայացնելու ժամանակ ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ երեկ էլ այդ միջոցառումներից բացակայում էին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, չնայած այն փաստին, որ վերջինիս գործընկերները ձեռնունայն չեն մնացել: Ուշագրավ է, որ Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, ով արդեն Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն է, ներկա է եղել Էրիկ Գրիգորյանին ներկայացնելու արարողությանը:

 

 

ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ
Մինչ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը խառնաշփոթ է հիշեցնում, տարբեր մանր ու միջին պաշտոնյաներ ժուլիկությունների են դիմում: Մեկը` իր, մյուսը` ընտանիքի, երրորդը` ընկերների ապագան է ապահովում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ լրատվության վարչության պետ, համատեղությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը խորհրդարանում աշխատանքի է տեղավորել իր եղբորը` Հայկ Բաբայանին: Վերջինս աշխատանքի է անցել ԱԺ իրավաբանական վարչությունում: Մեզ հետ զրույցում Բաբայանը չհերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, թե իր եղբայրը վերջերս է անցել աշխատանքի, ընդամենը մի քանի ամիս առաջ:

 

 

ԷԼԻ ԵՐՇԻԿԻ ԲԻԶՆԵՍ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այս օրերին ճամպրուկային տրամդրությամբ է: ՍԱՊԾ աշխատակիցների պատմելով՝ բացի անտրամադիր լինելուց՝ նա վերջին օրերին աշխատանքից հաճախակի բացակայում է: Հիշեցնենք` Ի. Կարապետյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամն է: Ենթադրվում է՝ ՍԱՊԾ պետն այլեւս տեղ չի զբաղեցնի նոր կառավարությունում, հատկապես ՎՊ վերջին բացահայտումներից հետո, երբ Կարապետյանի ղեկավարած կառույցում աղաղակող չարաշահումներ էին հայտնաբերվել:




Լրահոս