ՆՈՒՐԲ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵԶՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոր, ընդ որում, վտանգավոր ավանդույթ է ձեւավորվում, երբ ժողովրդավարությունը սպառնում է վերածվել անարխիայի: Մարդիկ այս օրերին փորձում են իրենց խնդիրների լուծմանը հասնել փողոցներ փակելու, այդպես երթեւեկությունը կաթվածահար անելու միջոցով: ՀՀ քաղաքացիներն այսօր բողոքի ակցիաներին կիրառում են նույն այն մեթոդները, ինչ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործածում էր ՀՀԿ-ի դեմ ու հասավ հաղթանակի:
Բայց եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժման դեպքում պայքարի նման միջոցը միանգամայն բնական էր, քանի որ օրակարգում կարեւորագույն քաղաքական պահանջ էր դրված՝ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ արտահերթ ընտրությունների անցկացում, բացի այդ, սա իսկապես համազգային պահանջ էր, ապա հիմա նման մեթոդ կիրառել իրեն թույլ է տալիս ցանկացած մեկը: Սա, համաձայնեք, մեղմ ասած, «սիրուն չի»:
Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց, երբ վերջապես զգացել են փոփոխությունների շունչը, կարող են ցանկացած հարցի վերաբերյալ ազատ անհամաձայնություն հայտնել, առանց վախենալու հետապնդումներից, բռնությունների ենթարկվելուց: Բայց մյուս կողմից այս ամենը կարող է հանգեցնել ամբոխավարության, երբ արդեն փորձում են անգամ վարչապետ Փաշինյանին իրենց որոշումները թելադրել, ստիպել, որ իրենց ուզածով շարժվի: Իսկապես, ժողովրդավարության եւ ամբոխավարության, ազատության եւ ամենաթողության սահմանագիծը շատ նուրբ է, եւ գործող իշխանությունը պետք է հետեւի, որ վտանգավոր գիծը չանցնենք, այլապես նոր կառավարությունը կարող է դառնալ իր իսկ գործածած մեթոդների զոհը, մանավանդ, երբ իշխանական լծակները պահպանող ՀՀԿ-ն փորձում է ամեն քայլափոխի աննկատ քայլերով անհարմար դրության մեջ դնել նորանշանակ վարչապետին ու նրա կառավարությանը` նաեւ վարկաբեկելով ժամանակին նրանց գործածած մեթոդները:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարծիք է հայտնել, թե համաժողովրդական շարժման հաղթանակից հետո իրավիճակ է փոխվել նաեւ դատական համակարգում: «Դատավորների մեջ տեսնում եմ ոգեւորվածություն, որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որեւէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որեւէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ նախկինում չկար այդ ոգեւորությունը, Վարդազարյանն ասել է. «Այն իրականությունը, որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգեւորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել»: Նա միաժամանակ բացառել է, որ նոր իշխանությունները փորձեն դատական համակարգի վրա ճնշումներ գործադրել: «Ես բացառում եմ դա, գոհունակությամբ եմ բացառում, որ հնարավոր չէ, իրադրության փոփոխությունը բերեց նրան, որ որեւէ զանգ չի ընդունվի, որեւէ ճնշում չի լինի, ե՛ւ քաղաքական իշխանությունը, ե՛ւ հասարակական կարծիքն է այդպիսին, որ դատարանին պետք է թողնել՝ կատարելու իր հիմնական գործառույթները»:

 

 

 

Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, եւ հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի աշխատանքները: Ինչպես հայտնի է, կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը, եւ ենթադրվում է՝ կառույցի գործունեության դադարեցումը պայմանավորված է քաղաքական վերջին փոփոխություններով: «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի»: Ըստ նրա, սա պետության մեջ աշխատող հիմնադրամ է: «Ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում»:

 

 

 

Համաժողովրդական շարժման հաղթանակից եւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո շատերը սպասում են արդեն քսան տարի քաղաքական դրդապատճառներով վտարանդիության մեջ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: ԱԺ-ում Փաշինյանի ընտրության ժամանակ այս հարցը բարձրացրեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սիրադեղյանի քրոջ դուստրը՝ երգչուհի Գաբի Գալոյանը, Սիրադեղյանի վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ ասել է. «Ես վախենում եմ այդ մասին մտածել: Իմ ընտանիքի համար դա շատ ցավոտ թեմա է: Որ ճիշտն ասեմ, շարժման առաջին օրվանից էլ չենք մտածել այդ մասին: Հիմա մեզ համար կարեւորը ժողովրդի վիճակն է: Թող ժողովուրդը ոտքի կանգնի, դրանից հետո արդեն որը բարին է, այն էլ կլինի: Դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ես լսում եմ կողքից: Նույնիսկ մեր ընտանիքում այդ թեման այս պահին չի քննարկվում»:

 

 

 

ՄԻԱՅՆԱԿ, ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացավ միայնակ: ՀՀԿ-ականները չհետեւեցին իրենց առաջնորդի քայլին, եւ Սարգսյանի հրաժարականից հետո այդպես էլ որեւէ բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյա չշտապեց հրաժարական ներկայացնել: Բացառություն էին միայն առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն ու մի քանի նախարար: Բայց նրանք էլ այդ քայլին գնացին միանգամայն այլ պատճառով. միեւնույն է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նրանց չէին ընդգրկելու, ուստի իրենք գերադասեցին առաջին քայլն անել: Իսկ ահա Սերժ Սարգսյանի թիմի մյուս մասը շարունակում է պահպանել պաշտոնները: Պատահական չէ, որ այդպես էլ հրաժարական չի ներկայացրել օրենսդիր մարմնի ՀՀԿ-ական ղեկավար կազմը. ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, ո՛չ էլ խորհրդարանում մշտական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահները մտադիր չեն թողնել իրենց աթոռները: Այնինչ տրամաբանական էր, որ երկրի ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո պետք է իշխանությունից հեռանար նաեւ նրա թիմը, ընդ որում` առաջին հերթին հենց քաղաքական պաշտոն զբաղեցնողները:
Միաժամանակ շարունակում է պաշտոնավարել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը, հիշեցնենք, ՀՀԿ ԳՄ անդամ է: Ընդ որում՝ նա ոչ միայն չի շտապում հրաժարականի դիմում ներկայացնել, այլեւ, ի պատասխան իր պաշտոնանկությունը պահանջողների, ի պաշտպանություն իրեն, հավաքներ է կազմակերպում: Էլ չենք խոսում ՀՀԿ-ական մյուս խոշոր համայնքապետերի մասին, որոնք եւս պահպանում են իրենց իշխանությունը, ըստ այդմ՝ նաեւ լծակները:
Քաղաքական առումով այս իրավիճակը, մեղմ ասած, աննորմալ է: Բայց տեղի ունեցող գործընթացների բովանդակությունը միանգամայն պարզ է. իշխանությունից հեռացել է ՀՀԿ-ի գործադիր թեւը, որին, այսպես, թե այնպես, նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացնելու էր: Իսկ մյուս պաշտոնյաները, որոնց վրա վարչապետն ուղղակի լծակներ չունի, ոչ միայն չեն շտապում հանձնել իշխանությունը, այլեւ ընդհակառակը: ՀՀԿ-ն ամեն րոպե սպասում է հարմար պահի հակահեղափոխություն իրականացնելու եւ կրկին իշխանությունը մոնոպոլիզացնելու համար: Ասել է, թե Հայաստանում իշխանափոխությունը դեռ տրամաբանական ավարտին չի հասել: Իսկ քանի դեռ Հայաստանում ամբողջական իշխանափոխություն չի իրականացվել, ամեն րոպե կախված է պարտված թիմի ռեվանշի վտանգը` ընդ որում՝ ռեվանշից հետո շատ ավելի մռայլ ապագայի հեռանկարով:
Այս ամենը քաջ գիտակցելով` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է առավելագույնս զգոն լինեն, միաժամանակ օր առաջ ձեռնամուխ լինեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, այլապես հետո արդեն ուշ կլինի:




Լրահոս