ՀԱՐՑ. Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 18.560 դրամ, սակայն իմ հաշվարկով պետք է ստանամ 21.120 դրամ: Ունեմ 8 տարվա աշխատանքային ստաժ: Խնդրում եմ` ասեք, ինչպե՞ս է հաշվարկվել իմ թոշակի չափը: Եթե հնարավոր է, ներկայացրեք սխեմայով:
Վահե Եղոյան (Գեղարքունիքի մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը այստեղ) Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչեւ 10 տարվա ստաժի առկայության դեպքում ` Գ=0,1x Ս բանաձեւով
բ) 11-ից մինչեւ 40 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01x (Ս-10) բանաձեւով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02x (Ս-40) բանաձեւով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը: 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ օրենսդրությամբ չարգելված աշխատանքային եւ այլ գործունեության` մինչեւ 2014թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները` բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:
Ըստ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի` Վ. Եղոյանի ընդհանուր աշխատանքային ստաժը 01.01.2014թ. կազմել է 4 տարի 4 օր, որից 1տարի 3 ամիս 17 օրը` 14.09.2012թ. 01.01.2014թ., աշխատած ժամանակահատվածն է, իսկ 2 տարի 8 ամիս 17 օրը ուսման ժամանակահատվածն է:
Հաշվի առնելով, որ Վ. Եղոյանը ծնվել է 23.10.1988թ.` նրա կենսաթոշակը հաշվարկվել է նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի` 01.01.2018թ. դրությամբ նրա ունեցած ընդհանուր աշխատանքային ստաժը` 8 տարին, բազմապատկվել է ստաժի 1 տարվա համար սահմանված արժեքով` 800 դրամով` կազմելով 6400 դրամ, որը հաշվարկվել է 4 տարվա աշխատանքային ստաժի համար սահմանված գործակցով` 0.4-ով եւ ստացված գումարին` 2560 դրամին, ավելացվել է հիմնական կենսաթոշակի չափը` 16.000 դրամը, որի արդյունքում կենսաթոշակի չափը կազմել է 18.560 դրամ: Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց հետո աշխատած լինելու մասին տեղեկանք դիմումը եւ անհրաժեշտ փաստաղթղերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, որի հիմա վրա Վ. Եղոյանի կենսաթոշակը օրենսդրությամբ սահմանված կարգով վերահաշվարկվել է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից` 01.02.2018թ.:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հնարավորինս մանրամասն ներկայացված է: Մնում է` քաղաքացին ծանոթանա աշխատանքային ստաժի հաշվարկման կարգին եւ հարցերի դեպքում դիմի սոցիալական ապահովության տարածքային բաժին:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: