Նոյեմբերյանի բնակիչները դեռ մտավախություն ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի բնակիչները, տարածաշրջանի սարերից նայելով դեպի Լոռի, տեսնում են Թեղուտի ավերված անտառները եւ սարերը, բացված հանքերը, ուր այժմ աշխատանքները դադարեցված են: Դա հանքարդյունաբերության հանդեպ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել: 2018թ. մարտին «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում էր 2018-2021թթ. իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության բողոքի արդյունքում ընկերությունը հրաժարվեց Նոյեմբերյան եւ Կողբ համայնքներում նախատեսված այդ աշխատանքներից:

Մայիսի 30-ին կայացած խոշորացված Նոյեմբերյանի համայնքի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու եւ մետաղական հանքեր շահագործելու արգելքին: Համայնքի երիտասարդները նախաձեռնել էին այդ աշխատանքների դեմ ստորագրահավաք, հանրագրի տակ ստորագրել էր համայնքի 3074 չափահաս քաղաքացի: Ավագանու անդամները հայտարարեցին` համայնքի բնակիչները համոզված են, որ Նոյեմբերյանի տարածքում հարկ է զարգացնել էկոտուրիզմ, հողագործություն, անասնապահություն, որոնք անհամատեղելի են մետաղական հանքերի շահագործման հետ: Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 184 հոդվածի 3-րդ մասը, ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշեց արգելել Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ: Որոշումն ընդունվեց 10 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Նիստում ավագանու անդամներից ոմանք հարցրին, թե ընդունվելիք որոշումն իրավաբանորեն անխոցելի՞ է, այն հետո կառավարության կողմից կարո՞ղ է անվավեր համարվել:

Ֆեյսբուքում ավելի քան 11 հազար անդամ ունեցող «Ոչ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» խմբի ադմինիստրատոր Սուրեն Անանյանը եւս մտահոգված է. «ՀՀ Սահմանադրության 183 հոդվածն ամրագրում է. «Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»։ Այսինքն՝ այս տարբերակն ավելի ամուր իրավական հիմքեր կարող է ստեղծել՝ որպես ուղիղ ժողովրդավարության դրսեւորում, քան ստորագրահավաքի արդյունքում կայացված որոշումը: Հետեւապես, հավանական իրավական բարդություններից խուսափելու համար լավ կլինի խորհրդակցել իրավաբանների հետ»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս