Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն ասաց, որ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, 2016-ին զինված խմբավորման գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար միջնորդություն պատրաստ է ուղարկելու:
-Պարո՛ն Սարգսյան, երեկ հայտարարել էիք, որ պատրաստվում եք միջնորդություն ներկայացնել «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, 2016-ին զինված խմբավորման գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար, ովքե՞ր միացան Ձեր այս նախաձեռությանը:
-Հենց հիմա իջնում եմ ներքեւ ու զբաղվեմ այդ հարցով, դիմել եմ Ֆելիքս Ցոլակյանին:
-Ի՞նչ ասաց նա, կմիանա՞ Ձեր նախաձեռնությանը
-Նա էլ է համաձայն, քանի որ շատ լավ ճանաչում է Գառնիկ Մարգարյանին:
-Էլ ո՞ւմ եք պատրաստվում դիմել, որ միանա Ձեր նախաձեռնությանը:
-Երեւի ոչ մեկի էլ չդիմեմ, միայն այն փաստը, որ երկու գեներալ` մեկը ոստիկանությունից, մյուսը Ազգային անվտանգության ծառայությունից, միջորդում են մի մարդու համար, որ բազմամյա աշխատանքային փորձ ունի, գնդապետ է, ամեն ինչին մասնակցել է, ես չեմ հիշում մեկ դեպք, որ Գառնիկ Մարգարյանը չի մասնակցել պետականաշինությանը եւ այլն, եւ այլն, եւ անբասիր գործունեւթյուն է ծավալել: 75 տարեկան մարդ է, հիվանդ մարդ է, տարել նստացրել են:
-2015 թվականին են Գառնիկ Մարգարյանին հանցավոր խմբի գործով կալանավորել, ո՞ւր էիք այդ ժամանակ, ինչո՞ւ չէիք նախաձեռնում այն ժամանակ եւ հիմա նոր որոշեցիք:
-Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ:
-Առաջ ազա՞տ չէիք այդ նախաձեռնությունը կազմակերպելու համար:
-Չէ՛, այս փուլում եմ ես մտածել այդ մասին, որ այդ մարդուն օգնել է պետք, մինչ այդ քննություն էր գնում, ասում էի չխանգարեմ իմ պատգամավորական միջնորդությամբ:
–Բայց երեք տարի է` քննում են այդ գործը:
-Ես բոլորովին վերջերս ներկա գտնվեցի մի խոսակցության, չնայած միշտ հարցրել եմ նրա որպիսության մասին մտերիմներից, առանձնապես նրա հետ մտերմություն չեմ ունեցել, նա եղել է վերադաս, ես եղել եմ սովորական օպերլիազոր, իսկ ինքը` վարչության պետ :
-Ու՞մ հետ, ե՞րբ, ի՞նչ խոսակցություն եք ունեցել:
-Գառնիկ Մարգարյանի մտերիմներից, որը հարազատների հետ հանդիպել էր մեկ օր առաջ, խոսել էին նրա առողջականի մասին, որ ուշ-ուշ են քննում գործը, ակտիվ գործողություն չեն իրականացնում այն վայրում, որտեղ նա իր կալանքն է կրում, ի՞նչ տարբերություն` նա տանը լինի, ես վստահ եմ, որ նա բարեխղճորեն կգնա, քննությանը կմասնակցի, մարդկային առումով որեւէ սխալ բան չեմ անում:
Քնար Մանուկյան