Երեկ կրակոցների են հնչել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սեւանի նստավայրում: Կրակոցների պատճառը մեկ տարի առաջ սպանության վրեժխնդրությունն է, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում:
2017 թվականի հունվարի 7-ին սպանվել էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը: «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել: Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը, որին կալանավորելուց հետո ցանկացել էին սպանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Այսպիսով, մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության շուրջ կրքերը չեն հանդարտվում, ու մինչ դատարանը քննություն է իրականացնում, տուժող կողմի եւ մեղադրյալի հարազատներն են, միմյանց հետ վիճելով ու կրակելով, փորձում արդարադատություն իրականացնել:
Երեկ` մինչ դատական նիստի սկսելը, մեղադրյալ Մեխակ Հարությունյանի մտերիմներից Հայկասար Հակոբյանի եւ սպանված Հայկ Հակոբյանի հարազատների միջեւ սկսվել է վիճաբանությունը, որին հաջորդել են բռունցքները: Սպանված Հայկ Հակոբյանի հարազատները հարվածներ են հասցրել մեղադրյալի հարազատներից Հայկասար Հակոբյանին, որին ականատես է եղել նրա որդին ու չդիմանալով հոր նկատմամբ բռնությանը` որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում տուժել է Ռաֆիկ Հակոբյանը, որը սպանված Հայկ Հակոբյանի մտերիմներից է:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ որսորդական զենքը ներկայացվել է վարույթն իրականացմնող մարմնին, կատարվում է քննություն:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ նախկինում կատարված սպանությունների համար տուժողի հարազատները կամ մեղադրյալի մտերիմները վենդետա են իրականացնում: 2017 թվականին Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցները, որն ավարտվեց մահվան ելքով, ասվածի վառ ապացույցն է:
Դատելով իրավիճակից` կողմերը չեն սպասում արդարադատության որոշմանը եւ իրենց սեփական ձեռքերով են փորձում արդարադատություն հաստատել:
Ստեղծված իրավիճակը ահազանգ են այն բանին, որ իրավապահ համակարգը շատ անելիքներ ունի հնարավոր արյունահեղությունները կանխելու հարցում:
Եւ հետո մեկ բան էլ՝ նոր իշխանությունը պետք է լրջագույն ուշադրություն դարձնի ՀՀ որոշ քաղաքացիների մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման գործին. ի վերջո, բոլորը գիտեն, որ նույն քրեական կամ թաղային հեղինակությունների, քիչ, թե շատ հայտնի անձանց տանը հրազեն է պահվում:
Ք.Մանուկյան