ՀՀԿ-Ն ՈՐՈՇԵԼ Է ՊԱՏԺԵԼ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընտրական կոռուպցիայի մասին խոսակցությունները մշտապես եղել են եւ շարունակվում են մինչ օրս, սակայն կոռուպցիոն դրսեւորումներից բացառապես այս տարիների ընթացքում փաստարկված խոսվել են միայն ընտրակաշառքի դրսեւորման մասով: Սակայն նկատենք, որ ընտրական կոռուպցիան ավելի ընդգրկուն է:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ գրեթե չեն եղել ընտրություններ , որտեղ իշխանության կողմից չեն գործադրվել լծակներ ազդելու ընտրության արդյունքների վրա, եւ, մասնավորապես, տարիների ընթացքում Հայաստանում լայն տարածում գտավ ընտրակաշառք երեւույթը, որը Հայաստանի ընտրական համակարգը ամբողջությամբ խեղաթյուրեց: Վերջին, 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ասվածի վառ ապացույցն են, քանի որ առավել առարկայական դարձրեցին այդ խոսակցությունները. յուրաքանչյուր քաղաքացի տեսավ, լսեց եւ զգաց, թե ինչպես իշխանական Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից բաժանվեցին 10 հազարական դրամներ եւ ինչպես այդ 10 հազարական դրամները կանխորոշեցին ընտրությունների ելքը:
Այդ մասին անգամ խոսեցին, բարձրաձայնեցին միջազգային դիտորդները, եւ տարբեր միջազգային կազմակերպություներ անգամ հանդես եկան զեկույցներով:
Բայց նկատենք, որ ընտրակաշառքին զուգահեռ առավել կա մեկ այլ դժգույն երեւույթ, որը իշխանությունների ներկայացուցիչների կողմից գործադրվող ճնշումներն են դրամական տեսքով:
Իսկ ի՞նչ է դա ենթադրում:
Այսինքն` իշխող Հանրապետական կուսակցությունը իր սեւ բյուջեից ամեն ընտրության ժամանակ ընտրական գործընթացի կազմակերպիչներին փոխանցել է գումարներ, որոնք ծախսվել են ընտրական պրոցեսը վերահսկելի դարձնելու եւ ցանկալի արդյունք ունենալու համար: Նախորդ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես հայտնի է, ընտրական գործընթացը մարզերում փոխանցված էր մարզպետերին, որոնց պատասխանատվությանն էր թողնված ընտրությունների ելքը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանց փոխանցվել են գումարներ, կամ որոշ մարզպետներ իրենք իրենց գրպանից են ծախսել կուսակցության համար:
Ըստ օդում կախված լուրերի` 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություների ժամանակ Հանրապետական կուսակցությունը Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին է փոխանցել 200 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի նա կազմակերպի ընտրական գործընթացը: Ըստ օդում կախված լուրերի` Ֆելիքս Ցոլակյանը այդ կատաղի մրցակցության մեջ թեեւ բավականին ձայն է հավաքել, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ առատ ընտրակաշառքներ չի բաժանել եւ մեծապես գումարը ծախսել է ադմինիստրատիվ գործընթացների կազմակերպման վրա:
Սակայն երբ Սերժ Սարգսյանը թողեց ՀՀ նախագահի պաշտոնը եւ ապրիլի 17-ին ստացավ ԱԺ խորհրդարանի մեծամասնության ձայները եւ ընտրվեց ՀՀ վարչապետ, այստեղից ՀՀԿ-ի ներսում սկսվեցին խոսակցություններ:
Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելը հասարակության շրջանում մեծ բողոքի ալիք բարձրացրեց եւ վերջիններս «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դուրս եկան փողոց, եւ Հայաստանում իրականացվեց թավշյա Հեղափոխություն, եւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից:
Այս ամենից հետո` մայիսի 1-ին, Ազգային ժողովում , որպես վարչապետի թեկնածու պետք է ընտրվեր Նիկոլ Փաշինյանը, վերջինիս իշխող Հանրապետական կուսակցությունից միայն կողմ քվեարկեց ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
Արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձեռքերը ծալած չի նստել եւ չի ներել Ֆելիքս Ցոլակյանին, ուստի գործի է անցել եւ որոշել է նրան պատժել:
Այսպիսով, խորհրդարանում իշխող Հանրապետական կուսակցությունը պատժելու այլեւս որեւէ լծակ չունի, որպեսզի նրան ստիպի հրաժարվել պատգամավորական ՀՀԿ մանդատից, ըստ օդում կախված լուրերի` նրանք հանդիպել են Ֆելիքս Ցոլակյանին եւ պահանջել են իրենց կողմից վճարած 200 հազար դոլարը վերադարձնել` պատճառաբանելով, որ նա կուսակցության մեջ «կռիս» է եղել եւ դավաճանել է կուսակցությանը:
Դարձյալ օդում կախված լուրերի համաձայն` կուսակցության ներկայացուցիչների եւ Ֆելիքս Ցոլակյանի միջեւ խսակցությունը թեժ է եղել, սակայն ի վերջո խոսակցությունը ունեցել է հանգուցալուծում:
Ֆելիքս Ցոլակյանի որդին խոստացել է կուսակցությանը վերադարձնել 100 հազար ԱՄՆ դոլարը, իսկ մյուս 100 հազար դոլարի ճակատագիրը հաշվարկել են այնպես, որ այն ծախսվել է կուսակցությանը ձայներ բերելու համար, այլ ոչ անձամբ Ֆելիքս Ցոլակյանի:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ, ինչի ի պատասխան վերջինս ասաց. «Ի՞նչ եք խոսում, ինչի՞ մասին եք խոսում, դա սուտ խոսակցություն է»:
Այսինքն` Հանրապետական կուսակցությունը, իշխանական վերնախավը Ձեզանից գումար չի պահանջե՞լ. «Երբեւիցե նման խոսակցություն չի եղել, ինչի՞ մասին է խոսքը, աբսուրդ բաների մասին եք խոսում»:
Չնայած այս ամենին` լավ կլիներ ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը աջակցեր, որպեսզի Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բացահայտվեր ընտրական գործընթացի կոռուպցիոն մեխանիզմը, որը տարիներ շարունակեր ոչնչացրել է մեր երկրի ազատությունը, բռնացել է ընտրողների կամքի վրա: Առավել լավ կլիներ, որ Ֆելիքս Ցոլակյանը ոչ թե հերքեր, այլ մանրամասնորեն ցուցմունք տար, թե իրեն ով է տվե,լ ում միջոցով է գումարը փոխանցվել եւ ինչպես են կազմակերպվել ընտրությունները:
Այս քայլով կարծում ենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ավելի շատ կնպաստեր Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քան այն մեկ ձայնի քվեարկությամբ, որը նա տվեց Նիկոլ Փաշինյանին, որն, ըստ էության, որոշիչ չէր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում: Երկու երեխաների 24-ամյա մորը գտել էին սանհանգույցի առաստաղից կախված վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթին ողբերգական դեպքից առաջ կնոջ գործողությունների մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես, ըստ նախնական վարկածի` ինքնասպան եղած կինը 24-ամյա Մարիամ Կիրակոսյանն է:
Վերջինս Աջափնյակ վարչական շրջանում ապրում էր ամուսնու եւ երկու երեխաների հետ: Մարիամին ճանաչող անձինք, որոնց անունները հարգելի պատճառներով չեն հրապարակում, մեզ հետ զրույցում պատմեցին, որ վերջինս շատ համեստ եւ հանգիստ բնավորություն ուներ, երբեք չէին պատկերացնի, որ նա նման քայլ կարող էր անել:
Ինչեւէ վերջին անգամ Մարիամ Կիրակոսյանին ճանաչողները նրան տեսել էին մայիսի 16-ին վարչական շրջանում գտնվող խանութներից մեկից գնումներ կատարելիս: Ըստ տարածված լուրերի` այդ օրը Մարիամ Կիրակոսյանի ամուսինը 3000 դրամ գումար է թողել խանութներից մեկում եւ կնոջը ասել, որ գնա գնումներ կատարի, իսկ ինքը գնացել է գյուղ: Ըստ տարածված լուրերի` Մարիամ Կիրակոսյանը այդ օրը խանութից գնումներ է կատարել: Ինչեւէ, Մարիամի երեխաները` Սուսաննան եւ Դավիթը, դեպքի օրը եղել են մանկապարտեզում, սակայն երբ երեխաներին տուն տանելու ժամն է եկել, որեւէ մեկը ծնողներից չի գնացել երեխաների հետեւից: Արդյունքում մանկապարտեզի դաստիարակները զանգահարել են երեխաների հորը եւ հայտնել, որ մայրիկը չի եկել նրանց հետեւից եւ չի պատասխանում իրենց զանգերին:
Ըստ մեզ հասած լուրերի` Մարիամ Կիրակոսյանի մտերիմները, անհանգստանալով, որ նա չի պատասխանում հեռախոսազանգերին, շտապել են նրանց տուն, դռան մոտ լսել են բարձր երաժշտության ձայն: Որեւէ մեկը չի պատասխանել դռան թակոցներին ու զանգերին: Հարազատները ջարդել են տան դուռը եւ նրա մարմինը հայտնաբերել են տան սանհանգույցի առաստաղից կախված վիճակում: Վերջինիս մտերիմները նշում էին, որ նրանք այն աստիճան վատ վիճակում չէին ապրում, որ Մարիամը վատ ապրելակերպի պատճառով գնար այդ քայլին, իսկ ամուսինները համերաշխ ամուսիններ են եղել: Ինչ կպարզեն քննիչները` ցույց կտա տարվող քննությունը: Մեզ հայտնի է դարձել, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ
Երեկ ազատ է արձակվել երկու քաղբանտարկյալ: Խոսքը 2013թ. աշնանը «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով ձերբակալված Լիպարիտ Պետրոսյանի եւ Վարդան Վարդանյանի մասին է: Նշենք, որ այս գործով Շանթ Հարությունյանը դեռ անազատության մեջ է. նրան 2014թ. դատապարտել էին 6 տարվա ազատազրկման:

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ` ՍԱՀՄԱՆԻՆ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ այցելել է ՀՀ հարավ-արեւմտյան սահմանագիծ՝ նախիջեւանյան ուղղություն: Ըստ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները: Նախարար Դ. Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որեւէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Բացահայտվել է մայիսի 14-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի ճանապարհին կատարված 60-ամյա Գեւորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը: Նրա դին` նեխած եւ գլխի շրջանում ջնջխված վիճակում, հայտնաբերվել էր նույն օրը: Սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ 20-ամյա Անդրեյ Խալիլյանը, որը ժամկետային զինծառայող է եղել: Նա ծառայության է գտնվել Արցախի զորամասերից մեկում. սպանությունը կատարելու օրը օրինական կարճաժամկետ արձակուրդի է եղել ու սպանությունը կատարել է ապրիլ ամսին: Նա այդ օրը նաեւ նռնակ է նետել նույն հասցեի բնակչի վրա: Նա հայտնել է, որ սպանությունը կատարել է այդ օրը, երբ նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ եւ իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով: Կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել է:

 

 

«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ «Սասնա ծռեր»-ի անդամներ Արայիկ Խանդոյանի եւ Արմեն Բիլյանի համար «Շտապօգնության» ծառայություն է հրավիրվել դատարանի շենք: Շտապօգնության բժիշկը նրանց զննել է եւ տեղեկացրել, որ նրանց վիճակը կայուն է: Նշենք, որ Արայիկ Խանդոյանն ու Արմեն Բիլյանը հացադուլի մեջ են՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Արդեն 2-րդ օրն է՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են դատարանի մուտքերը, «Սասնա ծռեր»-ի 11 անդամներն էլ դատարանի շենքում են դեռ գտնվում:

 

 

ԳԱՅԼԵՐԸ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Նախօրեին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Չամռլու» կոչվող սարում գայլերը հոշոտել են ոչխարներին. հոշոտվել է 14, վնասել` 25 ոչխար: 31 ոչխար էլ կորել է: Դեպքի վայր է ժամանել Կարճաղբյուրի համայնքապետարանի հանձնաժողովը վնասի չափի ճշգրտում իրականացնելու համար:




Լրահոս