ՈՎ ՈՒԶՈՒՄ Է` ՆԵՐԿԱՅԱՑՆԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել խմբակցության գծից շեղված եւ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի եւ Շիրակ Թորոսյանի արարքների հետ: Պատահական չէ, որ նախօրեին ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ հենց այս պատգամավորների ապագան է օրակարգում եղել: Ինչպես հայտնի է, Շիրակ Թորոսյանի ճակատագրի մասով քննարկումներ կլինեն նաեւ մեկ շաբաթ անց, իսկ Ֆելիքս Ցոլակյանին զգուշացվել է. «Երկու անգամ էլ շեղվես գծից` կհեռացնենք խմբակցությունից»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ամենեւին չի զղջում իր քվեարկության համար, քանի որ այդպես վարվել է իր խղճից ելնելով: Ավելին` Ցոլակյանը հայտարարեց՝ հետագայում էլ է այդպես վարվելու՝ անկախ այն հանգամանքից, թե որ ուժը նախագիծ կներկայացնի:
-Պարո՛ն Ցոլակյան, նախօրեին հայտնի դարձավ, որ Հանրապետական խմբակցությունը նիստ է անցկացրել եւ Ձեզ նկատողություն անելու հարցը քննարկել։ Ի՞նչ է որոշվել։
-Ինձ մի բան ասացին, ես խոսել եմ երեկ այնտեղ։ Ես գնացել եմ, նիստին մասնակցել եմ։ Հայտնի քվեարկությունից հետո առաջին անգամ մասնակցեցի խմբակցության նիստի։ Մասնակցեցի, քանի որ ուղղվեց հարց ինձ, այսինքն՝ դիմեցին ինձ, ասացին՝ մասնակցեք նիստի, քանի որ այնտեղ կարգապահական հարց է լսվելու։ Ես գիտեի, որ իմ մասին է խոսքը, եւ գնացի։ Եվ այնտեղ ձայն տվեցին, որ ես ասեմ իմ կարծիքը։ Եվ ես ասացի իմ կարծիքը, որ ես նորից շարունակելու եմ քվեարկել իմ խղճին համապատասխան եւ չեմ շեղվելու իմ գծից, եւ այդպես է լինելու իմ հետագա վարքագիծը։ Դրանից հետո նրանք ասացին, որ երկու քվեարկությունը բավարար չէ, երեք քվեարկություն պետք է լինի, որ ինձ հեռացնեն։ Սպասենք երրորդին, ինչ ասեմ…
-Այսինքն` կրկին կլինե՞ն նախագծեր, որի ժամանակ Ձեր քվեարկությունը կտարբերվի խմբակցությունից։
-Տեսեք, նախագծեր կլինեն, որոնք թե՛ հանրապետականը, թե՛ կառավարությունը, ով ուզում է ներկայացնի, ինձ համար միեւնույն է։ Կարեւոր չէ ինձ համար, թե ով է ներկայացրել։ Կարեւորն այն է, որ եթե ես գտա տվյալ նախագծի մեջ մի բան, որը հակասում է իմ տրամաբանությանը, ես դրան դեմ եմ քվեարկելու։ Չասեք, թե մենակ հանրապետականի ներկայացրածին, ո՛չ, ես բոլոր բաների մասին եմ խոսում։
-Դուք նշեցիք, որ հայտնի քվեարկությունից հետո` նախօրեին, առաջին անգամ էիք մասնակցում ՀՀԿ խմբակցության նիստին։ Իսկ մինչ այդ խմբակցության անդամներից ինչպիսի՞ ազդակներ են եղել։
-Սովորական հարաբերություններ են, ոչ մի բան չկա, ի՞նչ է եղել որ։
-Ձեզ չեն փորձե՞լ ճնշել, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծախսած գումարն են ետ պահանջել։
-Բնականաբար, ո՛չ, օդից կախված տեղեկությունները թող օդից կախված էլ մնան, ինչո՞ւ եք գրում։ Ես չեմ հասկանում։ Եթե օդից կախված է, թող օդից կախված էլ մնա առայժմ։ Երբ իմանաք ինչ-որ բան, նոր եկեք, ասեք։
-Ձեզ չե՞ն փորձել ճնշել։
-Սուտ է, ո՛չ։ Դե իմ վրա ճնշում գործադրել մի քիչ դժվար է, ինչ ասեմ։
-Այժմ ՀՀԿ-ն որոշել է «պատժել» Ձեզ։ Ինչպե՞ս եք վերաբերվում։
-Կուսակցական տեսանկյունից եթե նայենք, նրանք ճիշտ են իրենց վարքագծով։ Ես դրանից էլ չեմ նեղվում, նորմալ եմ ընդունում, որովհետեւ կուսակցությունն ունի իր գիծը։ Ես կուսակցական չեմ, իմ իրավիճակն այլ է։ Ես խմբակցության անդամ եմ, բայց կուսակցության մեջ չեմ, չէ՛։
-Որոշել եք մնա՞լ անկախ պատգամավոր, մանդատը վայր չեք դնի՞։
-Չէ՛, մանդատը վայր դնելու որեւէ մտադրություն չունեմ։
-Բայց ընդունելի համարո՞ւմ եք, որ փորձում են պատժել Ձեզ եւ Շիրակ Թորոսյանին։
-Կուսակցությունն ունի իր աշխատաձեւը, աշխատաոճը, կանոնադրությունը։ Եվ այդ կարգով են երեւի առաջնորդվում։ Երեւի ես դա իրենց կողմից համարում եմ ճիշտ։ Իրենք իրենց կողմով են ճիշտ, ես էլ իմ կողմով եմ ճիշտ։
-Իսկ այս ընթացքում հանդիպե՞լ եք մյուս կողմին՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։
-Ո՛չ, որեւէ կապ չեմ ունեցել, որեւէ ակնկալիք իրենցից չեմ ունեցել եւ այսօր էլ չունեմ որեւէ ակնկալիք։
-Այսինքն` պաշտոն զբաղեցնելու որեւէ առաջարկ չի՞ եղել։
-Ասում եմ՝ ես ակնկալիք չեմ ունեցել, նախօրոք էլ հայտարարել եմ, որ ես չունեմ ակնկալիքներ։ Երեւի դա են հաշվի առել, որ փորձ էլ չեն արել։ Ժողովրդի թեկնածուն կարող էր այլ մարդ լինել, նրան էի քվեարկելու։ Անձն այստեղ կարեւոր չէ։
-Սակայն ՀՀԿ-ում պատրաստ էին ցանկացածին ընտրել, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանին։
-Ո՛չ, ես այդպես չեմ մտածում։ Նորից եմ կրկնում՝ այստեղ մարդու մասին չէ խոսքը, ժողովրդի թեկնածուի մասին է խոսքը։ Ժողովրդի թեկնածույին եմ ես ձայն տվել եւ ոչ թե թեկնածուին։ Գիտեք՝ իրավիճակն է եղել այդպիսին։ Ես երեւի մի քիչ ավելի շատ էի տեսնում, ավելի շատ էի զգում այն վտանգները, որոնք կային այդ օրերին։ Եվ այդ վտանգների դեմն առնելու, վտանգներից խուսափելու համար եմ ես դա արել։ Ես որ ասում եմ խաղաղություն, պատահական չէ այդ խոսքը։ Այո՛, խաղաղությունն եմ ես հաշվի առել, որովհետեւ կար նաեւ այլ վտանգ։
-Այդ վտանգներն այժմ չեզոքացվա՞ծ են։
-Այսօր այդքան չկան, արդեն խաղաղված մթնոլորտ է։ Այսօր վտանգները փոքր են։ Տեսնենք ՝ հետագայում ինչ կլինի, նոր վտանգներ կարող են լինել կամ չլինել։ Իսկ այն ժամանակ բռնություն եւ այլ վտանգներ կային։ Ես մի անգամ՝ մինչ ընտրությունը, հայտարարություն էի արել բռնությունը կանխելու համար, ես վախ ունեի, եւ հենց դա ինձ դրդեց այդպես վարվել։ Այդպիսի վտանգները տեսանելի էին ինձ համար, դրա համար էլ այդպես վարվեցի։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՄԱՂԹՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՐԿԻՐԸ ԲԱՐԳԱՎԱՃԻ

Հեղափոխության օրերին միջազգային հանրությունն, ընդհանուր առմամբ, դրական էր գնահատում մեր երկրում տեղի ունեցող գործընթացները, որոնք կրում էին խաղաղ բնույթ: Այդ շրջանում, ինչպես հայտնի է, միայն երկկողմ զսպվածության եւ երկխոսության կոչեր էին հնչում ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Եվրոպական երկրները նույնպես ողջունում էին բացառապես խաղաղ պայմաններում ընթացող ցույցերը: Հնչում էին նաեւ հստակ կոչեր:

Հիշեցնենք, մասնավորապես մայիսի 1-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Անդրեաս Պեշկեի` նախարարության անունից արված կոչը: Դրանում ասվում էր. «Գերմանիան հետեւում է Հայաստանում զարգացող իրադարձություններին մեծ ուշադրությամբ: Մենք կոչ ենք անում հանգստության, սահմանադրականության ու պատասխանատվության»: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ փորձել է պարզել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի տեսակետը:
-Պարո՛ն Քիսլեր, արդյոք Ձեզ համար ողջունելի՞ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, ով հեղափոխության արդյունքում դարձավ ՀՀ վարչապետ:
-Բարդ հարց է, բայց մենք մաղթում ենք վարչապետին, որպեսզի նա կարողանա այնպես անել, որպեսզի երկիրը բարգավաճի:
-Իսկ հեղափոխությունն անհրաժեշտությո՞ւն էր Հայաստանի համար:
-Դա չեմ կարող ասել: Հիմա վարչապետը դեռ պետք է կառավարության ծրագիր ներկայացնի, ինչը նույնպես շատ կարեւոր է:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Թավշյա հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել նաեւ ՀՀԿ խմբակցության վրա: Նախկինում ԱԺ նիստերում լուռումունջ նստած, ելույթներ չունեցող, այլ միայն ներկա ստացող ու կոճակ սեղմող ՀՀԿ-ական պատգամավորները վերջին շրջանում կարծես թե «ակտիվացել են». նրանք նոր կառավարությանը հարցեր են տալիս, ելույթներ ունենում: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ակտիվացել էր ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը: Նա ԶՈՒ մասին երկու հարց ուղղեց, որոնց պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այժմ գործուղման մեջ է: Ընդ որում` տիկին Բաղդասարյանը հայտարարեց, թե այդ խնդրով իրեն դիմել են բազմաթիվ քաղաքացիներ: Մի տեսակ անհավատալի է, որ Հայաստանում դեռ կան միամիտ մարդիկ, որոնք այս կամ այն հարցով դիմում են ՀՀԿ-ին. ի վերջո, այս կուսակցությունն իշխանավարման 20 տարիների ընթացքում ապացուցել է, որ ունակ չէ լուծելու մարդկանց խնդիրները: Նույնը նաեւ տիկին Բաղդասարյանը, որ ոչ վաղ անցյալում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն էր, եւ իր հերթին պատասխանատվություն է կրում այդ կառույցում իր պաշտոնավարման ընթացքում բացահայտված չարաշահումների համար:

 

 

ԲԱՑԱՌԵԼՈՎ
Մայիսի 22-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող շարքային Մարտին Խաչատրյանի դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահները բացառել են վարկածը, թե զինվորը մահացել է հակառակորդի կրակոցից, եւ այս պահին աշխատում են երկու վարկածի ուղղությամբ՝ զինվորին կա՛մ սպանել են, կա՛մ նա ինքնասպան է եղել: Թե ինչ կպարզեն իրավապահները, ցույց կտա ժամանակը:

 

 

ՉՂՋԻԿՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ
Արդեն մի քանի օր է՝ Վարդենիսի տարածքի մի խումբ բնակիչներ խոչընդոտում են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները: Նկատենք, որ բողոքող բնակիչները բոլորիս հայտնի «չղջիկներն» են, ովքեր տարիներ շարունակ հանքից տարբեր ճանապարհներով հանքանյութ են դուրս հանել: Նրանք պահանջում են, որպեսզի հանքավայրի տնօրենը հրաժարական տա, ապա` լուծվի իրենց աշխատատեղերով ապահովելու խնդիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բնակիչների բողոքի արդյունքում չի աշխատում նաեւ Արարատի կորզման ֆաբրիկան: Ի դեպ, տեղեկացնենք, որ «չղջիկները» ականջալուր չեն նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին` դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության:

 




Լրահոս