Ժողովուրդը, եթե նրանց ների, նույն հաջողությամբ թուրքին էլ կների. Հակոբ Հակոբյանը՝ Կարեն Գրիգորյանի կոչի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր ընդդիմախոսներին հրավիրեց այսօր 17:00-ին Էջմիածնի հրապարակ՝ հաշտության: Գրիգորյանն այդ անձանց թվում տվեց նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անունը: ArmLur.am-ը զրուցեց նրա հետ՝ հասկանալու համար, կգնա հաշտության, թե ոչ:

-Պարո՛ն Հակոբյան, Կարեն Գրիգորյանը Ձեզ հրավիրեց հաշտության: Կընդունե՞ք նրա հրավերը:

-Հաշտության պետք է գնամ ոչ թե ես, այլ էջմիածնեցին: Ես կոնկրետ մեկ անձ եմ, ես հաշտության չեմ կարող գնալ, որովհետեւ դրա պահանջը ժողովրդի կողմից է:

-Բայց նա հենց Ձեզ հրավիրեց հաշտության:

-Գիտեք ինչ՝ ես մեկ անձ եմ, բայց ես առաջնորդվում եմ մեր քաղաքի մեծամասնության կարծիքով: Քաղաքի մեծամասնությունը մերժում է նրան: Եթե դուք այստեղ լինեիք, կտեսնեիք, թե այքան տարիների ընթացքում որքան դիմում եմ ստացել նրանց կատարած անօրինականությունների վերաբերյալ՝ ահաբեկելու, թալանի, դուք կարող եք զարմանալ:

-Այսինքն, եթե էջմիածնեցին գնա հաշտության, դուք կդադարեցնե՞ք պայքարը:

-Ինչ պայմանով պետք է հաշտության գնա ժողովուրդը: Ժողովուրդը պե՞տք է մոռացության մատնի իր ոտնահարված իրավունքները, ծեծված մարդկանց մարմնից պետք է վերանա՞ն սպիները, ժողովուրդը պետք է մոռանա՞ Մանվելի հայհոյանքները: Որ մեկը մոռանան, այսօր հեղափոխությունից հետո մարդիկ հելել, ցանկանում են իրենց իրավունքները վերականգնել: Ես ոնց կարող եմ գնալ այդ մարդկանց ասել՝ Ձեր արժանապատվությունը դրեք մի կողմ, գնացեք հաշտվեք: Հանուն ինչի՞:

-Այսինքն, Ձեզ այսօր չենք տեսնի՞ հրապարակում:

-Դուք պետք է ժողովրդին տեսնեք: Ժողովուրդը պետք է նրանց ների կամ չների: Ամբողջ քաղաքի բնակիչների 90 տոկոսին ցավ են պատճառել: Ոնց կարելի է ներել նրանց, ժողովուրդը, եթե նրանց ների, նույն հաջողությամբ թուրքին էլ կների:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս